‘Առաքել Սեմիրջյան. Դպրոցն ու մեր վախերը’

4215

Քանի որ վաղուց հոդված չեմ գրել, մտքերս փորձեցի շարադրել ֆեյսբուքում, բայց հետո «փոշմանեցի» ու որոշեցի ավելի ընդարձակ անդրադառնալ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ, ցավոք սրտի, որևէ տեղ չհանդիպեցի Կարպիս Փաշոյանի հեռացման վերաբերյալ համապարփակ նյութի: Նորից եմ կրկնում. անդրադարձներ շատ եղան, սակայն դրանք չէին ներկայացնում ոչ միայն ամբողջական պատկերը, այլև դրա կեսն էլ չէին ապահովում։ Խոսքը հարցի խորքայնության մասին է: Միգուցե այդպիսիք եղել են, պարզապես իմ աչքից են վրիպել, ինչի համար ներողություն եմ խնդրում այդպիսի նյութ հրապարակողներից։

Ինչու հենց պատմության ուսուցչին

Ինչպես գիտենք, մեր իշխանությունները ենթագիտակցական վախ ունեն պատմությունից, և ուզենք թե չուզենք, քանի որ ներկայում երկրի ամեն ինչը վերցրել են իրենց տիրապետության տակ ու այլևս որևէ բան չի մնացել վերցնելու, նրանք պետք է կռիվ տան պատմության հետ, որպեսզի մաքրեն իրենց հետքերը, ու կապ չունի՝ այդ պատմաբանի անունը Կարպիս է, թե Սարգիս, միևնույն է՝ նրանք ենթագիտակցական վախ ունեն պատմության հետ «առնչություն» ունեցող ցանկացած «ըմբոստ» մեկից, ով չի վախենա պատմել իրականությունը, և կապ չունի՝ այդ մեկը սովորական ուսուցիչ է, թե գիտաշխատող:

Ինչու հենց տղամարդ ուսուցիչ

Ինչպես գիտենք, մեր դպրոցների ուսուցիչների 90 տոկոսից ավելին կանայք են, սակայն նույնը չէր կարելի ասել մի քանի տասնյակ տարիներ առաջ, երբ ուսուցիչների կեսը տղամարդ էր, իսկ կեսը՝ կին, ու ինչպես ցանկացած ընտանիքում, այնպես էլ դպրոցում՝ երեխաները շփվում էին տարբեր սեռի ներկայացուցիչների հետ և կրթություն ստանում ինչպես կանանցից, այնպես էլ՝ տղամարդկանցից:  Մենք շատ լավ գիտենք, որ երեխան եթե «միակողմանի» դաստիարակություն է ստանում՝ ինչպիսի ծանր հետևանքներ կարող են լինել նրա կյանքում, իսկ քանի որ Հայաստանի տղամարդկանց մի ստվար զանգված գտնվում է խոպանում, երեխաները տանը տեսնում են միայն իրենց մայրերին, ու գրեթե բացակայում է տղամարդկանց տնային դաստիարակությունը, իսկ եթե դրան էլ գումարվում է նաև տղամարդկանց դաստիարակության բացակայությունը դպրոցում, սա հղի է ծանր հոգեբանական հետևանքներով:

Ու ինչքան էլ կուզեք հավատալ, ինչքան՝ ոչ, ապա այսօրվա Հայաստանում գենդերային խտրականությունն ուղղված է ոչ թե կանանց նկատմամբ, այլ հենց տղամարդկանց, ու խոսքը ոչ թե քաղաքական վերնախավի մասին է, այլ միջին ու միջինից ցածր խավերի: Իհարկե, դրա բացատրությունն էլ կա. քանի որ կինն ընտանիքի հոգսերի առյուծի բաժինը կրում է իր ուսերին, այդ իսկ պատճառով ընտանիքում և աշխատատեղերում նրա «իրավունքներն» էլ են մեծանում, ինչից էլ առաջանում է կանացի խանդը, որ կոլեկտիվում ինչքան քիչ արական սեռի ներկայացուցիչ լինի, այնքան՝ լավ:  Սա նաև կարող է լինել զուտ մարդկային նախանձ, որը ենթագիտակցորեն կարող է բացատրվել այնպես, որ եթե իրենց ամուսիններն ու որդիները արտերկրում են, ապա ինչու մեկ այլ հայ երիտասարդ համաձայնել է չհեռանալ երկրից ու չնչին աշխատավարձով փորձում է իր ապագան կապել Հայրենիքի հետ՝ այն դեպքում, որ նրանց ամուսինները չեն դիմացել նմանատիպ պայմաններին ու մի կտոր հաց վաստակելու համար հեռացել են երկրից:

Քաղաքական պատճառներ

Հայաստանի գրեթե բոլոր դպրոցները «պղծվում են» ընտրություններով, որովհետև այնտեղ բացվում են ընտրատեղամասերը, և ուսուցիչների մեծ մասին ստիպում են ներգրավվել հանձնաժողովներում ու հօգուտ իշխանությունների զբաղվել ընտրակեղծարարությամբ: Հենց այն պահից, երբ ուսուցիչը ներգրավվեց այս պրոցեսներում, նա այլևս դադարում է ուսուցիչ լինել ու վերածվում է, բառիս բուն իմաստով՝ մանկապիղծի, քանի որ ընտրակեղծարար դառնալով՝ այլևս ոչ մի դեպքում չի կարող մանուկ սերունդ կրթել ու մտածել երեխաների ապագայի մասին, քանի որ արդեն իսկ ընտրակեղծարարությամբ կործանել է այդ երեխաների ապագան: Իսկ երեխաները՝ իմանալով այդպիսի ուսուցիչների մասին (նման դեպքերը ուշ թե շուտ իմացվում են), անմիջապես վերածվում է  զոհի, քանի որ նրա համար իր ուսուցիչը ոչ թե գիտելիք տվող է, այլ «ուրիշ» արժեքային համակարգի կրող: Իսկ եթե աշակերտը տեսնում է արդարության համար պայքարող ուսուցչի, նրա մեջ արթնանում են վեհին ու բարձրին ձգտող զգացմունքները, և հենց այդ արժեքներով էլ առաջնորդվում է:

Սիմվոլների առկայությունը դպրոցներում

Ես դեմ չեմ, որ հանրապետության ղեկավարի նկարները դրվեն պետական հաստատություններում, թեկուզև դպրոցներում, միայն այնպիսի վայրերում, որտեղ դասավանդվում է նորագույն պատմություն, և երեխաները պետք է իմանան իրենց երկրի ղեկավարներին։ Սակայն, երբ այդ պատկերները դրվում են դպրոցի մուտքում, ու ամեն մանուկ պետք է ամեն օր «վայելի» այդ պատկերները, դրանով մենք ոչ թե երկրի իշխանությունների հանդեպ սեր ենք սերմանում, այլ ճիշտ հակառակը։ Գնացեք ցանկացած զարգացած երկիր ու գեթ մեկ դպրոցում գտեք իրենց հոգևոր կամ քաղաքական առաջնորդների նկարները դպրոցների մուտքից կախված, և կհասկանաք, որ այդպիսի արարքը ոչ միայն հակաէսթետիկ է, այլ նաև գռեհիկ, ու խոսքը չի վերաբերում միայն ներկա ղեկավարությանը, կամ՝ լեգիտիմ են նրանք, թե ոչ լեգիտիմ, այլ անցյալի ու ապագայի մասին էլ է խոսքը:

Պահանջարկ և առաջարկ

Վերջապես, եթե երեխաները հարգում են տվյալ ուսուցչին, ու հարգանքը վերածվում է այդ ուսուցչի կողմից դասավանդվող առարկայի նկատմամբ հետաքրքրությամբ ու սիրո, ապա ինչի մասին է խոսքը: Ի վերջո, ո՞րն է ուսուցչի խնդիրը. առարկայի հանդեպ երեխաների սերն ու հետաքրքրությունն արթնացնելը, իսկ զուտ դպրոցի շահն էլ այն է, որ ունենան այդպիսի շատ ուսուցիչներ, որպեսզի դպրոցի երեխաների թիվը ավելանա: Եվ ինչու՞ ենք վախենում մրցակցությունից հենց դպրոցի ու ուսուցիչների միջև. եթե այդպիսի առողջ մրցակցություն կա, ապա միայն պետք է ողջունվի, ոչ թե դպրոցների մրցակցությունը պետք է լինի «էլիտարության» ֆոնի վրա:

Հիմա վերադառնանք սկզբին ու հասկանանք վերջապես, թե ինչու դպրոցից հեռացրին մեր պատմության ուսուցչին։ Որովհետև նշածս փաստերի առկայության դեպքում՝ այլ կերպ չէր էլ կարող լինել։ Եվ միակ ելքն այն է, որ երկրում բացվեն ազատ դպրոցներ կամ դպրոցները դառնան ավելի ազատ, որպեսզի իրենց պատերի ներսում հանդուրժեն ոչ միայն բազմակարծությունը, այլ նաև հաշվի առնեն նշածս մնացած հանգամանքները, որպեսզի և՛ սերունդը սերունդ մեծանա, և՛ մենք չվախենանք ամեն անգամ մեր երեխաներին դպրոց ուղարկելիս:

Նախորդ հոդվածը‘Դևիդ Գետտան երկրպագուներին խնդրել է օգնել Եվրո-2016-ի հիմնը գրելու գործում’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Պառլամենտարիզմի տխուր փորձը Հայաստանում’