‘Ասանժը հայտարարել է, որ պատրաստ է հանձնվել բրիտանական ոստիկանությանը’

1181

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ կլքի Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը և կհանձնվի ոստիկանությանը, եթե ՄԱԿ-ի հանձնաժողովը չընդունի իր բողոքն ընդդեմ Բրիտանիայի:

ՄԱԿ-ի աշխատանքային խումբը ազատությունից ապօրինաբար զրկելու վերաբերյալ իր որոշումը կհրապարակի ուրբաթ օրը Ժնևում:

«Եթե վաղը ՄԱԿ-ը հայտարարի, որ ես տանուլ եմ տվել Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի դեմ գործը, ուրբաթ ցերեկը ես դուրս կգամ դեսպանատնից, որպեսզի հանձնվեմ բրիտանական ոստիկանությանը, քանի որ հետագա բողոքարկման հեռանկար այլևս չկա»,- ասվում է Ասանժի հայտարարության մեջ:

Ասանժի ղեկավարած WikiLeaks կայքը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ հրապարակեց Պենտագոնի, պետքարտուղարության և ԱՄՆ այլ պետական հիմնարկների հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր:

44-ամյա Ասանժը Էկվադորի դեսպանատանն ապաստան է խնդրել 2012 թ. հունիսին: 2014 թ. սեպտեմբերին նա բողոք է հղել ՄԱԿ-ին՝ պնդելով, որ իր «կալանքը» դեսպանատանը, որի հսկողությունը բրիտանական ոստիկանությունը միայն վերջերս է դադարեցրել, ապօրինի է: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան վիազային ռեժիմ է սահմանում ռուսաստանցի լրագրողների համար’
Հաջորդ հոդվածը‘«Քաղաքացի դիտորդ». Հանրաքվեի արդյունքները չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների կամքը’