‘Առաքել Սեմիրջյան. Հեղափոխության տարբերակները’

2097

Բռնապետական երկրներում իշխանափոխության համար ընդամենը երկու տարբերակ կա՝ կա՛մ հեղափոխություն, կա՛մ էլ՝ ժողովուրդը այնքան է կանգնում փողոցում, մինչև իշխանություններից մասեր պոկվեն ու միանան ժողովրդին, եւ ավազակապետական համակարգը փլուզվի:

Եթե այդ ընթացքում բանակը հանվում է ժողովրդի դեմ, ու գերտերությունները չեն դատապարտում իշխանությունների այդ քայլը, երկու տարբերակի դեպքում էլ ժողովուրդը չի հասնի հաջողության, պարզապես՝ հեղափոխության դեպքում իշխանությունները կհայտարարեն և աշխարհին կապացուցեն, որ համաչափ ուժ են կիրառել, իսկ երկրորդ տարբերակի դեպքում՝ կփորձեն սուտ տեղեկություններ տարածել, թե իբր ժողովուրդը  խանութներ է թալանել և զանգվածային անկարգություններ հրահրել: Իշխանություններին, իհարկե, չի հաջողվի ապացուցել այդ սուտը, պարզապես՝ երկիրն այնքան կթուլանա, որ այդ սուտը գերտերությունները կօգտագործեն տվյալ երկրի դեմ:
Այժմ, փաստացի՝ Հայաստանը գտնվում է երկրորդ տարբերակի մեջ: ՀՀ իշխանությունները տասը մարդու սպանությամբ և ռազմական հեղաշրջմամբ վերարտադրվեցին: Գերտերությունները, աչք փակելով ՀՀ իշխանությունների կատարած ապօրինությունների վրա՝ վերջին հինգ տարում զիջումները-զիջումների հետևից են կորզում: Բանն ընդհուպ հասել է այն կետին, որ զիջումները տեղի են ունենում Հայաստանի ինքնիշխանության հաշվին:

Կարծես գերտերությունների մրցավազք է սկսել, թե ով ավելի շատ կարող է պոկել Հայաստանից: Ինքնիշխանության կորուստը ոչ այնքան այս կամ այն միության կազմում անդամակցելն է, այլ այն, թե արդյո՞ք որևէ ձայնի իրավունք ունես այդ կամ այն կազմակերպությունում:

Իսկ երկիրը, որը իր էներգետիկ ամբողջ համակարգը նվիրաբերել է մեկ այլ երկրի, երբ ջրային, երկաթուղային, կապի համակարգն էլ է ամբողջությամբ տվել այլ երկրներին, էլ չեմ խոսում, որ վերջին տասը տարում շուրջ 400 հանք է սեփականաշնորհվել, և դրանց մեծ մասն էլ տրվել է այլ պետության, այսքանից հետո խոսել ինքնիշխանության մասին՝ մի փոքր տարօրինակ է: Հիշեցման համար ասեմ, որ մինչև 1998 թվականը Հայաստանի որևէ հանք սեփականաշնորհված չի եղել, իսկ էներգետիկ, կապի և տրանսպորտի համակարգն էլ գտնվել է Հայաստանի ձեռքում: Ընդդիմախոսները կարող են առարկել, թե այդ ժամանակ էլ շենքեր ու շինություններ են սեփականաշնորհվել, սակայն ի գիտություն նրանց՝ ասեմ, որ մինչև 1998 թվականը որևէ ստրատեգիական օբյեկտ չի սեփականաշնորհվել: Այսքան երկար-բարակ տնտեսական համեմատություններ արեցի, որպեսզի ցույց տամ, թե ինչի է բերում օրինակարգության կորուստը, և ինչ հետևանքներ են լինում, երբ բանակը հանվում է ժողովրդի դեմ:

Եւ ուրեմն, ինչպե՞ս վերականգնել արդարությունը:

Շատերը կարող են ընտրել հեղափոխությամբ արդարությունը վերականգնելու ճանապարհը, սակայն այդ ճանապարհը չափազանց վտանգավոր է, քանզի իշխանությունները կարող են դիմել տարատեսակ սադրանքների՝ իրենց վայրագություններն ու ապօրինությունները արդարացնելու նպատակով:

Մյուս տարբերակը Հայ ազգային կոնգրեսի ընտրած ճանապարհն է: Այն չնայած շատ երկար է ու հոգնեցուցիչ, սակայն միակ ճանապարհն է՝ օրինակարգությունն անցնցում վերականգնելու համար:

Հինգ տարվա համառ աշխատանքի շնորհիվ հաջողվել է երկրում այնպիսի վիճակ ստեղծել, որ որևէ քաղաքական ուժ, բացի իշխանություններից, չի պաշտպանում երկրում  վարվող արտաքին և ներքին քաղաքականությունը, իսկ իշխանություններն էլ որևէ տրամաբանական բացատրություն չեն կարողանում տալ իրենց կատարած քայլերի համար: Այսինքն,՝ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որ առանց ցնցումների հնարավոր է քաղաքական կոնսոլիդացիա ստեղծել և իշխանություններին «համոզել», որ իրենց իշխանության մնալը սպառնում է երկրի կործնմանը, այն, ինչ նրանք մեզանից էլ լավ գիտեն:

Այս պարագայում բանակին այլ ելք չի մնում, քան հեռու մնալ քաղաքական գործընթացներից, քանի որ նրանք էլ են տեսնում, թե ինչ հետևանքներ է ունենում իշխանությունների կողմից բանակի օգտագործումը:

Նախորդ հոդվածը‘Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը կհանգեցնի մի շարք ապրանքների սակագների աճի’
Հաջորդ հոդվածը‘Ցուցարարները ՄԻՊ-ից պահանջում են միանալ 4 խմբակցություններին ‘