‘Ատոմակայանի լիցենզիայի գործողությունը երկարաձգվել է 5 տարով’

866

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ 5 տարով, մինչև 2019 թվականի հունիսի 10-ը, երկարաձգվել է Հայկական ԱԷԿ-ի լիցենզիայի գործողությունը: Որոշումն ընդունվել է Հանձնաժողովի հունիսի 4-ի նիստում:

Ինչպես լրագրողներին տեղեկացրել է «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ ֆինանսների և տնտեսական գծով փոխտնօրեն Մովսես Մովսիսյանը, լիցենզիայի երկարաձգման կապակցությամբ ատոմակայանում փոփոխություններ չեն սպասվում, ներկայումս գործում է մեկ էներգաբլոկ, որը տարեկան արտադրում է 2.2 մլրդ ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Միևնույն ժամանակ, նա չի նշել, թե ինչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ ատոմակայանում վերանորոգման նպատակով ռուսական վարկի ներգրավման կապակցությամբ: «Դեռևս հստակ չի կարելի ասել, քանի որ այդ հարցի շուրջ դեռ ընթանում են նախնական բանակցություններ: Այնուամենայնիվ, ամեն ինչ կախված է ԱԷԿ-ի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելուց»,-նշել է Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 30-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև Մինսկում կայացած հանդիպման ընթացքում ձեռք է բերվել 300 մլն դոլար վարկ ներգրավելու մասին պայմանավորվածություն: Իր մարտի 27-ի նիստում կառավարությունն ընդունել էր ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու մասին որոշում` նոր էներգաբլոկի շինարարության հետաձգման կապակցությամբ:

Նշենք, որ ՀԱԷԿ-ը շահագործման էր հանձնվել 1980 թվականին, և կանգնեցվել էր 1989 թվականին, Սպիտակի երկրաշարժից հետո: Այնուհետև, 1995 թվականին, ատոմակայանը վերագործարկվեց: Կայանի երկու էներգաբլոկները հագեցված են ռուսական ВВЭР-440 սերնդի ռեակտորներով: Ներկայումս առաջին էներգաբլոկը կանգնած է: Ըստ փորձագետների գնահատականների, կայանը կարող է գործել մինչև 2016 թվականը: Մինչև 2012-ի մարտը կայանը գտնվում էր «Ինտեր ՌԱՈ ԵԷՍ» ընկերության կառավարման ներքո: Հայաստանի իշխանությունները դիտարկում են նաև ատոմակայանի տարածքում 1 հազար մեգավատ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցման հնարավորությունը, որի արժեքը կարող է կազմել մոտ 5 մլրդ դոլար:

Նախորդ հոդվածը‘Եվգենի Ալդոնին. Կապելլոն ֆուտբոլը համեմատում է գինու, իսկ հավաքականը՝ խաղողի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Ավստրիական «Էրսթ» բանկը Հայաստանին կտրամադրի 2 մլն եվրո վարկ ‘