‘Առաքել Սեմիրջյան. Status Quo’

2052

Հայաստանի  քաղաքական արդի իրավիճակը հիմնված է մի հասկացության վրա, որի իմաստը դժվար թե նույնիսկ իշխանությունները հասկանան` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Ստատուս քվոն, և արդյո՞ք հնարավոր է անվերջ պահել դա:

 Նախ` տերմինը լատիներենից թարգմանենք, որ հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը. այս տերմինը լատիներեն նշանակում է «արդի վիճակ», կամ ավելի հասկանալի եթե ասենք` իրերի տվյալ պահին գործող իրավիճակ:

1998 թվականի հեղաշրջման ողջ փիլիսոփայություն այն էր, թե իրերի այդ վիճակը պահելով` հնարավոր է Հայաստանը զարգացնել, և ընդհանրապես հնարավոր է իրերի այդ վիճակը անընդմեջ պահել:

Գաղտնիք չէ, որ Հայաստանն Արցախյան պատերազմի զինադադարի պայմանագրի կնքման պահին շատ ավելի շահեկան վիճակում էր, քան Ադրբեջանը, և կրկին գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ Ադրբեջանը չէր կարող հարմարվել այդ իրավիճակին և պետք է փորձեր ամեն կերպ իր օգտին շրջել իրերի դասավորվածությունը:

 Ադրբեջանի ցանկությունների զսպման համար ընդամենը մեկ տարբերակ կար՝ Հայաստանի տնտեսական, քաղաքական և ռազմական վիճակը մի քանի անգամ լավացնել, քան Ադրբեջանինն էր, որով կստիպեր այդ երկրին` ժամանակավորապես «մոռանալ» իր նկրտումների մասին և սպասել իր համար ավելի նպաստավոր իրավիճակի:

Ստատուս քվոյի պահպանությունը նշանակում է` թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա:

Իսկ արդյո՞ք բնության մեջ հնարավոր է նման բան: Իհարկե` ո՛չ, ու սա ոչ թե փիլիսոփայական կատեգորիա է, այլ կյանքի օրենքներից մեկը, ըստ որի` ամեն ինչ փոխվում է, կյանքն ընթանում է առաջ, ու այսօրվա հաղթողը կարող է դառնալ վաղվա պարտվողը, վաղվա պարտվողն էլ` մյուս օրվա հաղթողն ու այսպես շարունակ: Եթե փիլիսոփայորեն եք ցանկանում հարցին նայել, ապա` նույն գետը երկու անգամ հնարավոր չէ մտնել:

Իհարկե, ցանկացած մարդ ուզում է երիտասարդ մնալ, բայց բնության օրենքներն այնպես են գործում, որ մարդը ծերանում է կամ այն ուժը չի ունենում` ինչ երիտասարդ տարիքում  և, ի վերջո, ստիպված է լինում հեռանալ կյանքից, ինչքան էլ շատ սիրի այդ կյանքը:

Մենք մեզ համար պարզեցինք, որ Ստատուս քվոն հնարավոր չէ անվերջ պահել, և եթե նույնիսկ մեր «հայրենասերների» ջանքերով Բաքուն կարողանանք գրավել, դա էլ չի նշանակում` ստատուս քվոյի պահպանում, այլ մի ուրիշ իրավիճակ, որտեղ հակառակորդը կապիտուլյացիայի է ենթարկվել:

Եթե այսքանը հասկանում ենք ու չենք ընկնում ծայրահեղությունների գիրկը, ապա պարզից էլ պարզ է, որ Ստատուս քվոն այս պահին պետությունների քաղաքացիներին որևէ օգուտ չի բերում, քանի որ այս պայմաններում Հայաստանը չի զարգանում, ոչ էլ խաղաղություն է կնքվում, որով սահմանային գոտում հնարավոր կլիներ խուսափել զոհերից:

Ուրեմն` այստեղից եզրակացություն, որ այս վիճակը ձեռնտու է միայն ՀՀ իշխանություններին, որպեսզի պետության թուլացմամբ և սեփական երկրի քաղաքացիների կյանքը վտանգի ենթարկելով` շարունակեն պաշտոնավարել և հարստանալ, այլապես ցանկացած շարքային ՀՀ քաղաքացու համար այս վիճակը մաշեցնող ու քայքայող է, որի ապացույցն էլ հազարավոր մարդկանց արտագաղթն է երկրից:

Այդ նույն արտագաղթն ինքնին` արդեն իսկ խախտել է ստատուս քվոն, և այժմ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են լիովին տարբեր իրավիճակներում, և այդ ստատուս քվոն միայն որպես տերմին է մնացել, իսկ իրականում մենք ունենք լիովին այլ իրավիճակ:

Ի վերջո, մեկ հարցի պատասխան պետք է տրվի` քանի՞ հոգով է ավելացել Հայաստանի  և Արցախի բնակչությունը 1998  թվականի հեղաշրջումից հետո, և արդյո՞ք այս 16 տարվա ընթացքում ՀՀ իշխանություններին հաջողվել է իրականացնել գեթ մեկ խոստում, ինչ տվել էին հեղաշրջումից առաջ, և ինչի շնորհիվ էլ եկան իշխանության: 

Նախորդ հոդվածը‘Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները այցելեցին սահմանամերձ գյուղեր’
Հաջորդ հոդվածը‘Գեներալ Մանվելի կարծիքով արտագաղթը դրական երևույթ է’