‘Առաքել Սեմիրջյան. Պետենը, Միլոշևիչն ու Կարաջիչը’

1980

Հետաքրքիր է՝ աշխարհում եղե՞լ է մի «պատմական» գործիչ, որի մասին հակասական կարծիքներ չլինեն: Եթե նույնիսկ Հիսուսի մասին են տարբեր կարծիքներ հայտնում, ապա պարզ մահկանացուներն ի՞նչ են, որ նրանց վերաբերյալ հակասական կերպար չձևավորվի:

Որպեսզի տարընթերցումների տեղիք չտրվի, ասեմ, որ բնավ  նկատի չունեմ բացասական կարծիքների առկայությունը, այլ «ընդունվածից» տարբերը, ինչն արդեն իսկ տարբեր է: Այլապես, մենք, աղանդները չհաշված, չէինք ունենա նույն քրիստոնեության Ուղղափառ, Բողոքական և  Կաթոլիկ ճյուղերը, նույն մահմեդականության մեջ, չհաշված բազմաճյուղությունը՝ չէր լինի հիմնական երկու ուղղություն, այլ կլիներ ընդամենը մեկը, ու նույն Մուհամեդը տարաբնույթ ձևով չէր ներկայացվի: Այստեղ չի խոսվում կատարած մեծ ու փոքր գործերի մասին, այլ կոնկրետ պատմական դեմքի կատարած գործերի տարբեր մեկնաբանությունների մասին:

Սա դեռ հոգևոր ոլորտին է առնչվում, իսկ երբ այս ամենը վերաբերում է քաղաքական դեմքերին, ապա այդ քաղաքական գործչի մասին կարծիքները շատ ավելի հակասական են լինում, մանավանդ՝ եթե տվյալ քաղաքական գործիչը անցել է «պատերազմի» միջով:

Սա ոչ միայն վերաբերում է ախոյան ազգերի կարծիքին այս կամ այն գործչի վերաբերյալ (եւ բնական է, որ դրանք կարող են խիստ տարբերվել նշված գործչի մասին տվյալ ազգի մեջ եղած կարծիքից), այլև նրան, երբ նույն ազգը կարող է նույն գործչի մասին տարբեր կարծիքներ ունենալ` սկսած հերոսից, վերջացրած դավաճանով: Եւ տարբեր կոնտեքստներում ներկայացվելու դեպքում երկու այս ծայրահեղություններն էլ կարող են ճշմարտացի թվալ:

Պարզագույն մի դիտարկում. ցանկացած պատերազմի ընթացքում էլ լինում են և՛ կորուստներ, և՛ ձեռքբերումներ, ու մեկ գյուղի կորուստը տվյալ գյուղի բնակիչների համար երբեմն շատ ավելի կարևոր է, քան ընդհանուր պատերազմում ունեցած հաղթանակը: Ասել է թե՝ տվյալ գյուղի բնակիչները այդ գյուղը կորցրած զորավարին կարող են համարել դավաճան՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ այդ նույն զորավարը գրավել է մի ամբողջ հարևան երկիր: Մարդկայնորեն էլ է հասկանալի, որ պատերազմի ընթացքում իրենց հարազատներին կորցրած մարդիկ ավելի զգայուն են այդպիսի հարցերում և նույն հրամանատարներին կարող են տարբեր կերպ բնութագրել, ու այստեղ տարօրինակ բան տեսնելն անիմաստ է:

Տարօրինակը միայն այն է, որ այս պարզ ճշմարտությունները դժվար ընկալելի են քաղաքականության մասին սկզբնական պատկերացումներ ունեցող մարդկանց համար, որոնց թվում է, թե աշխարհը բաղկացած է միայն հերոսներից ու դավաճաններից, ու որ նույն մարդը չի կարող ազգի մի մասի համար լինել հերոս, իսկ մյուսի համար՝ դավաճան:

Սակայն եթե մի փոքր ավելի խորանանք քաղաքականության մեջ, ապա կտեսնենք, որ այսպիսի պիտակավորումներն էլ են ընդհանրապես վերանում, ու երևույթները դիտարկվում են զուտ տվյալ ժամանակաշրջանի իրադարձությունների կոնտեքստում, այլ ոչ թե մարդու հայրենասիրության տոկոսը որոշելու կամ հերոսության մակարդակը որոշելու գործով: Նախ, աշխարհում դեռ չի հայտնաբերվել որևէ գործիք, որով կչափվեր մարդու հայրենասիրության աստիճանը, ու պետք է հիասթափեցնեմ մեր ռոմանտիկ ընկերներին՝ դժվար թե այդպիսի գործիք ապագայում էլ ստեղծվի: Այդ իսկ պատճառով, ցանկացած պետական գործչի կարելի է գնահատել ոչ թե այդպիսի «գործիքով», այլ միայն նրա կատարած գործերի արդյունքով, թե ինչ նպատակով է նա տվյալ գործողությունն իրականացրել ու արդյո՞ք հաջողել է այդ նպատակին հասնել, թե՞ չի հաջողել:

Վերջերս մոդայիկ են դարձել Ֆիլիպ Պետենի անվան շուրջ քննարկումները, որոնց հիմնական մեխն այն է, որ նա Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆրանսիայի հերոս էր, ում շնորհիվ Ֆրանսիան կարողացավ հաղթել Գերմանիային, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ արդեն դավաճան, որին Ֆրանսիայի դատարանը  դատապարտեց ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցելու համար:

Այս մարդու քաղաքական ուղին արդեն իսկ մի քանի քաղաքագիտական դիսերտացիաների նյութ է, էլ ուր մնաց՝ ոտքի վրա գնահատականներ տանք նրա քաղաքական գործունեության դրդապատճառներին: Բնավ նպատակ չունեմ քննարկել այդ հարցը, այլ պարզապես ընթերցողների ուշադրությունը հրավիրեմ միայն այն փաստի վրա, թե 85 տարեկան հասակում Ֆրանսիայի Ազգային հերոսի ինչի՞ն էր պետք համագործակցել ֆաշիստական Գերմանիայի իշխանությունների հետ, այն դեպքում, եթե նա կարող էր մի կողմ քաշվել ու վայելել իր վաստակած ծերությունը ու նաև հայրենասիրական հայտարարություններ անել, կամ էլ՝ ընդհանրապես որևէ հայտարարություն չաներ ու շարունակեր մնալ ազգի «կուռքը»:

Ամեն դեպքում, չմոռանանք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆրանսիայի քաղաքները չոչնչացվեցին, ու ցեղասպանություն չիրականացվեց ֆրանսիացիների նկատմամբ, դեռ ավելին, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիան, որպես պետություն, ամբողջապես մասնակցած չլինելով հակաֆաշիստական գործողություններին՝ կարողացավ դառնալ «ատոմային» տերություն և ՄԱԿ Անվտանգության խորհրդի լիիրավ անդամ, որի պատվին արժանացել են միայն հաղթանակած պետությունները:

Վերադառնանք մեր ժամանակներ. Միլոշևիչն ու Կարաջիջը սերբերի համար մի քանի տարի դարձան ազգային երազանքներ իրականացնողներ, սակայն պատմության անիվը «սխալ» պտույտ գործեց, ինչի պատճառով Սերբիան ոչ միայն կորցրեց իր ազատագրած տարածքները, այլ նաև Սերբիայից առանձնացավ Կոսովոն, որի անկախացման մասին պատերազմից առաջ քչերը կարող էին մտածել: Այնուհետև մեր նորագույն պատմությունից հայտնի է, որ սերբ ազգի հերոսներ Միլոշևիչին ու Կարաջիչին, որպես ազգի դավաճանններ ու պատերազմի հանցագործներ, Սերբիայի իշխանությունները հանձնեցին Հաագայի միջազգային դատարանին, որտեղ էլ Միլոշևիչը կնքեց իր մահկանացուն:

Հիմա, արդյո՞ք նրանք հերոսներ չէին: Իհարկե, սերբերի որոշ մասի համար նրանք հիմա էլ են հերոսներ: Իսկ արդյո՞ք նրանք դավաճաններ էին. կրկին սերբերի մի մասի համար նրանք դավաճաններ էին, քանի որ նրանց «անխոհեմ» քաղաքականության պատճառով Սերբիան կորցրեց իր երկրի մի մասը:

Սակայն քաղաքական գործիչները այս պարագայում կխոսեն ոչ թե հերոսության կամ դավաճանության, այլ այն մասին, թե երկիրը ինչ ստացավ այս կամ այն գործչի իշխանավարման ընթացքում: Իսկ ոչ քաղաքական գործիչները կարող են տվյալ պատմական դեմքի հետ կապված ցանկացած հարց քննարկել՝ ըստ իրենց հայեցողության` սկսած նրանց  սիրուհիներից, վերջացրած նրանց հագ ու կապով: Պարզապես, մի խնդիր կա, մարդիկ, ովքեր այս ձևով են քաղաքականությանը վերաբերվում, ավելի լավ է մի փոքր հեռու կանգնեն քաղաքականությունից, որպեսզի «ազգին» չներքաշեն «ոչ քաղաքական», ասել կուզի՝ ռոմանտիկ, իսկ ավելի ճիշտ՝ արկածախնդիր գործընթացների մեջ: Այսօրվա Ուկրաինան էլ՝ ձեզ օրինակ:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի արտգործնախարար. Անհնար է, որ մենք ճանաչենք ցեղասպանությունը’
Հաջորդ հոդվածը‘Այդպես էլ իրականություն չդարձած «Հին Երևան» ծրագրի համար $120-130 մլն կներդրվի. Կառավարություն ‘