‘Աշոտյանի և Վարդանյանի տոմսերի գումարը յուրացնողը ձերբակալվել է. Սակայն հարցերը մնում են’

1051

Ինչպես արդեն հաղորդել էինք, Հայաստանի մարզական պատվիրակությունը պետք է մեկներ Բրազիլիա՝ մասնակցելու Դպրոցականների համաշխարհային օլիմպիական խաղերին: Կազմակերպիչներն են Արմեն Աշոտյանն ու Յուրի Վարդանյանը: Եւ պարզվել է, որ օդանավակայանում Հայաստանի մարզական պատվիրակությունը բախվել է դաժան իրականությանը. որ մարզիկները, մարզիչները, պատվիրակության ղեկավարները օդանավի տոմս չեն ունեցել: Եվ ահա այս կապակցությամբ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է.

«Նոյեմբերի 25-ին, ժամը 23.00-ին,  ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի ընկերության տնօրենից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի սկզբին Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն ուղևորվելու 18 տոմս ձեռք բերելու համար, Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 7 հասցեում ավիատոմսերի վաճառքով զբաղվող Վիկտորյա Մ.-ին փոխանցել է մոտ 12.000.000 դրամ, սակայն վերջինս տոմսեր վաճառող ընկերությանը վճարել է 3.200.000 դրամը, իսկ մնացած գումարը` յուրացրել:

Փաստի առթիվ  26.11.2013 թ. Կենտրոնականի քննչական բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Վիկտորյա Մ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն»:

Ինչպես միշտ, ոստիկանության հաղորդագրությունից ոչ մի բան պարզ չի դառնում: Մասնավորապես, ինչու է «մի ընկերության տնօրեն» գումար փոխանցում Վիկտորյա Մ.-ին, որը իր հերթին այդ գումարը պետք է փոխանցի «տոմսեր վաճառող ընկերությանը», որ նախարարները ուղևորվեն Բրազիլիա: 

Նախորդ հոդվածը‘Նոր ռեկորդ. Հայաստանը ՖԻՖԱ-ի դասակարգման մեջ 34-րդն է’
Հաջորդ հոդվածը‘Արգիշտի Կիվիրյան. Պետք է ոչ թե դնել Պուտինի, այլ հենց Սերժի հրաժարականի հարցը’