‘Ավետ Պողոսյան. Մարդկանց մեծ մասը կիսում է թռուցիկում նշված գաղափարները’

1646

ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը երեկ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների վրա կատարված հարձակումից հետո, ըստ էության չի ժխտել, որ հարձակումը կազմակերպել էին երիտասարդ ՀՀԿ-ականները: Ավելին, Ավագյանը ոչ միայն հաստատել էր, որ իրենք էին հարձակվողները, այլև նույնիսկ «սպառնացել էր», թե էլի կանեն նման «հարձակումներ»: «Ուզում եմ նաև բոլորին հիշեցնել, որ ոչ մեկն իրավունք չունի վիրավորել որևէ մեկին ու նմանատիպ վիրավորական պարունակությամբ թռուցիկներ տարածել: Զարմանալի կլիներ, եթե մեր երիտասարդները համապատասխան ձևով չարձագանքեին նման վիրավորական ձևակերպումներին, որոնք տարածում և հնչեցնում էին այդ երիտասարդները թռուցիկներ բաժանելիս: …Որևէ քաղաքական ուժ իրավունք չունի իր քաղաքական գործունեությունը կազմակերպելու ժամանակ նման բովանդակությամբ թռուցիկներ տարածել: Շատ բնական է, որ մեր երիտասարդները չէին կարող այդ ամենի կողքով անտարբեր անցնել… Վաղը եթե որոշակի դասեր չքաղեցին սրանից, մենք արդեն ավելի խիստ պատասխաններ կտանք»,- ըստ էության՝ ինքնախոստովանական ցուցմունք է տվել Ավագյանը:

Ավագյանի սույն խրոխտ հայտարարության կապակցությամբ iLur.am-ը զրուցեց Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Ավետ Պողոսյանի հետ:

«Տարօրինակ չի կարելի համարել երիտհանրապետական պատգամավորի մտքի նման փայլատակումները: Նույնիսկ տարօրինակ կարելի է չհամարել այն, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը նրան դեռ վստահում փուչիկ փչելուց ավելի պատասխանատու գործեր: Սա իշխանության ներսում առկա մտավախության արտահայտությունն է առ այն, որ հասարակական դժգոհությունների ալիքը հասել է մաքսիմումի, և բավարար է մի կայծ, և իրենց ավազի վրա կառուցված ամրոցները քանդվելու են: Հիմա օգտագործվում են բոլոր գործիքները, նույնիսկ անպիտաններին և մի քանի անգամ պայթածներին: Բոլորն են հասկանում, որ մարտի 1-ի հանրահավաքը կարող է դառնալ իշխանության ամբողջական հեռացման պրոցեսի սկիզբ, քաղաքական և հասարակական ընդվզման ալիքի մեկնարկ: Եվ բնական է, որ Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու է այդ բռնկումը կանխել փորձելու համար, ինչը նրան օբյեկտիվորեն չի հաջողվելու: Իսկ երիտասարդ հանրապետականին ուղղակի կասեմ, որ Սահմանադրության կամայական, իր համար ցանկալի մեկնաբանությունները ծիծաղելի դրության մեջ են դնում ե՛ւ իրեն, ե՛ւ «սաքուլիկենց» ու «հայկուլիկենց», ե՛ւ իրենց բոլորի կնքահայր Սերժ Սարգսյանին: Հայ ազգային կոնգրեսը ամբողջովին օգտագործելու է Սահմանադրությամբ յուրաքանչյուրին տրված սեփական գաղափարները, տեսակետները տարածելու և գաղափարակիցներ գտնելու իրավունքը: Կարող եմ ասել նաև, որ թռուցիկում նշված գաղափարները կիսում է մեր հասարակության զգալի մասը, և մենք նրանց բոլորին համարում ենք մեր դաշնակիցը առաջիկա իշխանափոխության հարցում»,-Ավագյանի հայտարարությանն այսպես արձագանքեց Ավետ Պողոսյանը:

Նախորդ հոդվածը‘Վճարովի ավտոկայանատեղիներից օգտվողների վճարման պատասխանատվությունը մեծացվելու է’
Հաջորդ հոդվածը‘Հացառատցիները փակել են ճանապարհները գյուղ ժամանած պատգամավորների առաջ. Ա1+’