‘ՄՄ երկրների հետ մաքսային հայտարարագրերը լրացվելու են հայերենով և ռուսերենով. ՊԵԿ նախագահի տեղակալ ‘

804

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո ՄՄ երկրների շրջանակում մաքսային հայտարարագրերը լրացվելու են հայերենով և ռուսերենով՝ միասին, մեկ տողում: Մյուս դեպքերում գործելու է հայերեն-անգլերեն տարբերակը: Այդ մասին փետրվարի 24-ին հրավիրած ասուլիսին նշել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, Մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների և մաքսային անցակետերին ներկայացված պահանջների ուսումնասիրության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Վախթանգ Միրումյանը: «Այն, ինչ-որ գրվելու է, գրվելու է հայերեն և ռուսերեն: Դրա դիմաց դուք ուղղակի թիվ եք լրացնում: Հիմա, ուզում եք կարդացեք հայերեն, ուզում եք կարդացեք ռուսերեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Միրումյանը՝ հավելելով, որ ներկայում հայտարարագրերը հայերեն-անգլերեն երկլեզու տարբերակով են լրացվում:

ՊԵԿ նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանի սահմանային անցակետերի վիճակը բավարար է Մաքսային միությանն անդամակցելու համար, և սահմանների արդիականացման ծրագրի իրականացումից հետո դրանց վիճակն ավելի կբարելավվի: Բացի այդ, Հայաստանը ապրանքների դասակարգման իննանիշ համակարգից պետք է անցում կատարի տասանիշի: «Մաքսային հայտարարագրման համակարգը, որը մենք այսօր ունենք, շարունակելու է գործել՝ կապված երրորդ երկրներից ապրանքների ներմուծումները ձևակերպելու հետ»,- ասել է Միրումյանը՝ հավելելով, որ ՊԵԿ-ն արդեն ավարտել է տասանիշ համակարգին անցնելու հետ կապված աշխատանքները:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը Քադաֆիի ու Յանուկովիչի արանքում ‘
Հաջորդ հոդվածը‘Աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ ԱԺ-ում’