‘Աշոտ Մանուչարյան. Եթե մենք այսպես խոսենք Ռուսաստանի դեսպանի հետ, նա կիմանա՝ ինչից հետո ինչ խոսի’

1073

«Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանի համոզմամբ՝ Ռուսաստանի իշխանությունները, մեկը մյուսին փոխարինելով, անդադար Հայաստանում անցկացնում են մի գիծ. փողի մարդկանց վերցնում են, դարձնում իրենց գործընկեր, որպես կանոն՝ մաֆիոզների, հանցագործների, և նրանց կարգում Հայաստանի ղեկավար: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, նման տեսակետ Մանուչարյանը հայտնել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հայտարարությանը:

«Անվստահություն է հնչում Հայաստանի հասցեին. Փաստորեն՝ դուք չեք վստահում ձեր դրածոներին: Բարի եղեք ձեր բարեկամության հարցերը լուծեք դրանց հետ: Երբ մենք ապստամբում ենք ձեր դրածոների դեմ, դուք գնդակահարում եք մեզ ձեր դրածոների ձեռքերով: Իսկ հետո ասում եք՝ ձեր երկրի էսինչ կառավարիչը վաճառվեց էսինչ երկրին: Չվաճառվեց, դուք ի սկզբանե վաճառքի հանած ապրանք էիք վերցրել: Եթե մենք այսպես խոսենք Ռուսաստանի դեսպանի հետ, նա կիմանա՝ ինչից հետո ինչ խոսի: Մենք այսպես չենք խոսում նրա հետ, մենք նրան քծնում ենք», — ասաց Մանուչարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, պատասխանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի արտահայտած մտահոգությանը, որը վերաբերում էր ՌԴ կողմից Հայաստանում իրականացվող վերաբնակեցման «Համերկրացիներ» ծրագրի հետևանքով արձանագրված արտագաղթին, մասնավորապես ասել էր.

«Ոչ ոք բռնի ուժով Ռուսաստան չի տանում, երկրից մեկնելու խնդրի պատասխանը պետք է այլ տեղում փնտրել: Արդյո՞ք խնդիրը Միգրացիոն ծառայության ներկայացուցչության մեջ է: Արդյո՞ք ինչ-որ մեկը հային ստիպողաբար Հայաստանից Ռուսաստան է տանում: Եթե դուք փակեք ներկայացուցչությունը, կարծում եք՝ այդ մարդիկ չե՞ն մեկնի»:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի ԱԳՆ. Թուրքիայի գործողությունները վտանգել են ռուսաստանցիների կյանքը’
Հաջորդ հոդվածը‘«Էրեբունի–Երևան–2794» տոնակատարության օրը մայրաքաղաքում տրանսպորտային երթևեկությունը մասամբ կսահմանափակվի ‘