Աշոտ Սարգսյան. Պատերազմը եւ դրա պատասխանատուները՝ փաստերով

18134

1998 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց հայտնի ուժերի պահանջով, որոնք պնդում էին, որ կկարողանան Արցախի խնդիրը լուծել Առաջին նախագահի առաջարկած տարբերակից անհամեմատ ավելի լավ պայմաններով։ Թե ինչ եղավ հետո, բոլորս տեսանք։ Պատմաբան Աշոտ Սարգսյանի այդ թեմայով ներքոգրյալ հոդվածը հրապարակվել էր 2022-ի ապրիլի 22-ին, որը կրկին ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը։

Ելակետային իրողություններ.

  • Զինադադարը միջանկյալ վիճակ է պատերազմի եւ խաղաղության միջեւ։ Այն կարող է ունենալ երկու ելք. կա՛մ շարունակվել զինված առճակատման՝ պատերազմի տեսքով, կա՛մ ավարտվել վերջնական խաղաղության պայմանագրի կնքումով։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է՝ հաստատված մարդկության ողջ պատմությամբ։
  • Խաղաղ կարգավորման հասնելու եւ պատերազմից խուսափելու համար միջազգային հանրության կողմից մեզ տրված է եղել շուրջ 26 տարի ժամանակ։
  • Ցանկացած վերլուծություն պետք է հենվի փաստերին։ Փաստերին հենվող տրամաբանական դատողություններն են միայն, որ իրենց հերթին փաստի ուժ են ստանում, դառնում հավաստի եւ արժանահավատ։
  • Փաստերի՝ տեղի ունեցող խեղաթյուրումը ու դրա վրա ձեռնածությունը արհամարհանք է հասարակության մտավոր ունակությունների նկատմամբ, հանցագործություն՝ հղի նոր աղետներով։

Փոխզիջումների հիման վրա Արցախի խնդրի խաղաղ կարգավորման ռազմավարությունը (1990-1997թթ.)

Փաստ 1.

Փոխզիջումներով խաղաղ կարգավորման հասնելու խնդիրը Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ  ՀՀՇ-ն որդեգրել են 1990 թ.  իշխանության գալուց անմիջապես հետո՝ որպես հստակ ռազմավարական ուղեգիծ։ Այն մշտապես պաշտպանել է նաեւ Լեռնային Ղարաբաղը։

Հայոց համազգային շարժման իշխանությունը` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ի սկզբանե ռազմական առճակատումից խուսափելու եւ փոխզիջումների հիման վրա Ղարաբաղի խնդրի քաղաքական լուծման հասնելու ռազմավարության կրողն է եղել։ Եւ դա ոչ միայն չի թաքցվել, ոչ միայն ասվել է հրապարակավ, այլեւ հնարավոր ամեն ինչ արվել է այն կյանքի կոչելու համար։ Այս ուղեգիծը Լեւոն Տեր-Պետրոսյանը խորհրդարանի փակ նիստում ընդարձակ ելույթով ներկայացրեց ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելուց ընդամենը մեկ ամիս անց՝ 1990 թ. սեպտեմբերի 3-ին։ Ընդ որում, այդ պահին դեռ պատերազմ, լայն իմաստով, չկար (այն այդպիսին դարձավ մեկուկես տարի անց), բայց կար Ադրբեջանի հետ երկուսուկեսամյա հակամարտությունը առճակատման տեսքով, ինչը մեղմելուն, դեպի կարգավորում տանելուն, այդ պահին Լեռնային Ղարաբաղի համար կենսականորեն անհրաժեշտ որոշակի առաջնային խնդիրների լուծմանն էր վերաբերում խոսքը.

«Արցախի հարցն, արդեն քանիերորդ անգամ եմ կրկնում, ունի երկու լուծում։ Այդ հարցի ուղղությամբ կա երկու ստրատեգիա՝ առճակատման ստրատեգիան եւ փոխզիջումների ստրատեգիան։ Մինչեւ հիմա մենք ընթացել ենք առճակատման ստրատեգիայով… Կա մյուս ճանապարհը՝ փոխզիջումների ճանապարհը։ Մենք դա դեռեւս չենք փորձարկել» (Լ. Տեր-Պետրոսյան, «Ընտրանի», Երեւան, 2006, էջ 116- 117)։

«Իմ վերլուծություններն ինձ բերել են այն համոզման, որ այսօր առճակատման ստրատեգիան արդեն սպառել է իրեն, եւ ժամանակն է անցնելու փոխզիջումների ստրատեգիային։ Փոխզիջումների մասին խոսելով՝ ես չեմ վախենում իմ վարկը կորցնելուց։ Իսկ դուք կարող եք ժողովրդի մեջ տարածել, որ ես դավաճանել եմ Արցախի գործին…Մեզ համար այսօր ամենակարեւորն այն է, որպեսզի կարողանանք ապահովել արցախահայության գոյությունն Արցախում» («Ընտրանի», էջ 121-122)։

Այն, որ այս ամենն ասվեց խորհրդարանի փակ նիստում, ոչինչ չէր նշանակում. մեկ ամիս անց նա նույն բանն ասաց նաեւ հրապարակային.

«Այսօր երկու կողմի համար էլ առճակատման ուղին իրեն սպառել է, եւ արդեն նախապայմաններ են ստեղծվել փոխզիջումների ուղիով ինչ‑որ տանելի վիճակ ստեղծելու համար, որպեսզի հանրապետությունները կարողանան զբաղվել իրենց ներքին բարդ խնդիրներով» («Ընտրանի», էջ 138)։

Բնականաբար, եղավ նաեւ դիմադրություն, որը հաղթահարվեց։ Այդ պահին դիմադրեց նաեւ Արցախի քաղաքական ղեկավարությունը։ Սակայն կարճ ժամանակում համոզվելով, որ դա է ճիշտ ճանապարհը, 1991 թ. մայիսի 16-ին փոխզիջումներով խաղաղ կարգավորման հասնելու նույն ռազմավարությունը որդեգրելու մասին պաշտոնական հայտարարություն արվեց ԼՂԻՄ աշխատավորության լիազոր ներկայացուցիչների անունից (տե՛ս«Հայաստանի Հանրապետություն», 17.05.1991)։ Նույն ուղեգիծը հաստատվեց հունիսի 19-ին ԼՂԻՄ մարզխորհրդի գործկոմի որոշմամբ, ինչին հաջորդ օրը` հունիսի 20-ին հավանություն տվեց նույն՝ ԼՂԻՄ աշխատավորության լիազոր ներկայացուցիչների խորհրդակցությունը (տե՛ս «Հայաստանի Հանրապետություն», 22.06.1991)։

Փաստ 2.

Փոխզիջումների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու ռազմավարական ուղեգիծը առանցքային մնաց նաեւ պատերազմի տարիներին։

Պատերազմը հայկական կողմի ընտրությունը չէր. դա Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմ էր՝ ի հեճուկս դրանից խուսափելու՝ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների գործադրած բոլոր ջանքերի։

Հայաստանի իշխանության համար պացիֆիզմը չէր ռազմական առաճակատումից, պատերազմից ամեն կերպ խուսափելու ձգտման հիմքում, այլ պարզ քաղաքական-թվաբանական հաշվարկը։ Մարդկային եւ այլ ռեսուրսներով Ադրբեջանը մի քանի անգամ գերազանցում էր Հայաստանին։ Դրան գումարած՝ Հայաստանն ուներ երկրաշարժի հետեւանքով 1/3-ով ավերված երկիր՝ 500.000 անօթեւաններով, 300.000 փախստականներ, տնտեսական խուլ շրջափակում՝ հանգամանքներ, որոնցից ամեն մեկն  իր պահանջած ջանքերի ու ծախսերի առումով մի պատերազմի էր հավասար։ Այս պայմաններում ամենալավատեսական ու երազային հաշվարկով անգամ դժվար էր հայկական կողմի համար բարեհաջող ընթացք եւ ելք ակնկալելը։

Բայց պատերազմը պարտադրված էր, եւ այլընտրանք չկար՝ բացի այն որպես իրողություն ընդունելուց։ Մնում էր եղած ռեսուրսների խելամիտ օգտագործումը, պետական շինարարության եւ դիվանագիտական ասպարեզում Ադրբեջանին գերազանցելը եւ, անշուշտ, կարգավորման հասնելու ռազմավարական գիծն անխաթար պահելը։ Կարգավորման հասնելու ջանքերի վկայությունները այդ տարիներին բազմաթիվ են՝ Հայաստանի դիվանագիտական աշխատանքի, իշխանության մարմինների տասնյակ պաշտոնական հայտարարությունների տեսքով։ Դա էր երկրի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթների միջով մշտապես անցնող առանցքային գիծը։ Ահա տասնյակ օրինակներից երկուսը` պատերազմի շրջանում նրա ելույթներից.

«Կարեւոր նվաճում եմ համարում նաեւ այն, որ, թեեւ շատ սուր բանավեճերից հետո, խորհրդարանն այնքան խոհեմություն ունեցավ, որ չճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը… Բանակցությունը տեղի է ունենում փոխզիջում ձեռք բերելու նպատակով։ Եթե բանակցություններից առաջ կողմերից մեկը հանդես է գալիս նման դիրքորոշմամբ, փաստորեն նա մերժում է բանակցությունները։ Այս դեպքում ամբողջ աշխարհում մեզ ոչ ոք լուրջ չէր ընդունի» (11 նոյեմբեր, 1992, — «Ընտրանի», էջ 308)։

«Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի կողմից ԵԱՀԽ‑ի խաղաղարար ծրագրի ընդունումն առաջին լուրջ քայլը պետք է համարել խաղաղության հաստատման, արցախահայության անվտանգության եւ բնականոն կենսագործունեության ապահովման ու հիմնահարցի փոխզիջումային լուծման ճանապարհին» (27 հունիսի, 1993,- «Ընտրանի», էջ 379-380)։

Փաստ 3.

Փոխզիջումների հիման վրա խաղաղ կարգավորման նույն ուղեգիծն էր առանցքայինը նաեւ 1994 թ. զինադադարից հետո։

Շահեկան պայմաններում զինադադարի հաղթական այն արդյունքը, որն առարկայացավ 1994 թ. մայիսին, անգամ որպես հրաշք` ոչ մեկը չէր կարող երազել մի քանի տարի առաջ։ Իսկ դա տեղի ունեցավ հետեւյալ խնդիրների փայլուն լուծմամբ.

Ա) Եղած ռեսուրսների խնայողական եւ արդյունավետ կառավարում,

Բ) Պետականության կառուցման առաջանցիկ տեմպեր Ադրբեջանի համեմատությամբ,

Գ) Դիվանագիտական ճակատում վճռորոշ ձեռքբերումներ եւ փայլուն հաղթանակներ,

Դ) Ադրբեջանում տեղ գտած ներքին անկայունության երեւույթների հմուտ օգտագործում,

Ե) Պրոֆեսիոնալ հրամկազմով օժտված եւ անհրաժեշտ սպառազինությամբ ապահովված բանակի ստեղծում,

Զ) Ամբողջ ընթացքում խաղաղ կարգավորմանն ուղղված անկեղծ ջանքեր եւ կառուցողական նախաձեռնություններ, դրա շնորհիվ միջազգային հեղինակության ապահովում,

Է) Իշխանության նկատմամբ վստահությամբ պայմանավորված՝ թիկունքում զոհողությունների պատրաստ հասարակություն, իսկ ռազմաճակատում՝ կռվողների նվիրում։

Շահեկան պայմաններում կնքված հաղթական զինադադարը ոչ միայն չխանգարեց, այլեւ կրկնապատկեց իշխանության ջանքերը՝ շարունակելու փոխզիջումների վրա հիմնված վերջնական խաղաղության հասնելու ռազմավարությունը։ Եւ այս դեպքում եւս նման մոտեցման հիմքում պացիֆիզմը կամ վճռականության ու հայրենասիրության պակասը չէր, այլ կրկին՝ թվաբանական պարզության հասնող քաղաքական հաշվարկը։ Այդ հաշվարկը մանրակրկիտ ներկայացնելու առիթ եւ անհրաժեշտություն եղավ 1997-ին. մինչ այդ դրա կարիքը չկար, քանզի Հայաստանի եւ Արցախի իշխանությունների ներսում ոչ ոք ռազմավարական այդ ուղեգծին դեմ չէր։

Իսկ որ այդ ուղեգիծը զինադադարից հետո էլ շարունակում էր մնալ առանցքային, վկայում է 1996 թ. նախագահական ընտրությունների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրում  տեղ գտած համապատասխան հստակ դրույթը.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում շարունակել Հայաստանի կառուցողական մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բազմակողմ եւ ուղղակի բանակցություններին։ Հետեւողականորեն հանդես գալ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանության եւ հարցի լուծման փոխզիջումային տարբերակի որոնման դիրքերից» (31 օգոստոսի, 1996 թ., — «Ընտրանի», էջ 518)։

Իշխանության բոլոր ներկայացուցիչներն անմնացորդ աշխատում էին հօգուտ Նախագահի վերընտրության, այսինքն՝ պաշտպանում էին փոխզիջումներով խաղաղության հասնելու գիծը։

Վազգեն Սարգսյանն այդ պայքարի առաջին շարքերում էր  եւ ընդարձակ ներբողական ելույթ ունեցավ նախընտրական շրջանում (տե՛ս «Գիտնականը եւ Նախագահը, Երեւան, 2019, էջ 268-269)։ Նա անգամ ընդդիմության կողմից մեղադրվում էր ընտրությունների ընթացքում հօգուտ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ՊՆ նախարարի իր լիազորությունները գերազանցելու մեջ։

Արցախի իշխանության եւ ժողովրդի անունից Լեւոն Տեր-Պետրոսյանի գործունեությունը բարձր գնահատող եւ նրա թեկնածությունը պաշտպանող ջերմ կոչեր հրապարակեցին ԼՂՀ նախագահ Ռ. Քոչարյանը եւ վարչապետ Լեոնարդ Պետրոսյանը (տե՛ս «Գիտնականը եւ նախագահը. Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակի առթիվ», Երեւան, 2019, էջ 271-272 եւ 284)։

Այսինքն, ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի իշխանությունները անվերապահ պաշտպանում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագիրը, որի մեջ առանցքայինը փոխզիջումներով վերջնական խաղաղության հասնելու նույն դրույթն էր։

Փաստ 4.

1997 թվականին հակամարտության վերջնական կարգավորման՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործնական քայլը անակնկալ չէր կարող լինել դրան ընդդիմացած՝ ՀՀ առանցքային պաշտոնյաների եւ ԼՂՀ ղեկավարության համար։

Խոսքը վերաբերում է «իշխանության հայտնի ուժերի» ղեկավարներին, որոնք ընդդիմացան կարգավորմանը՝ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին, վարչապետ Ռոբերտ Քոչարյանին, ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանին, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ (Սամվել Բաբայան, Լեոնարդ Պետրոսյան, Օլեգ Եսայան)։ «Անակնկալ չլինելը» ենթադրություն չէ, այլ իր հավաստիությամբ փաստի համարժեք միակ հնարավոր արձանագրումը՝ հետեւյալ իրողությունների հիմքով.

  • Ամբողջ 7 տարի պետական բարձր պաշտոններ զբաղեցրած այս մարդիկ ոչ մի անգամ չեն ընդդիմացել փոխզիջումների հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հստակ ռազմավարական գծին։
  • Նրանք 1996 թ. նախագահական ընտրություններում անվերապահ պաշտպանել են Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, ում նախընտրական ծրագրում առանցքայինը նույն՝ հակամարտությունը փոխզիջումների ճանապարհով կարգավորելու դրույթն էր։

Եթե որեւէ մեկը փորձի հակառակը («անակնկալ լինելու» տարբերակը) պնդել, ապա դրա համար պետք է ընտրի հետեւյալ երկու հնարավոր բացատրություններից որեւէ մեկը։

Կա՛մ այդ մարդիկ տարիներ շարունակ կեղծել են իրենք իրենց (ինչը կլիներ ծայրահեղ  ամոթալի ու անբարո արարք)։

Կա՛մ այդ մարդիկ մտքի սուր արտահայտված տկարություն են ունեցել ու չեն հասկացել պարզագույն բաներ (ինչը ծայրահեղ վիրավորական կլիներ նրանց համար)։

Մենք այս տարբերակներից որեւէ մեկը հնարավոր չենք համարում։

Իսկ եթե անակնկալ կար այս ամենում, ապա դա Լեւոն Տեր-Պետրոսյանի համար էր, ում քաղաքական թիմի՝ առանցքային պաշտոններ զբաղեցնող անդամներից ոմանք հանկարծ 180 աստիճան շրջադարձ են կատարում Հայաստանին եւ Արցախին վերաբերող հիմնական հարցում իրենց մշտապես ունեցած դիրքորոշման մեջ։

Փաստ 5.

Վերոհիշյալ անձանց կողմից մերժվում էր ոչ թե կարգավորման որոշակի մի ծրագիր, այլ փոխզիջումների հիման վրա խաղաղ կարգավորման գաղափարը` որպես այդպիսին։

Անհամաձայնությունը Մինսկի խմբի կողմից ներկայացված կարգավորման փաստաթղթերում փոխզիջումների դետալների «բալանսին» չէր վերաբերում (ինչ ենք տալիս՝ ինչ ենք ստանում, կարելի է ավելի քիչ տալ՝ ավելի շատ ստանալ եւ այլն)։ Նրանց հրապարակային խոսքերում նման առարկություններ չեք գտնի (տե՛ս ժամանակի մամուլը)։ Նման բան չի ասվել նաեւ ոչ հրապարակային՝ փակ քննարկումներում (նրանց առարկությունների ցանկը տե՛ս Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 1998 թ. հունվարի 7-8-ին անցկացված Անվտանգության խորհրդի նիստի ելույթում (Լեւոն Տեր-Պետրոսյան, «Ընտրանի», էջ 647-648)։ Ընդդիմացումը վերաբերում էր փոխզիջումների հիման վրա խաղաղ կարգավորմանն ընդհանրապես՝ անկախ փոխզիջումների «բալանսից»՝ դրան հակադրելով «ակտիվ սառեցման», «ստատուս քվոն» պահելու` տրամագծորեն հակառակ, նոր մի ռազմավարություն (ինչի մասին, ինչպես ասվեց, այս մարդկանցից որեւէ մեկը երբեք չէր խոսել նախորդ տարիների ընթացքում)։

Ահա այդ բանը վկայող նրանց հիմնավորումներից մի քանիսը՝ ներկայացված Անվտանգության խորհրդի նիստում (07-08, 01.1998 թ.).

«Ղարաբաղյան կարգավորման պրոցեսում պետք է վարել ակտիվ սառեցման քաղաքականություն» (Վ. Սարգսյան, Ս. Սարգսյան),

«Ղարաբաղի հարցում հիմա կարիք չունենք փոխզիջման գնալու, կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք» (Վ. Սարգսյան),

«Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանումը մեզ համար վտանգավոր չէ» (Ա. Ղուկասյան) («Ընտրանի», էջ 648)։

Նկատի ունենալով մի կողմից՝ նրանց դիրքորոշման տրամագծային փոփոխության անակնկալ լինելը, մյուս կողմից՝ դրա ճակատագրական հետեւանքները Հայաստանի եւ Արցախի համար, չափազանց կարեւոր է դառնում այդ փոփոխության ԻՐԱԿԱՆ հիմքերը, շարժառիթները կամ բացատրությունը գտնելը, անշուշտ, շարունակելով ապավինել փաստերին։

Խաղաղ կարգավորման ուղեգծին դավաճանությունը, պետական հեղաշրջումը (1997-1998 թթ.)

Փաստ 6.

Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա գլխավորած քաղաքական ուժը, համոզված, որ լավագույն պահն է՝ խաղաղ կարգավորմամբ Լեռնային Ղարաբաղի համար հնարավոր առավելագույնը ստանալու, հաստատակամ գնում էին լուծման՝ քաջ գիտակցելով նաեւ, որ դրա դիմաց կարող են վճարել իշխանությունը կորցնելով։

Մեր իրականության մեջ սա շատերին կարող է անհավատալի թվալ եւ հենց անհավատալի է եղել ու այդպիսին է մնում մինչ այսօր։ Մինչդեռ սա ո՛չ չտեսնված հերոսություն, ո՛չ բացառիկ խիզախություն, ո՛չ էլ ինքնազոհաբերումի աներեւակայելի մի օրինակ է։ Քաղաքական հարթության վրա սա ընդամենը երկրի ղեկավարի, պետական գործչի, կայացած քաղաքական ուժի համար առաջնային մի ստանդարտ է՝ ազգային-պետական մտածողության դրսեւորում (նման բազմաթիվ փաստեր կարող ենք գտնել տարբեր երկրներում եւ տարբեր ժամանակներում)։ Սրանից դուրս՝ գործ ունենք ոչ թե քաղաքական գործունեության, այլ՝ հանուն անձնական շահի քաղաքականության վրա արվող հանցավոր բիզնեսի անբարո երեւույթի հետ (նման բազմաթիվ փաստեր եւս կարող ենք գտնել տարբեր երկրներում եւ տարբեր ժամանակներում)։ Իսկ եթե մեզանում դա անհավատալի է մնացել, ընդամենը մի պատճառով՝ մենք ո՛չ մինչեւ այդ ենք գործնական քաղաքական կյանքում ունեցել պետական մտածողության ակնառու մի նախադեպ (նկատի ունենալով հատկապես նախորդած հարյուրամյակը), ո՛չ էլ դրանից հետո ունենք նման մի այլ օրինակ։

Իսկ հետեւյալ իրողությունները «անհավատալի մնացած» այդ փաստի անհերքելի ապացույցներն են.

  1. Երբ պետական հեղաշրջման հետեւանքով հրաժարական ներկայացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, նրա հետ միասին` քաղաքական նույն հիմնավորմամբ, հրաժարական տվեցին նրա՝ կարեւորագույն պետական պաշտոններ զբաղեցնող քսանից ավելի թիմակիցներ։
  2. Ազգային ժողովում Նախագահի քաղաքական հենարանը հանդիսացող «Հանրապետություն» խմբակցությունից (մոտ 115 հոգի), միայն ՀՀՇ անդամ պատգամավորները՝ 45 հոգի, նույն սկզբունքային մոտեցմամբ չլքեցին խմբակցությունը։

Այսինքն, միայն իշխանության վերին օղակներում՝ շուրջ 70 հոգի ինքնակամ հրաժարվեց իր դիրքից եւ կարիերայից։ Ընդ որում, նրանց մեծագույն մասն ուներ դա չանելու, պաշտոնավարումը, կարիերան շարունակելու հնարավորություն (հեղաշրջման կազմակերպիչները, ձեռնհաս կադրեր չունենալով, բոլորին խնդրում էին հրաժարական չտալ եւ մնալ իրենց պաշտոններում)։ Եւ եթե սա էլ մեծ ու անհավատալի թիվ է երեւում, ապա միայն այն պատճառով, որ դրան հաջորդած երկուսուկես տասնամյակում էլ հազիվ թե գտնվի քաղաքական սկզբունքային նման վարքագիծ դրսեւորած 1-2 գործչի օրինակ։

Կարգավորումից հետո իշխանությունը կորցնելու հեռանկարը նույնպես անհավանական չէր, այդ մասին 1996-97 թթ. ազատ խոսում էին իշխանական վերնախավում։ Ավելին՝ ըստ էության այդ մասին հրապարակավ ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հայտնի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածում.

«Փոխզիջումն ինչ‑որ չափով բավարարելու է հակամարտության բոլոր կողմերին, բայց միաժամանակ ամբողջովին չի գոհացնելու ոչ մեկին։ Նախագահ Ալիեւը դա ներկայացնելու է որպես Ադրբեջանի հաղթանակը, ես փորձելու եմ ներկայացնել որպես Հայաստանի հաղթանակը։ Ադրբեջանական ընդդիմությունը համարելու է, որ Ալիեւը դավաճանեց ու ծախեց Ղարաբաղը։ Հայաստանի ընդդիմությունը համարելու է, որ ես դավաճանեցի ու ծախեցի Ղարաբաղը»։

Հենց այդպես էլ կար, ընդ որում՝ ի սկզբանե. հիշենք Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին խոսքը (տե՛ս Փաստ 1) փոխզիջումներով կարգավորման հասնելու մասին դեռ 1990 թ. սեպտեմբերի 3-ին. «Փոխզիջումների մասին խոսելով՝ ես չեմ վախենում իմ վարկը կորցնելուց։ Իսկ դուք կարող եք ժողովրդի մեջ տարածելոր ես դավաճանել եմ Արցախի գործին»։ Ուստիեւ, դեռ 1997 թ. սեպտեմբերի 26-ի ասուլիսում ընդամենը կարգավորման այդ ծրագրի շուրջ հանրային քննարկման եւ բանական բանավեճի հրավեր արած Նախագահը միանգամից արժանացավ «պարտվողականի», «դավաճանի», «Ղարաբաղը ծախողի», «արյունով նվաճված հողերը թղթով ետ տվողի» եւ նմանօրինակ այլ պիտակների։ Պիտակավորման այդ հեղեղն ավելի մեծացավ քիչ անց՝ նոյեմբերի 1-ին հրապարակած «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածից հետո։

Փաստ 7.

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը տեղի չունեցավ զինված խռովության, քաղաքացիական պատերազմի, ներքաղաքական իրավիճակի շեշտակի ապակայունացման առարկայացած վտանգի պատճառով։

Որքան էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հայտարարության տեքստից դժվար չէր դա կռահել, սակայն առաջին անգամ նա «իրերն իրենց անունով» կոչեց վերջերս (2021 թ. մայիսի 16-ին եւ հունիսի 10-ին)՝ բառացի օգտագործելով «քաղաքացիական պատերազմ» բառակապակցությունը՝ հավելելով, որ «Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էին նման պատերազմի»։

Կան այս բանը հաստատող եւս երեք ապացույց. Ռ. Քոչարյանի եւ Վ. Սարգսյանի ուղղակի վկայությունները եւ 1998-ի հունվարի վերջին նրանց իրականացրած հայտնի մի գործողությունը.

Առաջին. Ռ. Քոչարյանը իր հուշերում, անզգուշաբար, մի քանի ուղղակի  վկայություններ է թողնում։ Հանրապետության նախագահին իրենց ընդդիմացումը նա ներկայացնում է որպես անհաշտելի հակադրություն՝ ասելով, որ իրենք խնդիրը «կա՛մ, կա՛մ»-ի հարթության վրա էին դրել։ Ապա ներկայացնում է այն ռեսուրսը, որը կարող էին գործի դնել, եթե Նախագահը չընդուներ հրաժարականի պահանջը, այլ իրենց պաշտոնանկ աներ։ Հիմնական այդ ռեսուրսը նա համարում է զինված կառույց «Երկրապահը»՝ այն համարելով «բավականին ծանրակշիռ ուժ» եւ արձանագրելով, որ՝ «Վազգեն Սարգսյանը Երկրապահի անվիճելի առաջնորդն էր»։ Ապա հիշում է իր եւ Վազգեն Սարգսյանի զրույցից մի դրվագ. ինքն ասում է.  «Կա՛մ ինձ կազատի աշխատանքից, կա՛մ ինքը կհեռանա» (նկատի ունի Նախագահին), Վ. Սարգսյանը արձագանքում է. «Թող ինձ էլ ազատի աշխատանքից, եւ այդ ժամանակ մեր ձեռքերը լրիվ ազատ կլինեն, կպայքարենք` արդեն ոչ մեր պաշտոններում»։ Տարված ամբողջ ընթացքում սեփական անձը գերկարեւորելու մարմաջով՝ 1998-ին կատարած պետական հեղաշրջումը հերոսություն ներկայացնող Քոչարյանը նաեւ փորձում է իրեն Վ. Սարգսյանի հետ նույն հարթության վրա դնել՝ ասելով, թե ինքն էլ «ամբողջովին վերահսկում էր գործադիր իշխանությունը» (տե՛ս Ռ. Քոչարյան, Կյանք եւ Ազատություն, Երեւան, 2019, էջ 284-286)։ Անվիճելի է, սակայն, որ եթե չլիներ Վ. Սարգսյանի գործոնը, մյուս դավադիրներից որեւէ մեկը, ոչ էլ բոլորը միասին` չէին համարձակվի գնալ նմանօրինակ քայլի. նրանք նման ռեսուրս պարզապես չունեին։

Ավելի հստակ ու թափանցիկ դժվար է ասել, որ ծրագրվում էր զինված խռովություն, քաղաքացիական պատերազմ, եթե Նախագահը, իրացնելով իր սահմանադրական լիազորությունները, նրանց ազատեր պաշտոններից։ Հակառակ դեպքում կխոսվեր ոչ թե զինված կառույց «Երկրապահի» (որ իրոք զգալի ուժ էր), այլ ժողովրդին դիմելու, հանրահավաքների միջոցով հրապարակային, քաղաքական պայքարի մասին։

Երկրորդ. Ահա նաեւ Վազգեն Սարգսյանի խոսքը Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից անմիջապես հետո. «Ուզում եմ ձեզ հավաստիացնել նորից՝ եթե ինքը չուզենար, հրաժարական չէր տա։ Էսքանը պիտի գնահատել՝ ԻՆՔԸ ՉԳՆԱՑ ԿՈՆՖՐՈՆՏԱՑԻԱՅԻ, ինքը հասկացավ, որ դա ճիշտ ճանապարհը չէ»։ Այսինքն, հրաժարական չտալը եւ քաղաքական իր ուղեգիծը շարունակելը կնշանակեր «կոնֆրոնտացիա»՝ հակամարտություն, առճակատում այդ ծրագիրը չընդունողների հետ, որ այլ բան չէ, քան քաղաքացիական պատերազմ։

Երրորդ. Ազգային ժողովում ճնշումներով քայքայվեց Տեր-Պետրոսյանի քաղաքական հենարան հանդիսացող «Հանրապետություն» խմբակցությունը։ Դա տեղի ունեցավ հունվարի վերջերին՝ ոչ միայն խոստումների, այլեւ շանտաժի, կոշտ պարտադրանքի ճանապարհով (տողերիս հեղինակն այդ ժամանակ «Հանրապետություն» խմբակցության քարտուղարն էր եւ սա վկայում է որպես ականատես-սկզբնաղբյուր)։ Դա անում էին Վազգեն Սարգսյանի անունից, նրա ուղարկած մարդիկ։ Մի քանի օրում խմբակցությունը 115 հոգուց դարձավ 45, մյուսները դուրս եկան եւ մտան «Երկրապահ» խմբակցություն։ Դրանով Նախագահը խորհրդարանում կորցրեց քաղաքական մեծամասնությանը՝ կարեւորագույն մի հանգամանք խաղաղության գործն ի կատար ածելու համար։ Իսկ խռովարարները օրենսդիր մարմնում մեծամասնություն ստացան (խոստումների գայթակղությանը, շանտաժին ու պարտադրանքին չտրվեցին միայն ՀՀՇ անդամ պատգամավորները եւ մի հոգի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունից)։

Սրանք այլ բան չէին, քան ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման ուղղությամբ կոնկրետ քայլեր եւ խոստովանություններ։

Լեւոն Տեր-Պետրոսյանը 1998 թ. փետրվարի 3-ի հրաժարականի իր հայտարարութան սկզբում հենց այդ մասին է ասում. «Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ։ Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում Նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը եւ հայտարարում իմ հրաժարականը»։ «Ապակայունացման լուրջ վտանգը» հենց քաղաքացիական պատերազմն է։

Այլ դեպքում, երկրի որեւէ ղեկավար, թերեւս, կարող էր նաեւ ընդունել մարտահրավերը՝ թեկուզ դա հանգեցներ քաղաքացիական պատերազմի։ Տվյալ՝ արցախյան չավարտված պատերազմի պայմաններում, նման ապակայունացումն անխուսափելիորեն կբերեր Լեռնային Ղարաբաղի կորստյան (հենց նման իրավիճակներում էր Ադրբեջանը կորցրել յոթ շրջանները), եւ դա չէր կարող իրեն թույլ տալ իրական պետական գործիչը։  

Այսինքն, եթե խաղաղության ծրագրին ընդդիմացումը նույն պաշտոնյաների կողմից լիներ զուտ քաղաքական հիմքի վրա, անգամ ամենօրյա հանրահավաքների ձեւով, ապա դա Նախագահի համար խոչընդոտ չէր կարող լինել խաղաղության իր ծրագրի իրականացման համար։ Ճիշտ այնպես, ինչպես պատերազմի ողջ ընթացքում նման հանրահավաքները խոչընդոտ չեղան դժվարագույն խնդիրների լուծման, հաղթանակների ապահովման, շահեկան պայմաններում զինադարի հասնելու համար։ Շատ լավ ճանաչելով Հանրապետության նախագահին՝ խռովարարները չէին կարող չիմանալ, որ նա կընկրկի միայն Արցախին սպառնացող իրական վտանգի՝ քաղաքացիական պատերազմի դեպքում։ Եւ հենց դա է եղել նրանց հաշվարկների հիմքում։

Փաստ 8.

Ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ փոխզիջումների հիման վրա հակամարտության կարգավորման, այնպես էլ Վազգեն Սարգսյանի, Ռ. Քոչարյանի եւ մյուսների՝ «ստատուս քվոն» պահպանելու ծրագրերը իրականում հենված էին սառը հաշվարկների վրա, բայց տրամագծորեն տարբեր էին ելակետերն ու շարժառիթները։

Լեւոն Տեր-Պետրոսյանի հաշվարկ-հիմնավորումները հօգուտ կարգավորման` հայտնի են երեք ծավալուն փաստաթղթերով.

  • 1997 թ. սեպտեմբերի 26-ի հարցազրույցի Արցախին վերաբերող մասը,
  • «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը,
  • 1998 թ. հունվարի 8-ի Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթը։

Ելակետը հետեւյալն էր.

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման լավագույն պահն է՝ ստանալու համար հնարավոր առավելագույնը։ Առաջիկայում ուժերի հարաբերակցությունը աստիճանաբար փոխվելու է հօգուտ Ադրբեջանի՝ կախված նրա շրջափակված չլինելու եւ նավթային գործոնի հետ։ Այդ պարագայում վերջինս ավելի քիչ բան է պատրաստ լինելու զիջել, եւ՝ «Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու»։ Իսկ կարգավորումն ընդհանրապես մերժելու եւ «ստատուս քվոն» պահպանելու քաղաքականությունը արկածախնդրություն է, որի վրա համառելու դեպքում այն մի օր ավարտվելու է պատերազմով՝ արդեն մեզանից բազմակի հզորացած հակառակորդի հետ։ Այս բոլոր վերլուծությունների եւ կանխատեսումների հիմքում առարկայական իրողություններ են՝ թվեր, հաշվարկներ, փաստեր, միջազգային օրենքների վկայակոչումներ, ակնհայտ հանգամանքներ։

Վազգեն Սարգսյանի եւ մյուսների հրապարակային արձագանքները կարգախոսներ էին եւ պիտակներ։ Դրանք հայաստանյան հանրության համար էին՝ ուղղված մարդկանց ազգային եւ հայրենասիրական զգացումների չարաշահմանը։ Գիտակցելով իրենց հիմնավորումների տկարությունը՝ նրանք հետեւողականորեն խուսափեցին փաստերի ու փաստարկների լեզվով հրապարակային բանավեճի մեջ մտնել։

Խռովարարների հակընդդեմ կոնկրետ հիմնավորումները եւ փաստարկները ոչ հրապարակային էին. դրանց մասին, ինչպես ասացինք, գիտենք 1998 թ. հունվարի 7-8-ին Անվտանգության խորհրդի փակ նիստում նրանց ելույթներից։ Դրանք բոլորը ակնհայտ անիրականանալիից (Սփյուռքից տարեկան 400-500 միլիոն դոլար ստանալը), մինչեւ տրագիզավեշտալի («Ղարաբաղի հարցում հիմա կարիք չունենք փոխզիջման, կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք») շրջանակներում էին։ Դրանցից որեւէ մեկը ոչ միայն իրականություն չդարձավ, այլեւ ամենահեռավոր կապ իսկ չունեցավ իրականության հետ։

Անդրադառնալով այդ փաստարկներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկ առ մեկ ցույց տվեց դրանց արժեքը, զգուշացրեց, թե իրականում ինչ կլինի յուրաքանչյուր դեպքում, ինչպես նաեւ՝ որ ստատուս քվոյի պահպանման նրանց ընտրած ճանապարհը կործանար կլինի Արցախի եւ Հայաստանի համար։ Նրա բոլոր կանխատեսումներն իրականացան։

Վ. Սարգսյանի եւ մյուսների վարքագծին եւ գործողություններին մինչ այժմ տրվել են հետեւյալ մեկնաբանություն-բացատրությունները.

  1. Դա պայմանավորված է եղել անկեղծ զգացմունքներով՝ «հայրենասիրական մղումներով», «ցանկալիին հասնելու ձգտումով», «առավելապաշտությամբ»։ Նման բացատրությունները բացառվում են՝ վերեւում արդեն մի քանի անգամ արձանագրված հետեւյալ անշրջանցելի փաստով. իրենց ողջ քաղաքական գործունեության ընթացքում նրանք` բարձր պաշտոններում, եղել են մի իշխանության մաս, որը մշտապես ունեցել է փոխզիջումների հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղեգիծը։ Այլ կերպ մտածելու դեպքում նրանք պետք է մաս չկազմեին այդ իշխանության կամ ութ տարվա ընթացքում գեթ մեկ անգամ հայտնեին իրենց անհամաձայնությունը։
  2. Սխալվել են իրենց լավատեսական հաշվարկներում։ Մի օրինակի վրա ցույց տանք, որ սա եւս բանական բացատրություն չի կարող համարվել. եթե Սփյուռքից ակնկալում ես 400-500 միլիոն դոլարի տարեկան օգնություն եւ ստանում ես թեկուզ դրա կեսը, դեռ կարելի է խոսել սխալվելու մասին։ Երբ ստանում ես ակնկալածիցդ հարյուր անգամ պակաս (ինչը մինչ այդ էլ կար), սա արդեն սխալվել չէ, այլ հատուկ հորինված խաբեություն, գիտակցված հանցավոր դեմագոգիա։ Նույն բնույթի էին նրանց նաեւ մյուս (Ռուսաստանը կօգնի, Իրանը կօգնի, Իրանից զենք կգնենք, արտագաղթը չի շարունակվի, ներգաղթ կսկսվի, բյուջեն կարելի է 2-3 անգամ մեծացնել եւ այլն) հիմնավորումները։

Լեւոն Տեր-Պետրոսյանի փաստարկները եւ կանխատեսումները մարգարեություններ չէին, այլ կոնկրետ թվերի, փաստերի, միջազգային օրենքների եւ հայտնի աքսիոմատիկ ճշմարտությունների հիման վրա արված առարկայական, պարզ, հասկանալի ու համոզիչ քաղաքական հաշվարկներ։ Անհնար է պատկերացնել, որ չնախապաշարված, այլ նպատակներ չունեցող եւ տարրական բանականությամբ օժտված մարդը չէր կարող այդ ամենը չընկալել ու չհասկանալ։ Առավել անհնար է պատկերացնել, որ այդ ամենը չէին կարող չընկալել պետական բարձր պաշտոններում տեւական քաղաքական աշխատանքի փորձ ունեցող մարդիկ։

Այսինքն, նման ծայրահեղ՝ զինված խռովության քայլի դիմելու համար դավադիրները ունեցել են իրենց նույնքան առարկայական, պարզ, հասկանալի ու սառը ԾԱԾՈՒԿ հաշվարկները, որոնք ենթակա չեն եղել հրապարակային ներկայացման։ Իսկ այդպես կարող էր լինել մի դեպքում, երբ այդ հաշվարկների հիմքում ոչ թե քաղաքական, այլ նեղ անձնական շահեր են։

Բացառված համարելով վերոնշյալ երկու բացատրությունները՝ նրանց իրական հաշվարկը պետք է հանգեր հետեւյալին.

Խաղաղ կարգավորման ծրագրի իրականացումից հետո, ինչպես ասվեց, իշխող քաղաքական ուժը (ՀՀՇ-ն) ամենամեծ հավանականությամբ կորցնելու էր իշխանությունը (ամենաուշը, ասենք՝ 1999 թ. խորհրդարանական ընտրություններում), եւ դա համոզմունք էր։ Իրենք էլ, որպես այդ իշխանության բարձր պաշտոնյաներ, ոչ միայն կորցնելու էին իրենց պաշտոնները, դիրքը, համարումը եւ այլն, այլեւ ստանալու էին նույն՝ «դավաճանի», «հող տվողի», «պարտվողականի» պիտակները։

Հիմա պատկերացնենք՝ «սպարապետ» հռչակված, հերոսի, հաղթողի համարումով, հսկայական ազդեցությամբ եւ իշխանությամբ Վազգեն Սարգսյանին՝ այդ ամենից զրկված եւ նման պիտակներով։ Նույնը՝ Ռ. Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի եւ մյուսների դեպքում։ Զրկվելու էին դիրքից, պաշտոնից, կարիերայից, հերոսի համարումից, դառնալու էին գործազուրկ այս բառի, գուցեեւ, բուն նշանակությամբ։ «Մարդկայնորեն»՝ հեշտ չէ համակերպվել նման հեռանկարի հետ, եւ նրանք չհամակերպվեցին։ Բայց խնդիրը ոչ թե «մարդկային», այլ քաղաքական էր, որն անձնականի զոհաբերման պատրաստակամություն է պահանջում։ Նման հեռանկարի հետ համակերպվել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ իրենց սկզբունքներին հավատարիմ մնացած նրա քաղաքական թիմի յոթ տասնյակից ավելի պաշտոնյաներ, միջին ու ստորին օղակներում հարյուրավոր մարդիկ, որոնք կա՛մ գործազուրկ դարձան, կա՛մ ամենաշատը  անտրտունջ վերադարձան իրենց նախկին համեստ աշխատանքին։

Արդեն հետին թվով անվիճելի դարձած եւս մի փաստ. Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի կողմից կատարված ահռելի թալանը, անձնական հարստացումը։

Որ սա է իրական բացատրությունը՝ կողմնակիորեն հաստատվում է ճիշտ նմանօրինակ թարմ,  արդեն կայացած մի փաստով։ Նկատի ունենք 44-օրյա պատերազմի համար Ն. Փաշինյանի խոստովանական հայտնի խոսքերն այն մասին, որ ինքը կարող էր կանխել պատերազմը, սկսվելուց հետո էլ կարող էր այն ավելի վաղ կանգնեցնել, եթե գնար ու ստորագրեր սեղանին դրված կարգավորման փաստաթուղթը՝ հավելելով, որ այդ դեպքում «կունենայինք շատ ավելի լավ վիճակ»։ Բայց դա չի արել, որովհետեւ այդ դեպքում իրեն կհամարեին «դավաճան», «հող տվող»։ Եւ հաջորդ պահին «ժողովրդի սիրեցյալը», «փրկիչը» կհայտնվեր տրամագծորեն հակառակ կարգավիճակում։ Իսկ այսպես՝ ինքը չի դավաճանել, ինքը «թղթով» հող չի տվել, բոլոր զիջումներն էլ արել է հարկադրված,  ուստի՝ անձամբ անպարտ է։

Եթե նախապես ակնհայտորեն հայտնի աղետալի ելքով պատերազմի անմիջապես նախադռանը եւ հենց պատերազմի սկսվելուց հետո՝ ամենօրյա հարյուրավոր զոհերի եւ տարածքային կորուստների հանդիման, այս մեկը կարող էր հանուն սեփական իշխանության նման մտածելակերպով առաջնորդվել, ինչո՞ւ Վ. Սարգսյանը, Ռ. Քոչարյանը եւ մյուսները նույն կերպ չէին կարող մտածել ու վարվել 1998-ին, երբ, մանավանդ, այդ պատերազմը դեռ շատ հեռու էր։

Այնպես չէ, որ Ն. Փաշինյանը պահի տակ «սխալվել է»՝ հրապարակավ բացահայտելով իր գործելակերպի զուտ անձնական մոտիվը։ Ըստ էության՝ նույն բանը, ուղղակի ապագայի համար, ժամանակին ասել է նաեւ Վազգեն Սարգսյանը. «Ղարաբաղի հարցում հիմա կարիք չունենք փոխզիջման գնալու։ Կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք»։

Երկու դեպքում էլ հիմքում միմիայն ԱՆՁՆԱԿԱՆԸ ունեցող նույն մտածելակերպն է, նույն բանաձեւը, որ ոչ մի կապ չունի քաղաքականության եւ պետական մտածողության հետ։ Եւ 1997-98 թվականներին էլ հենց դա է եղել նաեւ Վ. Սարգսյանի, Ռ. Քոչարյանի եւ մյուսների վարքագծի իրական հիմքը, միակ շարժառիթը։

Ցավալին ու ողբերգականն այն է, որ այս մարդկանց՝ դիրք, համարում, իշխանություն պահելու հիմքով հաշվարկներն արդարացան թե՛ 1997-98-ին, թե՛ 2020-ին՝ որպես հետեւանք ունենալով այն համազգային կուրուստն ու աղետը, որի ահռելիությունը դեռ չի գիտակցվում. այդ կորստի ընդամենը մի մասը, մի դրվագն է 44-օրյա պատերազմն իր հետեւանքներով։

Իսկ թե ինչն է հնարավոր դարձնում, որքան անհեթեթ, նույնքան ողբերգական ու ազգակործան նման ընթացքը, եւ ինչ եղավ դրա դիմաց համազգային մեր վճարը՝ հաջորդ մասում, կրկին փաստերի լեզվով։

(Մի խնդրի մասին՝ միջանկյալ, որպես ծանոթություն)

Հայտնի է, որ Վազգեն Սարգսյանը առանձնանում էր զգացմունքային, հուզական, բռնկուն խառնվածքով։ Նրա հետ ամենօրյա մտերիմ անձնական շփումներ ունեցողների վկայությամբ՝ պետական հեղաշրջմանը նախորդած շրջանում նա մշտապես տվայտանքների մեջ է եղել՝ հաճախ կասկածել իր ընտրած ճանապարհի ճիշտ թե սխալ լինելու մեջ։ Ասում են՝ նաեւ, որ խորապես զղջացել է կատարած հեղաշրջումից քիչ անց։

Հայտնի է, որ Ռ. Քոչարյանի նախագահ դառնալուց հետո, շատ կարճ ժամանակում սրվել են վերջինիս հետ Վ. Սարգսյանի հարաբերություններն այնքան, որ 1999 թ. խորհրդարանական ընտրություններում նա դաշինք կազմելու առաջարկ է արել Ժողոդրդական կուսակցության առաջնորդ Կարեն Դեմիրճյանին, որը մեկ տարի առաջ նախագահական ընտրություններում Քոչարյանի վտանգավոր (իրականում՝ նրան հաղթած) հակառակորդն էր։ Նրանց կազմած «Միասնություն» դաշինքը հաղթեց. Վ. Սարգսյանն ստանձնեց հանրապետության վարչապետի, Կ. Դեմիրճյանը՝ ԱԺ նախագահի պաշտոնը։ Ռ. Քոչարյանը հայտարարեց, որ ինքը «դիտորդ» է դարձել, այսինքն՝ փաստական իշխանությունը անցել էր հաղթած դաշինքին։

Հնարավոր է, որ Վ. Սարգսյանը ինչ-որ պահի, իրոք, հասկացել է իր կատարած ճակատագրական սխալը եւ մտածել է այն շտկել (այդ մասին մասնավոր զրույցներում արտահայտվել են նրա հետ անձնական սերտ շփումներ ունեցած մարդիկ, որոնք գուցեեւ իրենց հուշերում դա հաստատեն)։ Բայց դա ոչինչ չի փոխում. ո՛չ նրա որեւէ ելույթում 1998-99-ին, ո՛չ «Միասնություն» դաշինքի նախընտրական ծրագրում ակնարկ անգամ չկա այն մասին, որ 1998-ին սխալ է տեղի ունեցել, որ պետք է հրաժարվել «ստատուս քվոն» պահելու ռազմավարությունից եւ վերադառնալ նախորդ՝ փոխզիջումների հիման վրա արցախյան խնդիրը կարգավորելու ուղեգծին։ Իսկ քաղաքական անհատի գործունեությունը գնահատվում է ոչ թե նրա հույզերով, զգացումներով ու թաքուն տվայտանքներով, այլ՝ հրապարակային խոսքով, դրանից բխող գործով, դրանցով գրանցված քաղաքական արդյունքով։

Պատմական դաժան փաստը մնում է հետեւյալը. 1998թ. պետական հեղաշրջումը առանց Վազգեն Սարգսյանի տեղի չէր ունենա, Ղարաբաղյան խնդիրը կկարգավորվեր ՀՆԱՐԱՎՈՐ լավագույն տարբերակով, երկրի ընթացքը չէր շեղվի դեպի աղետաբեր ճանապարհ։

Այսինքն, ըստ քաղաքական արդյունքի հաշվեկշռի՝ որքան որ էր Վազգեն Սարգսյանի (նաեւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ մյուսների) պատմական նպաստը մինչեւ 1997 թ. հանուն Արցախի, Հայաստանի, հայ ժողովրդի, ապա՝ հարյուրապատիկ մեծ է դրանից հետո նրանց տված անչափելի վնասը։ Եւ սա այլեւս օբյեկտիվ պատմական փաստ է։

Նախորդ հոդվածըՂրիմում ազգայնացրել են օտարերկրյա քաղաքացիների առնվազն 500 օբյեկտ
Հաջորդ հոդվածըԻ՞նչ բանակցություններ էին նախորդել Տեր-Պետրոսյանի հրաժարականին. Պետդեպի գաղտնազերծված փաստաթղթեր. «Ազատություն» (տեսանյութ)