‘Խմբագրական. «Չնչին` ինչպես Արարատին նետած քար»’

2525

Արդեն, կարծես, բավականաչափ գրվեց այն մասին, թե ինչպիսի «խանդավառություն» առաջացրեց Հայ ազգային կոնգրեսի մարտիմեկյան բազմահազարանոց հանրահավաքը` իրենց ընդդիմադիր հորջորջող որոշ խմբակների շրջանում: Հուսալ, որ այս մարդիկ իրոք կհիշեն, որ իրենք ընդդիմադիր ուժեր են` ըստ իրենց հայտարարությունների, ինչը նշանակում է` պետք է պայքարեն իշխանությունների դեմ, ոչ թե մեկ այլ ընդդիմադիր ուժի, այլեւս սին հույս է թվում` սրանից բխող բնական եւ տրամաբանական հետեւություններով: Այնպես որ, նրանք մեզ դեռ, ցավոք, շատ առիթներ կտան իրենց «մեծարանքի» խոսք հղելու:

Իսկ ի՞նչ էր կատարվում իշխանությունների կամակատար հեռուստաալիքներում: Այստեղ էլ թեւածում էր 2008-ի փետրվարյան օրերի «ոգին»: Դժվար թե Հայաստանի քաղաքացիներից որեւէ մեկը մոռացած լինի, թե ինչպես էին կեղծիքի ու խեղաթյուրումների վարպետ հեռուստալրագրողները մկրատում փետրվարյան օրերի իրական պատկերը եւ հանրահավաքների «սակավամարդությունը» վկայող կադրեր որսում, ինչպես էին գտնում մի անկյունում ծվարած հոգնած տատիկ-պապիկների` պայծառ ու կյանքով լի երիտասարդներից գող կատվի նման խուսանավելով: Ինչպես էին օրվա հռետորների ելույթներից պեղում ու գտնում իրենց տերերին «հարմար» հատվածներն ու ենթատեքստից անջատած` մատուցում հեռուստադիտողին: Եվ ինչպես էին փնտրում ու գտնում վաղուց այլեւս քաղաքական դիակ դարձած ինչ-որ մեկի, որ իր հերթական թույնի չափաբաժինն արտանետի ընդդեմ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի:

Ոչինչ չէր փոխվել. մարտիմեկյան հանրահավաքը նույնպես սակավամարդ էր` ըստ սերժիկսարգսյանական սազանդարների: Դե, էսպես էլի` մի քանի պարապ-սարապներ բանուգործ չունեն, գնացել էին հրապարակներում ժամանակ սպանելու, իսկ ելույթներից արված «ծաղկաքաղն» էլ` ինչպես էն գլխից հրահանգել են տերերը. որքան անհասկանալի եւ անորոշ, այնքան` խեղաթյուրողների կերը շատ: Վերջում էլ` իր հետեւից «հարյուրհազարներ» տանող «մեծն» Պարույր Հայրիկյանի գարշանք հարուցող «դատավճիռը»` մարտի մեկի կնքահայրը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Հիշեցնեմ, որ նույնիսկ օրվա հանցագործ իշխանություններն են խուսափում նման ստոր մեղք առնել իրենց ուսերին: Իսկ ահա` իր մի տասնյակ քաջարիներով «անանցանելի պատնեշները» հաղթահարած եւ անձնազոհաբար մինչեւ նախագահական նստավայր հասած Հայրիկյանը չի խուսափում, իսկ նրա կողքին կանգնածներն էլ չեն խորշում սեփական կենսագրությունն անգթորեն խեղկատակության վերածած այս պարոնից: Փաստորեն, այս «ընդդիմադիրներն» իրենց ծանր տեղը թեթեւացրել ու հասել էին Բաղրամյան 26, որ Կոնգրեսի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ պայքարեն: Ո՞ր պնակալեզ հեռուստաընկերությունը կխուսափեր այդպիսի «պարգեւը» հասարակությանը հասցնելու հաճույքից:

Եվ ինչո՞ւ են հեռուստաընկերություններն ու սրանց բացահայտված ու չբացահայտված «ընդդիմադիրները» 2008-ի էժանագին հնարքներին վերադարձել: Երեւի թե առանց ասելու էլ հասկանալի է` սարսափած են: Վեց տարի է անցել այդ օրերից, եւ հանկարծ` բոլոր հնարավոր ու անհնարին մեթոդներով Կոնգրեսին վարկաբեկել փորձելուց հետո, Ազատության հրապարակը կրկին լեփ-լեցուն են տեսնում այնպես` ինչպես 2008-ին էր: Եվ ստիպված են նաեւ սրտի խորին կսկիծով արձանագրել` մինչ օրս միայն Կոնգրեսն է կարողանում հասարակությանը ոտքի կանգնեցնել: Ուրեմն` կրկին պետք է լծվել ասպարեզում եղած միակ կարող ուժին հարվածներ հասցնելու «հայրենանվեր» գործին: Ինչն էլ անում են: Իշխանական պնակալեզներն ու բոցաշունչ «վճռականները»:

Ի դեպ, հայլուրականները նույնպես Կոնգրեսի անվան հապավումը ՀԱԿԿ են ներկայացնում` ՀԱԿ-ի փոխարեն: Ինչպես` վերոնշյալ բոցաշունչներն էին կատաղի ջանքերով շրջանառության մեջ դրել` լեզվաբանական իրենց կիսատ-պռատ գիտելիքները մեջտեղ հանելով:

Եվ այսպես. սերժիկսարգսյանական ավազակախումբը վարկաբեկում է Հայ ազգային կոնգրեսին ու նրա առաջնորդին, որովհետեւ վախենում է կորցնել զավթած իշխանությունը, որն իրեն հնարավորություն է տալիս անպատիժ թալանել ու սպանել: Իսկ ի՞նչ են վախենում կորցնել «ընդդիմադիր» կոչեցյալ խմբակները:

Հետեւությունները թողնենք ընթերցողներին:    

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանը հանդես է եկել Արցախի հարակից տարածքներն Ադրբեջանին հանձնելու օգտին’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի միլիարդատերերից 6-ը հայ են, բայց ոչ մեկը Հայաստանից չէ’