‘Ավետ Պողոսյան. Անարյուն հեղափոխության սցենարը’

1865

Տասնամսյա ընդմիջումից հետո մարտի 1-ին կայացավ Հայ ազգային կոնգրեսի կողմից կազմակերպված եւ, ինչպես արդեն պարզ դարձավ, երկար սպասված հանրահավաքը: Ճիշտ է, այն նվիրված էր 2008-ին ազատության համար զոհվածների հիշատակին, սակայն նախօրոք հայտարարված օրակարգով, քաղաքական բովանդակությամբ՝ առանց չափազանցելու, կարող է դառնալ անկյունաքարային՝ այն առումով, որ հասարակության դատին հանձնվեց անարյուն հեղափոխության սցենարը` Տեր-Պետրոսյանի ծրագրային ելույթը: Ելույթի բովանդակությանը արդեն հանգամանալից անդրադարձել է Հրանտ Տեր-Աբրահամյանը` իր այսօրվա խմբագրականում: Մենք փորձենք ցույց տալ, թե ո՞վ է ելույթի հասցեատերը, ո՞ւմ էր այն ուղղված՝ առաջին հերթին:

Մինչ այդ, սակայն, անդրադառնանք մեր ընդդիմախոսներին և արձանագրենք, որ նրանց կողմից հնչեցված հետհանրահավաքային «մեղադրանքներում» առայժմ չի հնչեցվել որեւէ հակափաստարկ:

Հրապարակ եկած եւ չեկած մարդկանց՝ իշխանափոխության հասնելու օբյեկտիվ ցանկություններն էլ ոչ թե չեն հակասում Տեր-Պետրոսյանի ելույթին, այլեւ ամբողջությամբ նույնական են: Իսկ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի արձագանքը 40 000-անոց հանրահավաքին՝ որքան բռի, նույնքան էլ սպասված եւ քաղաքական բովանդակությունից զուրկ է: Ինչեւէ:

Միայն ռեժիմի հաճախորդների եւ քաղաքականապես ոտաբոբիկների համար պարզ չէ, որ 2011-ի քաղաքագիտական վերլուծությունը այլեւս անցում է կատարում գիտականից դեպի ռեալպոլիտիկի: Այն միս ու արյուն էր ստանում՝ վերջին ամիսներին ոչ իշխանական ուժերի պառլամենտական համագործակցությամբ: Իսկ ելույթում հնչած՝ հասարակական սեկտորին վերաբերող մասը, այն է` «մի խորշեք լոկալ հարցերը քաղաքականացնելուց եւ կուսակցությունների հետ համագործակցելուց», ու նաեւ հաջողված փորձը մատնացույց անելն առավել ցայտուն են դարձնում վարչախմբի մեկուսացումը, ինչը քաղաքագիտական վերլուծության մեխն էր. մի կողմում Սերժ Սարգսյանն է՝ իր մի քանի կամիկաձեներով, մյուսում` ամբողջ հասարակությունը` քաղաքական ուժերի առաջնորդությամբ: Այնպես որ՝ Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր հասարակական, ոչ քաղաքական ուժերն արդեն այսօր պետք է սեղանին դնեն իրենց հուզող խնդիրները՝ վաղվա հրապարակում այն օրակարգային դարձնելու համար: Պատանեկան երկչոտությունը թողե՛ք անցյալում, մի՛ կերեք գեբելսյան քարոզչամեքենայի «չքաղաքականացնել» կուտը, եկեք հավասարը հավասարի հետ նստեք սեղանի շուրջ ու առաջ քաշեք ձեր մտահոգությունները: Արեւելյան Եվրոպայի հաջողված փորձն էլ՝ ձեզ առաջնորդող: Այսքանը՝ քաղաքացիականների մասով:

Հայաստանյան քաղաքական խաղատախտակի ներկայիս դիրքի մասին ամեն ինչ ասված է: Ավելացնելու բան չկա Տեր-Պետրոսյանի բազմաշերտ վերլուծությանը. Սերժ Սարգսյանը ճիշտ քայլ չունի: Բոլոր քայլերը տանում են դեպի անխուսափելի պարտության: Բայց քանի որ ակնհայտ է, որ նա ընտրել է ոչ թե արժանապատվորեն սեփական պարտությունն ընդունելու ուղին, այլ փորձելու է հերթական փորձանքը բերել մեր հասարակության գլխին, ապա մնում է միայն նրան «մատ» հայտարարել: Եկել է կոնկրետ քայլ կատարելու ժամանակը: Բոլոր խոսքերն ասված են, բոլոր ֆիգուրները՝ դիրքավորված. նրանց փոխհամաձայնեցված գործողությունը մեկ-երկու քայլից բերելու է «մատի»: Կոնգրեսն իր քայլն արեց հանրահավաքում: Նոր հանրահավաքի օր նշանակված չէ: Այդ օրը պետք է նշանակեն բոլոր ոչ իշխանական ուժերը՝ համատեղ: Դա է հրապարակում հավաքված համբերատար, բայց արդեն համբերությունը կորցնող մարդկանց միակ սպասումը: Ինչպես ասում են` ուր բառքն սպառին և գործքն թագավորեն…

Նախորդ հոդվածը‘Տիմոշենկոն անիմաստ է համարում բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 413.75 դրամ/դոլար’