Աշոտ Սարգսյան. Անկախության օրվա ոչ թե ԱՌԹԻՎ, այլ ԱՌԻԹՈՎ — 3

1380

Մաս 1 Մաս 2

Հավելվածի տեսքով ուզում եմ մասնավոր անդրադառնալ բազմիցս հիշատակածս՝ կործանարար հայդատական/պահանջատիրական «գերհայրենասիրական» ՄԹՆՈԼՈՐՏ ստեղծող սուբյեկտներից մեկին՝ մեր պատմագիտությանը, կրկին մի քանի կարեւոր ու սթափեցնող մեջբերումներով.

Պարույր Սեւակ.

«Թույլ տվեք հիշեցնեմ մի շատ իմաստուն խոսք. «Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից»: Այս խոսքի իրավացիությունը (աշխարհիս բոլոր ազգերից ավելի) հաստատում է մեր ազգը` իր ահռելի պատմությամբ: Նունիսկ 1915-ի ազգասպանության աննախադեպ փաստը եկավ նույնը հաստատելու. 1915-21 թվականներին կարծես երկինք ու գետին խոսքը մեկ էին արել կործանելու մեր անմեղ-մեղավոր ազգը: Բայց չկարողացան, որովհետև չուզեցինք:

Իսկ ինքնասպանությո՞ւնը…

Ազգային ինքնասպանության զանազան ձևեր կան, և դրանց մեջ ամենադյուրինը, ըստ իս, իմ ասած սնապարծությունն է, որ նման է տաք ջրով լեցուն լողարանի մեջ սեփական երակը կտրելուն: Այն սնապարծությունը, որի հակառակ երեսը (թույլ տվեք երկու օտար բառ օգտագործել) արխայինություն-դինջությունն է:

Ես, որպես հայ ժողովրդի բանաստեղծ, ինձ համար մեծագույն անպատվություն կհամարեմ, եթե իմանամ, որ որևէ հայ պատմաբան պատմություն է աղավաղում` ի վնաս հարևան ժողովրդի («Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն», «Գրական թերթ», 1966 թ., 16 դեկտեմբեր)։

Սեւակը ճիշտ է՝ երբ կեղծում, նսեմացնում ես հարեւանիդ պատմությունը, դրա հետեւանքը լինում է նաեւ «արխայինություն-դինջությունը», որ զրկում է ազգին կենսականությունից, մատնում անգործության, պատմականորեն տրված պահերն զգալու հոտառությունից եւ օգտագործելու ունակությունից։ Իսկ երբ կեղծում, ուռճացնում ես սեփական պատմությունդ ու դրանով սերունդներ ու հասարակություն դաստիարակում, դրա հետեւանքն արդեն հենց այն «գերհայրենասիրական» ՄԹՆՈԼՈՐՏԻ ստեղծումն է, որը չի հանդուրժում որեւէ բանականություն, քաղաքական հաշվարկ, իրատեսություն, որում ծաղկում է արկածախնդրությունը, անխուսափելի դարձնում աղետներն ու կործանումը։

Կեղծվե՞լ է մեր պատմությունը հայ պատմագիտության կողմից։

Գագիկ Սարգսյան, ՀԱԱ ակադեմիկոս.

«Իշխող քաղաքական դոկտրի­նայի թույնը, հոսելով հին պատմու­թյու­նից դեպի նորը, հետզհետե ուժե­ղանում էր, իսկ հասնելով նո­րագույնին, պար­զապես կազմալուծում այն։ Բայց միայն սա չէր դրա վտանգը: Այն իր օրի­նա­կով սովորեցնում էր բոլոր պատ­մաշրջաններին մերձեցողներին պատմա­կան փաստերի աղավաղման, նեն­գափոխման թույլատրելիու­թ­յունը, նաև այն­պի­սի դեպքերում, երբ այդ ար­վում էր ոչ թե իշխող դոկտրի­նայի հունով, այլ ցան­կացած «բարձր» քա­ղաքական, կեղծ հայրենասիրա­կան, ազ­գային, խմբա­կային կամ որևէ այլ նպատակով» (ընդգծումներն իմն են, — Ա.Ս.) — Սարգսյան Գ., Մեր օրերի իմ ընկալումները, «Հայաստանի Հանրապետություն», 14.08 – 15.08.1992։

20-րդ դարի նշանավոր պատմաբաններից մեկի այս խոսքը խորհրդային շրջանի մասին է եւ «իշխող քաղաքական դոկտրինն» էլ կոմունիստական գաղափարախոսությունն է։ Հայաստանում խորհրդային շրջանի ավարտից հետո պատմագիտությունը, սակայն, չազատվեց գաղափարախոսական ազդեցություններից («քաղաքական դոկտրինի թույնից»), շատ շուտով կոմունիստականին փոխարինեց հայդատական/պահանջատիրական գաղափարախոսությունը՝ շատ ավելի մեծացնելով, նաեւ խթանելով հանուն «բարձր քաղաքական, կեղծ հայրենասիրական, ազգային» նպատակների պատմական փաստերի աղավաղման, նենգափոխման թույլատրելիությունը։

Ինչպես Պարույր Սեւակի, այնպես էլ Գագիկ Սարգսյանի՝ պատմության որեւէ ուղղությամբ ու որեւէ կերպ կեղծումը խստորեն դատապարտող խոսքերն առաջին հայացքից է թվում, թե ավելի շուտ բարոյական ու գիտական բարեխղճության հարթության վրա են։ Իրականում երկու դեպքում էլ անհնար է չտեսնել առաջնայինի՝ ազգի, ժողովրդի համար դրա քաղաքական վտանգավորության, ուստի եւ հանցավոր արարք լինելու հստակ գիտակցումը եւ ենթատեքստը։

Այսօր շարունակվո՞ւմ է, Գ. Սարգսյանի ձեւակերպմամբ՝ հանուն «բարձր քաղաքական, հայրենասիրական, ազգային» նպատակների մեր պատմության կեղծումը՝ նպաստելով կործանարար հայդատական/պահանջատիրական «գերհայրենասիրական» «ՄԹՆՈԼՈՐՏԻ թանձրացմանը։

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի մի հայտարարությունից.

«Ծանոթանալով փաստաթղթին՝ հանրապետության գիտակրթական այլ հաստատությունների հետ մեկտեղ պատմության ինստիտուտը կարևոր համարեց իր սկզբունքային անհամաձայնությունն արտահայտել հանրակրթական «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության հայեցակարգի նախագծի վերաբերյալ: Նախագծում բացակայում է «հայրենասիրություն» հասկացությունը, ինչը հայաստանցի աշակերտին «Հայոց պատմություն» առարկայի միջոցով սերմանվող հիմնաքարային գաղափարն է»:

Հայրենասիրական բանաստեղծությունը, երգը, պարը՝ հասկանալի է, եւ դրանց «սպառող» հասարակությունը գիտի, որ դրանք մարդկային անհատական զգացումների գեղարվեստական արտահայտման ձեւ են։

Այլ բան է Պատմությունը։ Պատմությունը ԳԻՏՈՒԹՅՈՒՆ է, որի շինանյութը, հումքը փաստերն են, իրողությունները։ Այն պարտադիր դիսցիպլին է  եւ որպես վերջնական ճշմարտություն մատուցվում է դպրոցում, բուհում։ Դրանով սերունդ, հասարակություն է դաստիարակվում։

Կրկին դիմենք ակադեմիկոս Գագիկ Սարգսյանին.

«…հիմ­­­նական ուշադրությունը սևեռել պատմական փաստերին հա­րա­զատ մնալուն։ Վերադարձնենք փաստին նրա իրավունքը՝ լինելու հե­տա­զո­տու­­թյան հաստատուն հիմք՝ իր բնական, անաղարտ, չնենգափոխ­ված, չպո­չատ­ված և անհավելուն տեսքով։ Չզոհաբերենք փաստը ոչ մի, նույնիսկ ամենագեղեցիկ և ամենաազնիվ նպատակի» (նույն տեղում, — ընդգծումն իմն է — Ա.Ս.)։

Ինչպես բոլոր գիտությունները, այնպես էլ Պատմությունը` ձգտում են ճշգրտության։ Եւ գիտական պատմության «սպառողը» գիտի նաեւ այդ մասին ու դրան վերաբերում է որպես իրականության։

Այդ ինչպե՞ս ես Պատմությունը դարձնում «հայրենասիրության սերմանման» կամ դաստիարակության միջոց, գործիք։ Բնականաբար՝ դրա հիմք ՓԱՍՏԵՐԻ նկատմամբ ոչ գիտական մոտեցմամբ՝ կա՛մ «հայրենասիրաբար» ավելացնելով-ուռճացնելով, կա՛մ պակասեցնելով-անտեսելով, կա՛մ խեղաթյուրելով, կա՛մ  ուրանալով, մի խոսքով՝ կեղծելով։

Դեռ պատմահայր Մովսես Խորենացին է 5-րդ դարում ճշգրտությունը, հավաստիությունը համարել Պատմության առաջնային ու պարտադիր հատկանիշ։

Կամ՝ ի՞նչ է նշանակում «հայրենասիրություն սերմանել» կամ դաստիարակել։ Ո՞վ է գիտնական պատմաբանի, գիտական պատմության, պատմագիտության համար նման առաքելություն սահմանել։ Իսկ չկեղծված Պատմությամբ իրատեսություն սերմանե՞լն ում գործը պետք է լինի։

Հայրենասիրությունը, ազգասիրությունը մարդու բնական ու սրբազան զգացումներից է, ինչպես, ասենք, ծնողի նկատմամբ վերաբերմունքը, որ առաջանում է բնական ձեւով եւ ճանապարհով։ Երբ պատմական փաստերը ներկայացնում ես, Գագիկ Սարգսյանի բառերով՝ իր «ոչ բնական, աղարտված, նենգափոխված, պոչատված» կամ ուռճացված տեսքով հանուն «հայրենասիրության» սերմանման կամ դաստիարակության՝ Պատմություն ես կեղծում։ Իսկ Պատմությունը կեղծելը մեծագույն հանցանք է սեփական ազգի ու ժողովրդի նկատմամբ եւ նույնքան մեծ նվեր՝ այդ պահի հակառակորդիդ։

Դեռ միջնադարում դա գիտակցվել է, եւ պատմության կեղծումը համարվել է ծանրագույն հանցանք, ընդհուպ՝ մահապատժի արժանի (այս մասին վերջերս գրել եմ, այստեղ չեմ ծավալվի)։

Պատմության ինստիտուտի նույն փաստաթղթում մի տեղ էլ մասնավորեցվում է, թե ինչ են հասկանում «հայրենասիրություն սերմանելու» տակ առաջին հերթին, այն է՝ «թշնամու կերպարի» կերտումն ու թանձրացումը։

Դե, ինչ։

Դեռ դպրոցից սկսած հիմնավորենք ու թանձրացնենք «մշտական թշնամու» կերպարը, որ այսօրվա վիճակով մեր երկու հարեւաններն են՝ միասին վերցրած, թերեւս, հարյուր անգամ հզոր մեզանից։

«Հայրենասիրաբար» ապացուցենք Համաշխարհային ջրհեղեղից սկսած մեր՝ բնիկ ու նստակյաց, ու նրանց՝ քոչվոր ու եկվոր լինելը, մեր՝ մի քանի հազար տարվա պետականութան փաստը, նրանց՝ պետականազուրկ լինելը, ըստ այդմ՝ մեր ԻՐԱՎՈՒՆՔ ունենալը, նրանց՝ չունենալը։ Ցո՛ւյց տանք, որ նրանց նախնիները դեռ «ծառերի վրա էին», երբ մենք թատրոն ունեինք…

Հետո՞ ինչ։

Երբեւէ եղե՞լ է, հիմա կա՞ կամ երբեւէ կլինի՞ միջազգային մի ատյան, որ այս կատեգորիաներով դատ ու դատաստան կանի և տարածքային ու իրավունքի հարցեր կլուծի։ Եթե անգամ այդ ամենի տակ փաստական հիմք կա՝ նախապես ունեցած գաղափարախոսական որեւէ կանխակալ նախատրամադրվածությամբ «հայրենասիրություն սերմանելու» մղումը կարող են արժեզրկել, փչացնել այդ հիմքերը։

Մեր ժողովրդի մեջ «գերհայրենասիրաբար»  արմատավորենք նրանց հետ մշտական ու հավերժական թշնամի լինելու համոզումը՝ հայդատականության հիմնասյունը, «էթնիկ անհամատեղելիությունը», հարեւանությամբ ապրելու անհնարինությունը։ Հարյուր անգամ ավելի թույլ լինելով, այդ «սերմանած հայրենասիրությամբ» մենք պիտի կարողանանք նրանց քշե՞լ իրենց նախահայրենիքը։

Կհզորանանք, կանե՞նք…

Այս կերպ չեն հզորանում, այս կերպ ազգերն ինքնասպանություն են գործում Սեւակի պատկերավոր խոսքով՝ «տաք ջրով լեցուն լողարանի մեջ սեփական երակը կտրելով»։

Չե՞ք տեսնում, թե ինչ իրական, առարկայական, շոշափվող հետեւանք է ունենում այսօրինակ «հայրենասիրության սերմանումը»՝ հիմքում «թշնամու կերպարի» թանձրացմամբ։ Նայե՛ք վիճակագրությունը, ասենք՝ 1998 թվականից այս կողմ աշակերտների ու հատկապես առաջին դասարանցիների թվերի ողբալի դինամիկան։ Այդ ողբերգության մեջ չե՞ք տեսնում ձեր սերմանած «հայրենասիրության» բերած նպաստը։

Բայց խնդիրը միայն այն չէ, որ ցանկացած ձեւով, ուղղությամբ ու նպատակով պատմության կեղծումը օբյեկտիվորեն ծանր հանցագործություն է՝ հղի ողբերգական հետեւանքներով։ Խնդիրը նաեւ այն է, որ այդ անողները հաճախ անկեղծորեն հավատում են, թե ազգօգուտ գործ են անում, ինչը, սակայն, ոչ մի դեպքում չի կարող դիտվել որպես «մեղմացուցիչ դեպք հանցանաց»։

Վերազգայինից մինչեւ նեղ ազգային իշխող որեւէ գաղափարախոսական միջավայրում չի կարող օբյեկտիվ պատմություն գրվել, շարադրվել։ Եթե գիտնական պատմաբանը կաշկանդված, առավել եւս՝ ոգեւորված է որեւէ գաղափարախոսությամբ, ու ինքն էլ դրա հավատացյալ կրողն է, ապա նրա արտադրանքը ոչ մի կապ չի կարող ունենալ իրական գիտության հետ, մինչդեռ ամենամեծ վնասը կարող է հասցնել հենց նույն այդ գաղափարախոսության առարկային։ Մեր դեպքում անցած կոմունիստականի եւ ներկա հայդատական/պահանջատիրականի հետեւանքները դրա ակնառու դրսեւորումներն ու ապացույցն են։

Պատմությունը, որպես գիտություն, այն ակտիվ քաղաքական գործոններից մեկն է, որ հասարակական պատկերացումների, ազգի, ժողովրդի ինքնապատկերացման, ինքնագնահատականի ու վարքագծի վրա ազդելու մեծ ներգործական ուժ ունի։ «Հայրենասիրաբար» կեղծված Պատմությունը նաեւ ձգողական ուժ ունի եւ ժողովրդի մեջ կեղծ պատկերացումներ է ծնում սեփական ինքնության, հնարավորությունների, իրավունքների մասին։ Այդ ՄԹՆՈԼՈՐՏԸ բացառում է իրատեսությունը, քաղաքական հաշվարկը, դրա վրա է ծաղկում քաղաքական ողբալի տգիտությունը, այն պարարտ հող է դառնում մարդկային ազնվագույն զգացումների շահարկմամբ անբարո քաղաքական բիզնեսի համար։ Դրա վրա են առաջանում անիրատեսական ծրագրեր ու իրականացվում արկածախնդրական, աղետաբեր գործողություններ, որպես կանոն՝ ազգի համար ճակատագրական։

Կարծես թե, անգամ տարրական տրամաբանության հարթության վրա, ամեն ինչ չափազանց պարզ է, մանավանդ՝ հաստատված վերը դիտարկված Առաջին հանրապետության դառը փորձով, նրա առաջին դեմքերի եւ  ժամանակի ամենամեծ մտավորականների խոստովանություններով ու գնահատականներով։

Դարասկզբին նման այլ գործոնների թվում չլիներ նաեւ կեղծված Պատմությամբ ստեղծված «գերհայրենասիրական», հայդատական/պահանջատիրական այդ ՄԹՆՈԼՈՐՏԸ ու դրա ծնունդ քաղաքական ուժերն ու իշխանությունը, հիմա մենք կունենայինք ավելի քան երկու անգամ մեծ Հայաստան։

 Նույնը, մեր աչքի առաջ, հաստատվում է նաեւ Երրորդ հանրապետության փորձով։ 44-օրյա պատերազմից հետո շատերը, այդ թվում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական երբեմնի հակառակորդները, կարծես վերաիմաստավորեցին անցածը, հիշեցին եւ հիշեցրին ժամանակին արված նրա կանխատեսումները, որոնք ամբողջությամբ իրականացան։ Սակայն դա տեւեց մի քանի ամիս, ապա համարյա ամեն ինչ վերադարձավ «ի շրջանս յուր»։

Չլիներ նաեւ հենց մեր պատմաբանների ձեռքով 90-ականների պատմության անամոթ կեղծմամբ ստեղծված այդ հայդատական/պահանջատիրական «գերհայրենասիրական» ՄԹՆՈԼՈՐՏԸ, չէր լինի Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի 20 տարվա ավազակապետական ռեժիմը, չէր լինի դրանց արժանի հաջորդ «ազգակործան պատուհասի» այս «մանր ժուլիկապետությունը», չէր լինի 2020-ի աղետալի պատերազմը, չէր լինի Արցախի ողբալի վիճակը, Հայաստանի անկախությանն սպառնացող վտանգը։ Կլիներ արդեն իրոք 5 միլիոնի ձգտող բարգավաճ ու հզոր Հայաստան եւ նրա ապահով, միջազգայնորեն ճանաչված հովանու տակ՝ խաղաղ ու ապահով ապրող հայկական Արցախ։

Ահա թե ինչու այս հոդվածը վերնագրեցինք «Անկախության օրվա ոչ թե առթիվ, այլ առիթով»՝ ուշադրություն հրավիրելու համար վաղուց արձանագրված առանցքային այն խնդրի վրա, որի լուծումն, առանց չափազանցության, այսօր հրատապ ու կենսական է նույնքան, որքան սովի մատնված Արցախին հաց հասցնելը եւ ճակատագիրն ընդհանրապես։

Հիմա, հերթական անգամ հայտնված հերթական մղձավանջում, մեծ Թումանյանի խոսքով՝ կգտնվի՞ «մի բազմություն, գոնե մի խմբակ, որ երկրի շունչը ու բարոյական կարողությունը կհայտնաբերի»։ Պետք է որ գտնվի, մանավանդ որ դրա լուսավոր ու պարտավորեցնող փորձն ունենք արդեն։ Ու այս հավատով ու հույսով՝

Շնորհավոր Անկախության օրվա ԱՌԹԻՎ, որ մեր պատմության ամենափառավոր տասնամյակի խրոխտ ու անհաս բարձրակետն է։

Նախորդ հոդվածըԿրակել են Սոթքի ուղղությամբ
Հաջորդ հոդվածըԱդրբեջանը շարունակում է կրակել հրաձգային տարբեր զինատեսակներից