‘Առաքել Սեմիրջյան. Մահ կամ արտագաղթ’

2130

Սոցիալական կայքերում և մամուլում ամեն օր կարելի է տեսնել տարբեր տարիքի մարդկանց նկարներ, ովքեր այս կամ այն մահացու հիվանդությամբ տառապելով՝ հասարակության օգնությունն են հայցում: Նրանցից շատերը չգիտեն էլ, որ հարազատներն ու ընկերներն իրենց համար դրամահավաք են կազմակերպել, սակայն դրանից հարցի էությունը չի փոխվում:

Հիվանդների մեջ քիչ չեն նրանք, ովքեր մինչ հիվանդությունը սոցիալապես անապահով խավի մեջ չէին մտնում, իսկ հիվանդությունից հետո վաճառել են իրենց տուն-տեղն ու փորձում են պայքարել հիվանդության դեմ: Շատ դեպքերում տան վաճառքից հավաքված գումարն էլ չի հերիքում հիվանդությունը հաղթահարելու համար, այդ պատճառով էլ նրանց հարազատները դիմում են հասարակության օգնությանը: Չեմ կարող ասել՝ քանի դեպքում է հասարակութունը օգնության ձեռք մեկնում, սակայն հստակ կարող եմ ասել, որ ամեն շաբաթ մահացու հիվանդությունից տառապող նոր դեմքեր են հայտնվում մամուլում ու սոցիալական ցանցերում:

Մի քանի տարի առաջ մեր ֆեյսբուքյան ընկեր Լուսինե Վայաչյանը, ով վարակված էր «Հեպատիտ C» հիվանդությամբ և իր հիվանդությունը թողած՝ ուրիշ հիվանդների համար էր դրամահավաք կազմակերպում, նշում էր, որ պետությունը որևէ կերպ աջակցություն չի ցուցաբերում հիվանդ մարդկանց: Տեսնելով, որ դրամական միջոց չունենալու պատճառով ինքն էլ չի բուժվի և դատապարտված է մահվան, Լուսինեն արտագաղթեց արտերկիր և քաղաքական ապաստան ստանալով Եվրոպական երկրներից մեկում՝ այժմ ձրի է ստանում   անհրաժեշտ բուժումը: Թող որևէ մեկն իր հայրենասիրության աստճանը չհամեմատի ուրիշինի հետ և մարդկանց արտագաղթը քննարկելուց առաջ թող մի պահ նայի՝ արդյո՞ք այդ մարդիկ որևէ այլընտրանք ունեին:

Նույնիսկ աֆրիկյան ու լատինաամերիկյան երկրների մեծ մասում մահացու հիվանդությամբ տառապողների համար կան պետության աջակցության մեխանիզմներ: Ավելին, ըստ էության, ցանկացած պետության «արժանապատվության» հարցն է այն, թե տվյալ պետությունը ինչպես է վերաբերվում իր երկրում ապրող հիվանդներին: Կարելի է մի պարզագույն ցուցիչ սահմանել, որ այն երկրներում, որտեղ հաշմանդամներն ու հիվանդները պաշտպանված են պետության կողմից, պաշտպանված են բոլոր մարդիկ: Իսկ Հայաստանում նույնիսկ հանրաճանաչ մարդիկ՝ լինի գրող, դերասան, արվեստագետ թե գիտնական… հիվանդության դեպքում կանգնում են չքավորության եզրին, և պետությունը ձեռքերը լվանում է նրանցից: Եւ շատ դեպքերում  այս կամ այն օլիգարխի քմահաճույքից է կախված լինում՝ արդյո՞ք նրանց կյանքը «կերկարի», թե՞ նրանք կմահանան՝ մահվանից հետո դառնալով ազգի պարծանքն ու հպարտությունը:

Վերջերս իմացա, որ նույնիսկ Բելառուսի ու Ռուսաստանի խուլ գյուղերում մահացու հիվանդների բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա: Իսկ Հայաստանո՞ւմ:

Խոսելով Հայաստանում պետպատվերի շրջանակներում բուժման մասին՝ գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ տարվա առաջին եռամսյակից հետո պետպատվերից ստացվող գումարները վերջանում են, և հիվանդները կրկին մնում են «բարի մարդկանց» հույսին: Սա վերաբերում է նաև մանուկներին, ու եղել են դեպքեր, երբ «պետպատվերի» վերջանալու պատճառով մահամերձ երեխաներին չեն ընդունել հիվանդանոցներ, էլ չեմ ասում դեղորայքի մասին. Հայաստանի բոլոր պետական հիվանդանոցներում  իսպառ բացակայում են ձրի ներարկիչն ու բինտը, իսկ Հիպոկրատի երդմանը հավատարիմ բժիշկներն էլ ստանում են չնչին աշխատավարձ և իրենց միջոցներով են բուժում հիվանդներին: Ու թող մեծ-մեծ «չփրթեն» «Ապահով Հայաստանի» մասին խոսողները. հերիք է՝ ցանկացած մարդ մեկ անգամ ընկնի հիվանանոց և տեղում կհասկանա, թե որն է իրական «Ապահով Հայաստանը»:

Իհարկե, հասկանալի է, որ պետությունը չունի բավարար ռեսուրսներ՝ բոլորին օգնելու համար, սակայն երբ իշխանության ներկայացուցիչները իրենց հաշիվներում պաշտոնապես ունեն միլիոնավոր դոլարներ, կեսն էլ գրանցել են օֆշորներում, մինչդեռ մի քանի հազար դոլար չունենալու պատճառով ամեն օր հիվանդություններից մարդիկ են մահանում, այլընտրանք չի մնում մարդուն. Կա՛մ արտագաղթել ու հայցել քաղաքական ապաստան, կա՛մ մնալ «Ապահով Հայաստանում» ու չքավորության աստիճանին հասնելուց հետո մեռնել հիվանդությունից:

 

Նախորդ հոդվածը‘Նուբարաշենում գտնվող զինծառայողների ծնողներին տեսակցություն չեն թույլատրում’
Հաջորդ հոդվածը‘Դպրոցի բակում հայտնաբերվել է հակատանկային արկ’