‘Ապօրինաբար վստահված անձ գրանցված եւ ակտիվիստին «էժան տղա» անվանող ՀՀԿ-ական թեկնածուն «թանկանոց» տղա է ‘

6361

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մալաթիա-Սեբաստիայի 8/09 ընտրատեղամասում պարզվել էր, որ Երևանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի 85-րդ տեղում գտնվող, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Գևորգի Մանուկյանը տեղամասում գրանցվել է որպես ՀՀԿ-ի վստահված անձ: Այն, որ սույն երիտասարդը վստահված անձ լինելու իրավունք ուղղակի չուներ, ակնհայտ է, քանի որ դա օրենքի բացահայտ խախտում է: Որոշ ժամանակ անց էլ lragir.am-ը նույն այս երիտասարդի պահվածքի մասին տեսանյութ է տարածել, որտեղ պարզ երևում է, որ սույն երիտասարդւ իրեն պահում է վերջին խուժանի նման: Նա անընդհատ գոռում էր քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանի վրա, եւ որ ամենաուշագրավն է, վերջինիս անվանում էր՝ «էժան տղա»: 

Այո, Մանուկյանը, թերեւս, մարդկանց թանկի եւ էժանի բաժանելու առիթ ունի: Բանն այն է, որ սույն երիտասարդը (ծնված 1983 թվականին), ով ԵՊՀ դասախոս է եւ մեկ էլ՝ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականը, իր դասախոսի կարգավիճակի համեմատ բավականին «թանկ» ունեցվածք է հայտարարագրել ԿԸՀ: 

Մարդը, ով ըստ նույն հայտարարագրի, աշխատում է միայն որպես դասախոս եւ պատգամավորի օգնական, բացի իր աշխատավարձից (ԱԺ-ից՝ տարեկան 1 մլն 183 հազար դրամ, ԵՊՀ-ից՝ տարեկան 338 հազար դրամ) բավականին մեծ գումարներ ունի իր բանկային հաշվին: Ահավասակ՝ 10 մլն դրամ, 45 հազար դոլար եւ 80 հազար եվրո:  

Փաստորեն՝ կարող ենք արձանագրել, որ գործ ունենք իրեն սովորական թաղային խուժանի նման պահող մի «դասախոսի» հետ, որի եկամուտները, թերեւս, հենց առաջին հանգամանքն է ապահովում: 

Նախորդ հոդվածը‘Ավագանու ՀՀԿ-ական թեկնածուն գրանցվել է որպես վստահված անձ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘4/23 ընտրատեղամասում քաղաքացիներից մեկին միանգամից երկու քվեաթերթիկ են տվել’