‘Աշխարհի միլիարդատերերից 6-ը հայ են, բայց ոչ մեկը Հայաստանից չէ’

1555

Forbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց  2014 թ. ցանկը, որը ներառում է 1700 անուն: Ցանկը  76 մլրդ դոլարով գլխավորում է «Microsoft» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը:

Ցանկում ներառված են նաև 6 հայազգի գործարարներ: Նրանցից ամենահարուստը Քըրք Քըրքորյանն է, ով իր 4,5 մլրդ դոլարով զբաղեցնում է 328-րդ հորիզոնականը։ 345-րդը «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է՝ 4,3 մլրդ դոլարով։ «Ռոսգոսստրախի» համասեփականատեր Դանիել Խաչատուրովը  2,6 միլիարդով զբաղեցնում է 663-րդ տեղը։ Էդուարդո Էռնեկյանի կարողությունը Forbes-ը գնահատել է 1,9 մլրդ դոլար։ «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական խմբի սեփականատեր եղբայրներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները 1465-րդ հորիզոնականում են՝ յուրաքանչյուրը 1,1 մլրդ դոլար կարողությամբ։

6 հայազգի միլիարդատերերից չորսը ռուսաստանաբնակ են, մեկը  ԱՄՆ-ից է, մեկն էլ՝ Արգենտինայից։ Նշենք նաև, որ Հայաստանի քաղաքացիություն ունեցող և ոչ մեկը ցուցակում չի ընդգրկվել:

Մեր հարևան Վրաստանից Forbes-ի ցուցակի միակ ներկայացուցիչը երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանաշվիլին է, որի կարողությունը գնահատվել է 5,2 մլրդ դոլար:

Ադրբեջանը, Հայաստանի պես, ցուցակում ներկայացուցիչ չունի, իսկ, օրինակ՝ Թուրքիայում, ըստ Forbes-ի՝ բնակվում են միանգամից 24 միլիարդատերեր:

Մաքսային միության երկրներից Բելառուսը ցուցակում ներկայացուցիչ չունի, Ղազախստանում կա 5 միլիարդատեր, իսկ Ռուսաստանում` 112-ը:

Միլիարդատերերի քանակով առաջին տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ը, որտեղի քաղաքացիություն ունեն ցանկում ներառվածներից 543-ը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. «Չնչին` ինչպես Արարատին նետած քար»’
Հաջորդ հոդվածը‘ Միջազգային ճգնաժամային խումբը գրանցել է լարվածության աճ ղարաբաղյան հակամարտության գոտում’