‘Աշուն է գալու (արդեն եկել), թեժ է լինելու ‘

2170

Հանրահավաքը, որի անհրաժեշտության մասին այդքան երկար խոսում էին ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները՝ իրականություն է դառնում: Իսկ ավելի կոնկրետ՝ արդեն իսկ իրողություն է, քանզի արդեն իսկ որոշված է ոչ միայն հանրահավաքի անցկացման օրը, այլեւ՝ տեղն ու ժամը: Հանրահավաքը, կարճ ասած՝ արդեն իսկ անխուսափելի է: Կոնգրեսը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը» հոկտեմբերի 10-ին, ժամը 18-ին, Ազատության հրապարակում համատեղ հանրահավաք կանցկացնեն: ՀՅԴ-ն չի մասնակցի՝ սահմանադրական փոփոխությունների հարցում ունեցած անհամաձայնության պատճառով, բայց եւ հայտարարվեց, որ ՀՅԴ-ն մնացած հարցերի շուրջ կշարունակի իր համագործակցությունը Քառյակի ներսում:

Մինչ այդ՝ ոչ իշխանական չորս ուժերից նշյալ երեքը պատրաստվում են մարզային համատեղ այցելություններ կատարել: Կարճ ասած՝ գործընթացը սկսվել է:

Իհարկե, գործընթացը ցանկալի ավարտին հասցնելու համար համախմբված քաղաքական ուժերը դեռ պետք է ոչ միայն շարունակեն իշխանությունների վրա ուղղված ճնշումը, այլեւ ավելի ու ավելի ուժեղացնեն այն: Բայց սա հարցի մյուս կողմն է:

Իսկ կարեւորն այս պահին այն է, որ առաջին համազարկն արդեն տրված է: Բանն այն է, որ դեռեւ մինչ հանրահավաքի օրվա հրապարակայնացումը՝ արդեն իսկ իշխանությունները ձեռ ու ոտ էին ընկել՝ ակնհայտորեն ցույց տալով, որ միայն թեժ աշնան մտքից անգամ արդեն իսկ սարսափում են: Էլ հարցազրույցներ էին տալիս, էլ մեկնաբանություններ, էլ պատվիրված հոդվածների տարափ, վերջում էլ որտեղից-որտեղ բերեցին ոստիկանական զորավարժություններ կոչված բեմադրությունը: Այսինքն՝ դեռ ոչ իշխանական ուժերը չէին հայտարարել հանրահավաքի օրը, իսկ իշխանության ներսում արդեն համար մեկ էր հայտարարված, ամբողջական մոբիլիզացիա:

Իսկ այժմ արդեն, երբ օրն ու ժամը, տեղն էլ հետը՝ հայտնի են, իշխանությունները, որոնք դեռ հույս ունեին, որ մինչեւ հանրահավաքի օրվա պաշտոնական հրապարակումը, դեռ կարող են այն հօդս ցնդեցնել՝ Քառյակի ներսում պառակտում մտցնելով, արդեն իսկ համոզվեցին, որ իրենց ձեռքի տակ ունեցած բոլոր շուստրի պլանները տապալվել են: Ընդ որում՝ այդ հարցում նրանց չի օգնի նույնիսկ այն, որ Դաշնակցությունը սահմանադրական փոփոխությունների հարցում անհամաձայնություն ունենալու պատճառով չի մասնակցի հանրահավաքին:

Մի խոսքով, թեժ աշնան մեկնարկը, որը մեզ խոստացել էին ոչ իշխանական ուժերը, եւ որի անհրաժեշտության մասին բարձրաձայնում էին ՀՀ քաղաքացիները, տրվել է: Մնում է միայն պահել տեմպը, զգոն լինել ու չթուլանալ: Աշուն է գալու (արդեն եկել), թեժ է լինելու:

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի դեսպան. ՆԱՏՕ-ն պետք է պատասխանի առկա սպառնալիքներին ‘
Հաջորդ հոդվածը‘Ավանում եւ Աջափնյակում ջուր չի լինի’