‘Աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ ԱԺ-ում’

818

Փետրվարի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ ղեկավար կազմի և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ Քննարկման հիմնական թեման 5-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի և նստաշրջանի անդրանիկ լիագումար նիստի  օրակարգերի ձևավորման հարցն էր։ Նշվեց, որ նոր նստաշրջանի օրակարգի մեջ ընդգրկման ենթակա են երկրի կենսագործունեության բնագավառներին ու ոլորտներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, ինչպես նաև ԱԺ կանոնակարգով նախատեսված տարբեր գերատեսչությունների տարեկան հաղորդումներ ու տեղեկատվական բնույթի այլ փաստաթղթեր։ Ընդ որում, ակնկալվում է, որ նստաշրջանի օրակարգը, ժամանակին համընթաց, համալրվելու է նոր օրինագծերով՝ պայմանավորված օրենսդրական դաշտի հետագա կատարելագործման անհրաժեշտությամբ։ Նշվեց նաև, որ հաստատման ենթակա մեծ օրակարգի մի շարք հարցեր, կախված դրանց պատրաստության աստիճանից, որպես օրակարգային բաղկացուցիչներ, կներկայացվեն նստաշրջանի առաջիկա լիագումար նիստի քննարկմանը։ Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որի արդյունքում ճշտվեց լիագումար նիստի հաստատմանը ենթակա օրակարգային հարցերի շրջանակը, նշվեցին առաջիկա անելիքները, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

Համաձայն գործող օրենսդրական նորմի՝ խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ ԱԺ լիագումար նիստը հրավիրվում է ս.թ. փետրվարի 26-ին, ժամը 11.00-ին, ԱԺ նիստերի դահլիճում։  

Խորհրդակցությանը քննարկվեցին նաև ներխորհրդարանական կյանքի այլ հարցեր։

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

 

Նախորդ հոդվածը‘ՄՄ երկրների հետ մաքսային հայտարարագրերը լրացվելու են հայերենով և ռուսերենով. ՊԵԿ նախագահի տեղակալ ‘
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. «Ռոսնեֆտ» ընկերությունը Հայաստանում կիրականացնի շուրջ 500 միլիոն դոլարի ներդրումներ ‘