‘Առաքել Սեմիրջյան. Արդյո՞ք մեզ ձեռնտու է ժողովրդավարական Եթովպիան’

2011

Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ հայաստանյան քաղաքական դաշտի մեծ մասը որևէ պատկերացում անգամ չունի քաղաքականության վերաբերյալ և այլ երկրներում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին նայում է զգայական և հուզական հարթության մեջ: Քաղաքականության մեջ չգտնվող մարդիկ իրենց կարող են թույլ տալ այնպիսի վերլուծություններ անել, որ Ուկրաինայի մասնատվելով կամ Ռուսաստանի՝ եվրոպական ֆրոնտում պարտությամբ՝ աշխարհի վրա «խաղաղություն» կիջնի, սակայն երբ այդպիսի վերլուծություններ են անում քաղաքական դաշտում քիչ թե շատ ներկայանալի մարդիկ, հասկանում ես, որ Հայաստանի քաղաքական մտքի «երևելի» մասը գտնվում է խոհանոցային մակարդակում:

Արդյոք որևէ մեկը Հայաստանում հաշվարկե՞լ է, թե որն է Հայաստանի համար ավելի ձեռնտու՝ Ուկրաինան դառնա ժողովրդավարակա՞ն, ֆաշիստակա՞ն թե՞ ռուսական…, կամ ո՞րն է Հայաստանի համար ձեռնտու՝ Ռուսաստանը տարածաշրջանում թուլանա՞, թե՞ ուժեղանա, կամ ընդհանրապես՝ մասնատվի: Խնդիրն այն է, որ, նախ և առաջ, Հայաստանի քաղաքական ուժերը հարցերին պետք է նայեն ոչ թե Ուկրաինայի, Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի կամ Սուդանի ժողովրդի շահերի տեսակետից, այլ՝ Հայաստանի:

Դաժան բան եմ ասելու, դրա համար նյարդերից թույլերը այս տողը կարող են չկարդալ: Արդյո՞ք մտածել եք, որ հնարավոր է՝ Թուրքիայի մասնատումը կործանարար լինի Հայաստանի համար, կամ որ Ռուսաստանի՝ տարածաշրջանից դուրս մղվելը Հայաստանը դարձնի Իրանի մաս, կամ՝ Ուկրաինայում ժողովրդավարական ուժերի հաղթանակը բերի Ուկրաինայում բնակվող հայերի կոտորածների… Մի զարմացեք աբսուրդային թվացող տարբերակների վրա, չէ՞ որ երիտթուրքերն էլ էին իրենց ժողովրդավար ու առաջադեմ կոչում, և ի՞նչ ստացվեց արդյունքում:

Ասածս այն է, որ Հայաստանի քաղաքական ուժերը ոչ թե պետք է աջակցեն կամ փնովեն այս կամ այն պետությանը և նրա ղեկավարին, այլ ցանկացած հարց պետք է դիտեն՝ «արդյո՞ք  Հայաստանը դրանից կշահի, թե՞ կտուժի» տեսանկյունից: Իսկ միգուցե Ուկրաինայի մասնատո՞ւմն է Հայաստանին ձեռնտու, կամ էլ՝ Իրանի ժողովրդավարացո՞ւմը: Դժվար է այսպես ոտքի վրա ու ձեռքի հետ ասել՝ որն է Հայաստանին ձեռնտու, որը՝ ոչ, դրա համար էլ զարգացած երկրներում որևէ այլ երկրում տեղի ունեցող գործընթացն ուսումնասիրվում է որոշակի ինստիտուտների կողմից, և եզրակացությունը տրվում է երկրի ղեկավարությանը, թե որ տարբերակի դեպքում ինչն ավելի օգուտ կամ վնաս կբերի իրենց երկրներին:

Հնարավոր է նաև՝ սխալ եզրակացություններ լինեն (սխալից որևէ մեկն ապահովագրված չէ), սակայն այստեղ ոչ թե սխալի կամ ճշտի հարցն է, այլ մոտեցման, այն հարցն է, թե ինչպես են քաղաքական ուժերը նայում այլ երկրներում տեղի ունեցող գործընթացներին: Արդյո՞ք նրանք այդ ամենը դիտում են իրենց երկրի շահի պրիզմայից, թե՞ օտար երկրներում բնակվող ժողովուրդների շահերի դիտանկյունից: Իրավապաշտպանների խնդիրն այլ է, սակայն քաղաքական ուժերի և իրավապաշտպանների տարբերությունն էլ հենց այն է, որ եթե նրանց համար դժվար է ընկալել քաղաքական այս ձևակերպումը, ավելի լավ է՝ դուրս գան քաղաքականությունից և զբաղվեն իրավապաշտպանությամբ ու քաղաքական հավակնություններ չունենան, քանի որ այդ հավակնությունները կարող են վտանգավոր լինել սեփական երկրի համար:

Վերջերս մի ստատուս էի գրել. «Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե Թուրքմենիայի կամ Ուզբեկստանի ժողովրդավարացումը լա՞վ է, թե՞ վատ», սակայն, ցավոք սրտի, ընկերներիս մեծ մասը չհասկացավ ասածիս իմաստը: Այն է՝ թե մեզ ի՞նչ՝ Թուրքմենիան ժողովրդավարակա՞ն է, թե՞ ավտորիտար, կարևորը՝ հասկանալ, թե որն է Հայաստանի համար ավելի ձեռնտու:

Սաուդյան Արաբիան երբևէ չի փայլել իր ժողովրդավարությամբ, սակայն ԱՄՆ-ի քաղաքական ուժերը չեն պահանջում ժողովրդավարություն հաստատել այնտեղ, քանի որ, ըստ նրանց՝ ոչ ժողովրդավարական Սաուդյան Արաբիան կամ Քաթարը ավելի ձեռնտու են ԱՄՆ-ին, ու հենց այդպիսի Սաուդյան Արաբիան կարող է լինել ԱՄՆ-ի ամենամոտիկ դաշնակիցը: Իսկ ահա Իրաքի դեպքում ԱՄՆ-ին պետք է ժողովրդավարական Իրաք, կամ քաղաքացիական պատերազմի մեջ շաղախված Սիրիա: Կարող է՝ նույն երկրների վերաբերյալ Ռուսաստանը տրամագծորեն այլ մոտեցում ունենա, և Ռուսաստանին ձեռնտու լինի ժողովրդավարական Սաուդյան Արաբիա, կամ ոչ ժողովրդավարական Իրաք, բայց դրանից՝ մեզ ի՞նչ:

Կարևորը՝ մենք հասկանանք՝ Հայաստանի համար որն է լավ, որը՝ վատ, իսկ ուրիշ երկրների ժողովուրդները իրենց լավն ու վատը ուշ թե շուտ կգտնեն: 

Նախորդ հոդվածը‘Սամիզդատի և համացանցի համեմատությունը Տ. Պասկևիչյանի փաստավավերագրական ֆիլմում ‘
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Գալուստ Սահակյանի առաջարկը ԱԺ-ում ապօրինությունների ստեղծման մեխանիզմ է (Տեսանյութ)’