‘Առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք՝ Սուրիկ Խաչատրյանի մասնակցությամբ. ԱԱԾ’

1745

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք:
«ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016թ-ին պաշտոնավարող Սյունիքի մարզպետը, տեղեկանալով, որ իր հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձինք հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով ձեռք են բերել հողատարածք՝ նշված ձեռնարկատիրական գործունեությանն արհեստական խոչընդոտելու և ներդրումային ծրագրերը ձախողելու նպատակով, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց ցուցում է տվել նշված հողամասին հարակից՝ մուտքն ապահովող տարածքը իրացնել իր մատնանշած անձին: Իրավասու անձինք, կազմելով հողատարածքն աճուրդով օտարելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, կազմակերպել են վաճառքը, ինչի արդյունքում կառուցապատվող տարածքի սեփականատերը փաստացի զրկվել է հողամասը տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից: 
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Պարզաբանում՝ զինծառայողներ Գրիգոր Ավետիսյանի և Սուրեն Արամյանի սպանության, Արեգ Բաղդասարյանին և Հակոբ Գևորգյանին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ հարուցված գործով’
Հաջորդ հոդվածը‘Վահե Գրիգորյանը՝ ՍԴ դատավոր’