‘Առաքել Սեմիրջյան. Պատահական հաջողություն’

4587

Վերջերս գործարանում մի պատահարի ականատես եղա. բարդ մեքենասարքավորում էր վնասվել, և մեկ շաբաթից ավելի տարբեր մասնագետների ներգրավումով այդպես էլ չհաջողվեց վերականգնել: Արդեն «ձեռ էին քաշել» այդ սարքավորումից, բայց աշխատակիցներից մեկը համարձակություն վերցրեց իր վրա և երկու օրվա ընթացքում կարողացավ խելքի բերել այդ սարքավորումը: Սպասվում էր, որ ղեկավարությունն ու այն աշխատակիցները, որոնք մեկ շաբաթ չարչարվել էին այդ մեքենան գործի գցելու համար, պետք է ուրախանան և խրախուսեն այդ սարքավորումը աշխատեցնող անձին, սակայն, ի զարմանս ինձ, տեղի ունեցավ հակառակը` այս բոլոր թվարկածս անձինք հայտարարեցին, որ այդ սարքավորումը սարքվել է պատահականորեն:

Ինչի հիշեցի այս պատմությունը։ Որովհետև մեր ժողովրդին ամեն տեղից քարոզում են պատահական հաղթանակների միֆը, որ կարելի է ոչինչ չանել և ունենալ որևէ արդյունք: Ամենևին չբացառելով պատահականությունների գոյությունն առհասարակ բնության մեջ, ամեն դեպքում նույն պատահականություններն էլ պետք է տեղավորվեն որոշակի օրինաչափության մեջ, այլապես դրանք կլինեն ոչ թե պատահականություններ, այլ աբսուրդներ:

Բացի նրանից, որ այսպիսի քարոզն արժեզրկում է դիմացինի կատարած աշխատանքը, այլ նաև մարդկանց մեջ միտում է առաջացնում, որ կարելի է ոչինչ չանել ու «լատարեյ»-ով պատերազմ հաղթել, կամ էլ՝ լվացքի մեքենա: Իհարկե, վերջում չմոռանալով ասել, թե՝ ժողովուրդ ջան, արդար ա, արդար, բոլորդ խաղացեք այս խաղը: 

Մեկ շաբաթ այդ մեքենայի վրա աշխատած ու չհաջողած մարդկանց «ուրախության» պատճառը կարելի է սուբյեկտիվորեն հասկանալ, որովհետև միգուցե հոգու խորքում իրե՛նք էին ցանկանում լինել այդ վերանորոգման հեղինակը, բայց այն մարդիկ, որոնց մեքենայի աշխատանքն օդի ու ջրի պես պետք էր, ա՛յ նրանց կողմից «հաղթանակի պատահական լինելու» փաստի արձանագրումն է զարմանալի։

 Անդրադառնալով Արցախյան պատերազմին, որոշ «խելոքներ» ցանկանում են իրենցից ավելի «խելոքներին» համոզել, որ ով էլ լիներ իշխանության ղեկին, միևնույն է՝ մեր ժողովուրդը կհաղթեր այդ պատերազմը:

Չանդրադառնամ այն մտքին, որ եթե «հաղթող էիք», ապա ինչու մինչև այդ ղեկավարը ու դրանից հետո որևէ հաղթանակ չունեցաք, բայց ամեն դեպքում «խելոքներն» այդ հարցի պատասխանն էլ ունեն՝ եթե այդ ժամանակ ուրիշ անձ կանգնած լիներ իշխանության ղեկին, ապա Բաքուն էլ հաստատ կգրավեինք կամ մինինում՝ Կիրովաբադը:

Իհարկե, կարելի է «լատարեյ»-ով Կիրովաբադ շահել, բայց ահա Բաքվի հարցը մի փոքր չափազանցված է թվում ինձ:

Բայց ամենադաժանն ու միաժամանակ խոխման այն է, որ ցանկացած մեքենասարքավորում կրկին փչանալու սովորություն ունի, ու այս դեպքում էլ պետք է մի «պատահական հաղթանակող» մարդ գտնեք, որ գա ու նորոգի այդ ամենը, բայց աչքիս՝ այս անգամ պատահաբար խիար բուսնի, կամ էլ՝ «լատարեյ»-ով խիար շահենք…

Արդար ա, ժողովուրդ ջան, արդար ա…

 

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել’