‘Առասպելների վերջը, կամ՝ Տեր-Պետրոսյանը ստիպում է մտածել’

2717

                                                         «Անկախության ողջ շրջանում

Հայաստանն իր արտաքին քաղաքականության

 մեջ ձգտել է առաջնորդվել Ռուսաստանի

և Արևմուտքի հետ հավասարաչափ

 հարաբերությունների հաստատման

սկզբունքովչի՛ ենթարկվել Արևմուտքի

միակողմանի քաղաքական ազդեցությանը

չի՛ դարձել Ռուսաստանի քաղաքական

 արբանյակը։ Այսինքն` Հայաստանը

 փորձել է լինել ո՛չ ռուսամետ, ո՛չ էլ

 արևմտամետ, այլ առաջնորդվել է

 բացառապես սեփական ազգային շահերով»:

 

 Լևոն ՏերՊետրոսյան

Հոկտեմբերի 17, 2008 թ.

Մատենադարան

 

Հայաստանյան հանրային կարծիքը, անշուշտ՝ ո՛չ առանց քաղաքական ուժերի օժանդակության և գոնե անկախության վերջին շրջանում,  մշտապես դեգերել է աջ ու ձախ ծայրահեղությունների, հնամաշ և նորահայտ մտակաղապարների, առասպելների ու անպատասխան հանելուկների միջակայքում:

Հայ ազգային կոնգրեսի և Լևոն Տեր-Պետրոսյանի խնդիրն, ուրեմն, ի սկզբանե և հերթական անգամ՝ բարդ էր. ստեղծել մի քաղաքական կենտրոն, կայացնել հայաստանակենտրոն ձեռնհաս մի համակարգ, որը ժամանակի ընթացքում ոչ միայն կկազմաքանդեր առկա ավազակապետական բուրգը, այլև դրա տակ կթաղեր առկա և հնարավոր բախտախնդիրների վերելքը՝ խափանված համակարգերի, ժողովրդի աղքատության, ստորացման, պրկված նյարդերի և տրորված գիտակցության ու արժանապատվության վրայով…

Խոշոր հաշվով, այսինքն, Հայ ազգային  կոնգրեսն ու նրա ղեկավարը ոչ թե կամ ո՛չ միայն պարզ իշխանափոխության խնդիր էին դնում իրենց առջև, այլև կամենում էին երկիրն ազատագրել պետական կառավարման հարցում բացառիկ անպատրաստ և մինչև ուղնուծուծը հանցագործությունների մեջ թաղված խմբակից՝  մեկ, հանրային կարծիքն ու գիտակցությունն ազատագրել նույն այդ խմբակի թունավոր «ներբեռնումներից», վիրուսներից ու մանիպուլյացիաներից՝ երկու:

ՀԱԿ-ն, այդպիսով, արդարացիորեն համոզված էր, որ միայն ա՛յդ դեպքում ցանկացած նոր իշխանություն այլևս երբեք չէր դառնա հնի  վատորակ ժառանգությունը, իսկ ամեն մի արկածախնդիր ձեռնարկ ոչ միայն կաթվածահար  չէր անի պետական կառավարման հարցում այլևս կայուն արժեքներ, արդյունավետ համակարգեր  ունեցող ու կոնկրետ քաղաքական պահանջներ ձևավորող հանրային օրգանիզմը, այլև կպատժվեր ու կմերժվեր դեռ մարմին չհագած…

Ցավոք, տարոնա-նժդեհական հայրենասիրության քողի տակ երկիրն աղետած ռեժիմին, վստահ եմ՝ առժամանակ, հաջողվեց կասեցնել այս ընթացքն անմիջապես երևացող իշխանափոխություն-արդյունքի տեսանկյունից, և, ինչպես երևում  է, նրան վերջին ճիգերով հաջողվում է նաև այն աստիճան մանիպուլյացիայի ենթարկել նույնիսկ կարող և երիտասարդ ուժերի գիտակցությունը, որ սրանք սկսեն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը քննարկել հատկապես իշխանությանը ցանկալի մտասևեռումների առասպելականացված դաշտում: Այսինքն, շատերը հիմնադիր նախագահի խոսքն ընկալում են ոչ թե հենց ասվածի, առավել ևս՝ դրա՝ ժամանակի մեջ ստուգմա՛ն տեսանկյունից, այլ հատկապես իրենց պարտադրված մտակաղապարների տեսքով: Ուղղակիորեն, թե այս միջավայրում ենթագիտակցորեն պարտադրված՝ կարևոր չէ…

Իսկ ի՞նչ է ասել Տեր-Պետրոսյանն իրականում: Փորձենք հասկանալ բացարձակապես փաստերի և, կրկնում եմ, ժամանակագրության մեջ, որովհետև, թերևս, նա այն միա՛կ քաղաքական գործիչն է, ով մշտապես բացառիկ հավատարմություն է դրսևորել իր խոսքի նկատմամբ տարինե՛ր շարունակ…

Նախագահն, այսպիսով, իր վերջին ելույթում նշել է, թե մեր իրականության մեջ Մայդան տեղի չունեցավ մի քանի պատճառներով, և հերթով թվարկել է դրանք: Պատճառներից մեկը,  ըստ նրա, պատմական է:

«Հակառուսական տրամադրված որոշ անհատների և մարգինալ տարրերի մշտական առկայությամբ հանդերձ, Հայաստանում հակառուսականություն, որպես երևույթ, երբևէ գոյություն չի ունեցել և հիմա էլ գոյություն չունի։ Անկախ նրանից՝ տվյալ կատեգորիկ պնդումը ոմանց դուր կգա, թե ոչ, մենք գործ ունենք մի անհերքելի իրողության հետ, որի ակունքները պետք է փնտրել բացառապես հայ ժողովրդի ոչ հեռավոր պատմության ծալքերում։ Անհնար է ժխտել, որ վերջիվերջո հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունն ապահովվել և հայոց պետականությունը վերականգնվել է Մեծ Հայքի ռուսական տիրապետության տակ հայտնված տարածքում։ Հետևաբար, անհնար է նաև այս իրողությունը ջնջել հայ ժողովրդի պատմական հիշողությունից՝ վերածված գրեթե կենսագոյության բնույթի ենթագիտակցության, ինչը հատուկ է մանավանդ ցեղասպանության ենթարկված ազգերին»,- հայտարարել է նախագահը: Հիմա՝ ի վիճակի՞ է որևէ մեկը, ախ-օխ-աման բացականչություններից անդին, որևէ իրական հակափաստարկ ներկայացնել ասվածին:

Ուղիղն ասած՝ մեր պատմությանը քիչ թե շատ ծանոթ որևէ մեկի համար այս պնդմանը հակադարձելը նման կլիներ արևն արևմուքից «դուրս բերելու» ծիծաղելի ջանքին: Համենայն դեպս, հակափաստարկներն ուղղակի բացակայում են, թեպետ՝ բացականչությունների պակաս չկա:

Իսկ որտե՞ղ է այստեղ առասպելը՝ կհարցնեք: Առասպելն իրականում, նախ՝ ժողովրդի շրջանում հակառուսականության անփաստարկ հորինման մեջ է, և ապա՝ իրավիճակի նկարագրության՝ Տեր-Պետրոսյանին վերագրվող ռուսոֆիլությունն ու իբր՝ Ռուսաստանի իդելականացումը…

Ոչի՛նչ, որ մարդը նույն ելույթում անմիջապես էլ շարունակում է, թե «Այս ամենը չի նշանակում, անշուշտ, որ հայ ժողովուրդը տառապանքներ չի կրել ցարական Ռուսաստանում կամ Խորհրդային Միությունում։ Սակայն, ի տարբերություն Օսմանյան Թուրքիայի, այդ տառապանքները չեն սպառնացել նրա ֆիզիկական գոյությանը…Ցարական Ռուսաստանում և Խորհրդային Միությունում հայ ժողովուրդը տառապել է այնքան, որքան կայսրության մնացյալ բոլոր ժողովուրդները. ոչ ավելի և ոչ պակաս»։ Կարևորն, ուրեմն, Տեր-Պետրոսյանին շտապ ռուսոֆիլության մեղադրանք հասցեագրելն է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին նույն և այլ մարդիկ արևմտամետության-սովետը քանդելու-ջհուդա-մասոնական գործիք լինելու մասին էին բարբաջում: Լեզվի տակ ոսկոր չկա՝ ինչպես ասում են:

Հետաքրքիր է, որ նախագահին, բացի անհույս կարծրամիտներից, մեղադրում են նաև մի ժամանակ նրան ամենաշա՛տը ներբողներ ձոնողները՝ զգուշորեն հետաքրքրվելով, թե իսկ ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում, իբր, միայն ցարական Ռուսաստանի մասին՝ չանդրադառնալով ներկայիս պուտինյան  վարչակարգին ու նրա կողմից մեզ հասցրած վերքերին:

Որևէ  հակափաստարկ չպարունակող այս պարզունակ, բայց ենթատեքստի տեսանկյունից հասկանալի հետաքրքրասիրության բավարարումն ու ասպարեզից դրա իսպառ բացառումն, իհարկե, ամենահեշտերից է և ուղղակի աղերսներ ունի նյութի սկզբում արծարծված հայաստանակենտրոնության հետ: Կոնկրետ իր կառավարման տարիների հետ կապված՝ Տեր-Պետրոսյանը մեկ անգամ չէ, որ խոսել է հավասարակշռված քաղաքականության մասին, և հենց այս նյութի բնաբանը գործող պատասխան է այդ առումով:

Ինչ վերաբերում է քոչարյանա-սարգսյանական վարչակազմի կողմից վարվող քաղաքականությանը, ինչի առիթով, ի դեպ, ներկայիս ակտիվ բողոքականներին այդպես էլ չենք հիշում ընդվզելիս, Տեր-Պետրոսյանը բազմիցս անդրադարձել, դատապարտել և նույնիսկ կանխորոշել է իրադարձությունների այն ստորացուցիչ ընթացքը, որով այժմ առաջ ենք գնում: Ընդ որում՝ Շարժման առաջին իսկ օրերից  սկսած: Հենց այս նոր ելույթու՛մ էլ նա հստակ ձևակերպել է, որ իր համար մերժելի է զորիբալայանական տիպի ռուսամետների գյուլիստանյան փիլիսոփայությունը, որը, անկախ կոնկրետ քաղաքական նկատառումներից կամ ի հեճուկս այդ նկատառումների, ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային անկարողության խոստովանություն։ Բայց քանի որ նրա իբր ընդդիմախոսների համար առավել կարևոր է մատից հոտ քաշելը, ոչ թե բանախոսին լսելը, ասվում է այն, ինչ ուզու՛մ են ասել: Փաստերն, ինչպես միշտ, կարևոր չեն: Չէ՞ որ խնդրի ամենաթեթև դիտարկումն անգամ միանգամից կարող է ապացուցել, որ Տեր-Պետրոսյանը երբևէ ինքն իրեն չի հակասել, ինչպես այժմ կամենում են նենգափոխել՝  մեկ, շարունակում է նույն վտանգավոր՝ վերջում ճիշտ լինելու բնավորությունը դրսևորել՝ երկու: 

Օրինակ՝ երբ սրանից չորս տարի առաջ տարատեսակ ֆյուլեների լուռ-խոսուն օժանդակությամբ և մարտի մեկի արյան գնով Սերժ Սարգսյանը կարողացավ պահպանել իր խայտառակ իշխանությունը՝ միանգամից արևմտամետ դառնալով և բոլորիս մեջ հիասթափություն առաջացնելով արևմտյան երկակի ստանդարտների նկատմամբ, Տեր-Պետրոսյանը շա՛տ արագ անդրադարձավ կատարվածին:

«Ինչո՞վ բացատրել Սերժ Սարգսյանի կտրուկ շրջադարձը դեպի Արևմուտք։ Չէ՞ որ մինչ այժմ նա հայտնի էր որպես Հայաստանի ամենառուսամետ պետական գործիչը։ Չմոռանանք, որ նա է «Գույք` պարտքի դիմաց» գործարքի գլխավոր ճարտարապետը: Գործարք, որի շնորհիվ Հայաստանի համարյա ողջ էներգետիկ համակարգը հանձնվեց Ռուսաստանին։ Չմոռանանք նաև նրա նշանակալի դերակատարությունը «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության» շրջանակներում, ինչպես նաև ռուսական հատուկ ծառայությունների ու հանցագործ աշխարհի հետ նրա սերտ համագործակցության մասին շրջանառվող համառ խոսակցությունները։ Արդ, ի՞նչն է ստիպել Սերժ Սարգսյանին հրաժարվելու ռուսական կողմնորոշումից և շրջվել Արևմուտքի կողմը։ Պատճառը, ակնհայտորե՛ն, Հայաստանի պետական շահը կամ ռազմավարական նկատառումները չեն, այլ իր լեգիտիմության խնդիրը լուծելու պարզ շահագրգռությունը, ինչին եվրոպացի բյուրոկրատները, փաստորեն, ամեն գնով են աջակցում»,- հանրահավաքներց մեկում հայտարարեց նախագահը:

Դրանից հետո էլ ամենատարբեր առիթներով դատապարտելով իշխանությունների կողմից վարվող հայ-ռուսական ուղղահայաց քաղաքականությունը և պնդելով, որ մեր ուշադրությունը կենտրոնացնենք հատկապես սրա՛նց, ոչ թե Պուտինի ուղղությամբ, ով բնավ մեր նախագահը չէ, Տեր-Պետրոսյանը, արդեն այս տարվա փետրվարին, «ՉԻ»-ին տված հարցազրույցում, ժողովրդագրական աղետն աչքի առջև ունենալով՝ հետևյալ կանխատեսումն արեց. «Այս քաղաքականության մղձավանջային հետևանքն ինձ համար ակնհայտ է։ Եթե Սերժ Սարգսյանի նախագահական առաջին ժամկետում մեր երկրից արտագաղթել է տարեկան 50 հազար մարդ, ապա երկրորդ ժամկետում արտագաղթելու է արդեն տարեկան 100 հազար։ Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը կանգնելու է դեմոգրաֆիական աղետի և պետականության կորստյան վտանգի առջև։ Բնակչության թվի շեշտակի նվազման հետևանքով տասը-քսան տարի հետո մեր երկիրը կորցնելու է իր պաշտպանունակությունը և կրկին հայտնվելու է 1920 թվականի երկընտրանքի առջև, այսինքն՝ վերջնական բնաջնջումից խուսափելու և ազգի գոյությունը մի կերպ ապահովելու համար սեփական իշխանությունների ձեռքով ինքնակամ հրաժարվելու է անկախությունից և, որպես դաշնության սուբյեկտ կամ ասոցացված անդամ, ուղղակի մտնելու է Ռուսաստանի կազմի մեջ»:

Ինչ վերաբերում է արդեն սեպտեմբերի երեքին, ի տարբերություն մնացած բոլոր քաղաքական ուժերի, ՀԱԿ-ի և Տեր-Պետրոսյանի գնահատականը կրկին միանշնակ էր: Ներկայացնելով ԵՄ, թե ՄՄ կեղծ ընտրանքի՝ տարիներով պետության հիմքերում դրված վտանգը, նախագահը միանշանակ սերժսարգսյանական անպատասխանատու իշխանությա՛նը մեղադրեց կատարվածի համար՝ միաժամանակ հավելելով, որ գիտակցում է իր խոսքին հետևելիք և այսօր արդեն իրականություն դարձող վտանգը:

«…վերջին շրջանում, շատ լավ գիտեք, փորձում էին Սերժ Սարգսյանին ներկայացնել որպես լայնախոհ, արևմտամետ գործիչ, իսկ մեզ՝ խավարամիտ ռուսամետներ: Հիմա՝ Սերժ Սարգսյանի այս 180-տոկոսանոց շրջադարձից հետո, ես ձեզ հավատացնում եմ, վստա՛հ եղեք, նույն այդ մարդիկ մեզ փորձելու են հակառակ՝ հակառուսի պիտակը փակցնել: Ես այստեղ իսկապես լուրջ վտանգ եմ տեսնում: Ես բազմիցս եմ ասել, որ մենք ոչ ռուսամետ ենք եղել, ոչ ամերիկամետ: Մենք ուրիշ սկզբունք ենք դավանում՝ փորձել չլինել հակառուս և հակաարևմտյան: Սա՛ է եղել մեր սկզբունքը»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը՝ այդկերպ մի անգամ ևս ապացուցելով, որ ոմանց խեղկատակությունը վաղուց արդեն ախտորոշված, բացահայտված և դեն է նետված գոնե մտածող մարդկանց շրջանում:

Անշուշտ, ի տարբերություն հանիրավի պիտակավորողների ու ախուվախ անողների, կարելի էր ապացույցների շարքը ժամանակագրական եղանակով դեռ երկար շարունակել: Բայց ասվածն էլ բավական է, որպեսզի ամփոփենք. եթե այսքանից հետո Հայաստանում որևէ մեկի խիղճն ու միտքը դեռ զորում է Տեր-Պետրոսյանին ու ՀԱԿ-ին վերագրել չեղած ռուսոֆիլություն, կամ այդ մեկը բանականության և տրամաբանության հետ խնդիրներ ունի, կամ՝ էլի՛ շտապ անհրաժեշտ է եղել Սերժ Սարգսյանի ավազակապետության վրայից ուշադրությունը շեղել դեպի փորձված թիրախ, ազգովի բոլորիս հիմարացնելով: Ասես՝ ոչ պետություն ունենք, ոչ մտածելու ընդունակություն…

Գոհար Սիմոնյան

Հ.Գ. Նյութն արդեն պատրաստ էր, երբ սոցիալական ցանցերում հայտնվեց հերթական կեղծ մեղադրանք-փաստարկը: Իբր՝ իսկ ինչու՞ Տեր-Պետրոսյանը ռուսների՝ այս վարչակազմին օժանդակելու մասին չի խոսում: Պատասխանը, եթե իրենց նեղություն տային, կգտնեին դեռ 2008-ի հոկտեմբերի 17-ին, Մատենադարանի մատույցներում հնչած ելույթի տեքստում: Եւ հետո՝ նախագահը պարտավոր չէ տկարամիտների համար ամեն անգամ նույն բանը կրկնել: «Ռուսաստանը, ցավոք, Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը կասկածի տակ չի դրել։ Նախագահ Պուտինն առաջիններից մեկն էր, որ դեռևս ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումից առա՛ջ շնորհավորեց նրան։ Իսկ Սարգսյանը, իր հերթին, խախտելով դիվանագիտական վարվելակերպի կանոնները, մի այնպիսի չափազանցված երախտագիտություն հայտնեց Ռուսաստանին, որն անհարմար դրություն ստեղծեց վերջինիս դիվանագիտության համար։ Սերժ Սարգսյանը լեգիտիմության ճանաչման խնդիր ունի Արևմուտքում…Այսինքն՝ Սարգսյանն այս հարցում Ռուսաստանից սպասելիք չունի, որի հետ կապված՝ ամեն բան պարզ է, և նրա միակ հույսը Արևմուտքի բարեհաճությունն ստանալու ակնկալիքն է»: Մի բան, որ ֆյուլեները, փաստորեն,  տեղը տեղին ապահովեցին՝ Հայաստանում հնձելով այն, ինչ հենց իրենք էին ցանել…

Նախորդ հոդվածը‘Պռոշյանի գյուղապետի սպանության գործով համատեղ քննչական խումբ է ստեղծվել’
Հաջորդ հոդվածը‘«Ալ Ջազիրայի» անդրադարձը` դեկտեմբերի 23-ի դեպքերին (տեսանյութ)’