‘Առաքել Սեմիրջյան. Մարտի 1-ի գործը բացահայտված է վաղուց’

2889

Փետրվարի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս ««Մարտի 1-ի գործով» նախաքննության ընթացքը՝ 7 տարի անց» թեմայով: Ասուլիսի ընթացքում «Մարտի 1» Հասարակական կազմակերպության համակարգող, գրող, հրապարակախոս Առաքել Սեմիրջյանը, անդրադառնալով նոր ի հայտ եկած հանգամանքներին, նշեց, որ դատախազությունը փորձում է տեսակավորել հանցագործությունները՝ «Չերյոմուխայի» զոհերը առանձին են տեսակավորում, ինքնաձիգներից զոհվածներինը՝ առանձին, «Մակարով» տեսակի ատրճանակից զոհվածներինը՝ առանձին, եւ ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի  եւ Սամվել Հովհաննիսյանի մահերը՝ առանձին:
«Քանի որ Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը եւ Տիգրան Խաչատրյանը՝ երեքն էլ մահացել են «Չերյոմուխա» տեսակի զենքից, ինչը՝ պետք է նշել, որ եղել է միայն ոստիկանների մոտ, այստեղ բացահայտելու խնդիր չկա, մենք ունենք 4 մարդ, ով կրակել է այդ զենքից, պետք է ուղղակի պարզվի, թե 4-ից՝ ով է կրակել: Այդ 4 մարդասպանին մենք ունենք, բայց դատ չի եղել, որ պարզենք, թե ո՞վ է եղել: Եթե դատ լինի, ամեն մեկը կասի, իրենց ցուցմունքները կտան»,- ասաց Առաքել Սեմիրջյանը:
Նրա հավաստմամբ՝ Մարտի 1-ի գործը բացահայտված է վաղուց, մարդասպաններն էլ են բացահայտված, հրամաններ տվողներն էլ են բացահայտված, հազարավոր ականատեսների ներկայությամբ սպանություն է տեղի ունեցել, եւ այդ սպանությունը «չբացահայտել» հնարավոր չէ, հարյուրավոր ֆոտոներ եւ վիդեոներ գոյություն ունեն:
«Մարտի 1-ի գործը 42 հատոր է, ես ամբողջը կարդացել եմ, եւ դուք մոռանում եք, որ բացի 10 զոհերից՝ կա 500 վիրավոր, որոնք ցուցմունք են տվել եւ նշել են, որ տեսել են՝ ովքեր են իրենց վրա կրակել, բայց որեւէ քննություն չի սկսվել դրանից հետո»,- նշեց բանախոսը:
Ասուլիսի ժամանակ, շահարկումների վերաբերյալ քննարկված հարցին անդրադառնալով, Առաքել Սեմիրջյանը նշեց, որ որեւէ ուժ չի սեփականաշնորհել Մարտի 1-ի գործը, եւ ծնողները ուրախ կլինեն, որ ցանկացած ուժ զբաղվի այդ հարցով: «Եթե Կոնգրեսից նեղացել են, ապա ծնողները ի՞նչ կապ ունեն Կոնգրեսի հետ, զոհերից նեղանում են՝ ի՞նչ անեն»,- ասաց նա:
«Մարտի 1-ը հայ ժողովրդի սեփականությունն է, այն իմաստով, որ եթե չի բացահայտվում՝ Հայաստանը գտնվում է մարդասպանների տիրապետության տակ»,- հայտարարեց Սեմիրջյանը:
Առաքել Սեմիրջյանը անդրադարձավ նաեւ գլխավոր դատախազի տված՝  տղամարդկային խոսքին:
«Չեմ հասկանում, ամեն ինչում տղամարդկային խոսք է տալիս՝ Գյումրու դեպքերին, մարտի 1-ին: Չեմ հասկանում՝ քրեական օրենսգրքում այդպիսի կատեգորիա կա՞»:
Նա նշեց նաեւ, որ իշխանությունը, ցանկության դեպքում, քայլեր կարող է անել՝ կարող է հուշաքար բացել, տղաներին հերոսի կոչումներ տալ:
«Այդ երեխաները զոհվել են Հայաստանի ազատության համար: Եղանակներ ունի, եթե ցանականում է՝ փոխհատուցում կարող է անել»,- ասաց Առաքել Սեմիրջյանը:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Այլևս ինձ իրավասու չեմ համարում խոսելու ԲՀԿ-ի անունից ‘
Հաջորդ հոդվածը‘Ռոբերտո դի Մատեո. «Գիտեմ, թե ռուրյան դերբիում ինձանից ինչ են ակնկալում»’