‘Առողջապահության համաշխարհային օրն այս տարի նվիրված է զարկերակային գերճնշմանը’

861

Առողջապահության համաշխարհային օրը` ապրիլի 7-ը, այս տարի նվիրված է զարկերակային գերճնշմանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս տարին այն անցկացնում է «Վերահսկեք ձեր զարկերակային ճնշումը, նվազեցրեք ինֆարկտի եւ ինսուլտի ռիսկը» կարգախոսի ներքո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի կազմակերպությունն ընտրում է գլոբալ, գերակա առողջապահական խնդիրներից մեկը, որին նվիրված միջոցառումներ է իրականացում եւ համաշխարհային եւ տարածաշրջանային մակարդակով:

«Միջոցառումների նպատակն է առաջին հերթին բարձրացնել հանրության իրազեկվածությունն այդ խնդիրների մասին»,- ասաց Հակոբյանը: Նրա խոսքով` զարկերակային գերճնշումն առողջապահական լուրջ խնդիր է, քանի որ համաձայն ԱՀԿ վիճակագրության` աշխարհի երեք չափահաս բնակչից մեկը (25 տարին լրացած) ունի բարձր զարկերակային ճնշում:

Հայաստանում չափահաս բնակչության մոտ 52 տոկոսի մոտ առկա է զարկերակային բարձր ճնշում: «Զարկերակային ճնշման նշման բարձր մակարդակը համաշխարհային լուրջ առողջապահական խնդիր է` նաեւ ելնելով հիվանդության տարածվածության եւ մահացություն առաջացնելու հանգամանքից»,- ասաց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը:

Զարկերակային գերճնշումը տղամարդկանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան` կանանց: Դա պայմանավորված է նրանով, որ ի տարբերություն կանանց` տղամարդիկ ավելի շատ են չարաշահում ռիսկի գործոն հանդիսացող ծխախոտը եւ ալկոհոլը:

1945 թվականին աշխարհի բոլոր երկրները ներկայացնող դիվանագետները հանդիպում կազմակերպեցին Միավորված ազգերի կազմակերպությունը հիմնելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև առողջապահության մի գլոբալ կազմակերպություն ստեղծելու հարցը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանադրությունն ուժի մեջ մտավ 1948 թ. ապրիլի 7-ին, և այդ օրն ամեն տարի նշվում է որպես Առողջության համաշխարհային օր:

Նախորդ հոդվածը‘Հայ Ազգային Կոնգրես կուսակցության համագումարի կազմկոմիտեի հայտարարությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռմբակոծությունից երեխաներ են զոհվել’