‘Առնվազն պետք է հանցագործության մասին հաղորդում տալ. Պատգամավորները՝ ՎՊ հաշվետվության մասին (տեսանյութ)’

1372

Այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետության քննարկման ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իշխանությունը երկատվել է՝ և՛ կոռումպացված է, և՛պայքարում է կոռուպցիայի դեմ, և՛ մարտի 1-ին գնդակահարել է 10 քաղաքացու, և՛ շահագրգռված է սպանությունները բացահայտելու մեջ:

«Ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում անենօրյա ռեժիմով մի հեռուստանախագծի ազդագիր է եթեր հեռարձակվում, որի մեջ պեդումայի նախագահի տեղակալ Վլադիմիր Վասիլևը այսպիսի արտահայտություն  է անում՝ եթե դու 10 անգամ ստուգում ես ու 10 անգամ գալիս, զեկուցում, որ գողանում են, ուրեմն՝ նախ և առաջ պետք է զբաղվես քեզանով: Այս սկզբունքը կիրառելի է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի նկատմամբ, ով վերջին ինը ամիսների ընթացքում ավարտին է հասցրել իր մի քանի միլիոն դոլարանոց առանձնատան շինարարությունը: Ինն ամիսը շատ կարևոր մի ժամանակահատված է, որովհետև ինն ամիս առաջ Իշխան Զաքարյանն ԱԺ-ում զեկուցում էր ուրիշների չարաշահումների մասին ու այսօր էլ զեկուցում է էլի ուրիշների չարաշահումների մասին»,- ասաց Փաշինյանը:

«Դաշնակցություն» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն էլ նկատեց, որ այսքան խախտումների բացահայտման հետ մեկտեղ որևէ քրեական պատասխանատվության հարց դրված չէ:

«Այնուամենայիվ, քննարկումները շատ կարևոր են, էական, անհրաժեշտ բաղադրիչ են մեր պետականության կայացման գործում: Այսքան մեղադրանքներ հնչելուց հետո կառավարության արձագանքը համարժեք չէ, հստակ խնդիր է դրված, Վերահսկիչ պալատը հրապարակային մեղադրում է գործադիր իշխանությանը ոչ միայն անփութության, ոչ միայն պատահական գումարների մսխման, այլև ուղիղ հանցագործությունների մեջ, իսկ կառավարությունը պատասխանում է, որ, այո՛, ընդունում ենք բացթողումները, բայց քրեական հանցագործության կասկածներ չենք տեսնում այդ ամենի մեջ: Մեկնումեկը պետք է պատասխան տա, չի կարող այնպես լինել, որ հրապարակային խոսվի ուտելու, խժռելու մասին, ու մեկնումեկը պատասխան չտա»,- նշեց պատգամավորը:

«Ժառանգություն» խմբակցությունից Ռուբիկ Հակոբյանը «նոնսենս» անվանեց այն, որ  այս շատ կարևորագույն փաստաթուղը ներկայացվում է, և գլխադասային հանձնաժողովն ասում է՝ ես ժամանակ չեմ ունեցել քննարկել այս փաստը:

«Սա աննախադեպ է: Ցանկացած բառ, եթե բյուջեին է վերաբերում, պետք է լիազոր ոլորտային հանձնաժողովը իր գնահատականը տա: Ուզում են շառից, փորձանքից հեռու մնալ, որովհետև եթե այն փաստերը, որոնք ներկայացրել են, համապատասխանում են իրականությանը, ապա առնվազն պետք է այդ հանձնաժողովը  հանցագործության մասին հաղորդում տա դատախազությանը, եթե ոչ՝ որպես զրպարտություն դիմեն՝ վերահսկիչ պալատի հետ կապված:

«Դաշնակցությունից» Արմեն Ռուսատմյանն էլ կարևորեց Վերահսկիչ պալատի՝ որպես ինստիտուտ կայանալու փաստը, քանի որ այն միակ անաչառ գործիքն է, որը նման լուրջ գործունեություն է իրականացնում:

«Պետք է շատ ուրախ լինենք, որ Վերահսկիչ պալատը վեր է հանում ինչ-որ խնդիրներ, իհարկե, ես հասկանում եմ, որ ինտրիգների դաշտում ենք դիտարկում ամեն ինչ, փնտրում ենք այդ ամեն ինչի հետևում անձ, անհատ: Այս գործի մեջ ներգրավված է երեք կողմ՝ Վերահսկիչ պալատը, գործադիրը և դատախազությունը: Եթե մենք այս երեք կողմերի վրա կենտրոնանանք, կտեսնենք, որ երեքն էլ չեն աշխատում հակակաշառման և զսպման այն իրենց բնորոշ առանձնահատուկ և դրա համար կոչված լիազորություններով, որը կբերեր օբյեկտիվբ քննարկումների դաշտ և մեզ հնարավորություն կտար կողմորոշվելու՝ որն է ճիշտ, որնէ սխալ»,- ասաց Ռուստամյանը: 

Նախորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ-ի բացահայտումները. Թե ինչպես են խաբում սպառողներին’
Հաջորդ հոդվածը‘Քենեդու շնորհիվ Ավստրալիան աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց. Տեսանյութ’