‘Արագածոտնի գյուղացիների պահանջով ՀԷԿ կառուցող շինտեխնիկան դուրս բերվեց տարածքից’

1253

Արագածոտնի մարզի 6 գյուղերի բնակիչների պահանջով տարածքում ՀԷԿ-ի կառուցման համար աշխատանքներ կատարող «Գահա էներջի» ընկերությունը դուրս է բերել ողջ տեխնիկան: iLur.am-ին այս մասին տեղեկացրեց Օհանավան գյուղի բնակիչ Վարդան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ ՀԷԿ-ի շինարարության կասեցման պահանջով այսօր բնակիչները փակել էին Երեւան-Վանաձոր ավտոմայրուղին:

Վարդան Պողոսյանը տեղեկացրեց, որ Արագածոտնի մարզպետի, Երեւանից ժամանած բարձրաստիճան ոստիկանների ուղեկցությամբ բողոքավորները, ճանապարհը բացելուց հետո, մեկնել են «Դեմեր» կոչվող այգիներ եւ հորդորել են դուրս բերել շինտեխնիկան: Ողջ տեխնիկան` մի քանի բեռնատարներ եւ ամբարձիչներ, մեկնել են տարածքից:

Սակայն քիչ անց ցուցարարները նկատել են, որ տարածքից դուրս բերված տեխնիկան թաքցրել են մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող սառցարաններում:

«Գյուղացիները հիմա պահանջում են սառնարաններից հանել տեխնիկան: Թող հանեն` Երեւան տանեն, տարածքից լրիվ հեռացնեն», — ասաց մեր զրուցակիցը:

Վարդան Պողոսյանը նշեց նաեւ, որ այսօրվա բողոքավորները թեեւ տեղի են տվել ոստիկանների եւ մարզային իշխանությունների խնդրանքին եւ բացել են ճանապարհը, բայց վճռական են տրամադրված: «Եթե հանկարծ փորձեն խաբել մեզ, այս անգամ արդեն ամբողջ բնակչությամբ` կանանցով, երեխաներով դուրս ենք գալու», — ասաց նա:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Արագածոտնի մարզի Օհանավան, Կարբի, Ուշի, Նոր Երզնկա, Սաղմոսավան, Արտաշավան գյուղերի բնակիչները դեռեւս փետրվարից բողոքում են Ապարանի ջրամբարից հոսող ոռոգման ջրի վրա ՀԷԿ-ի շինարարության դեմ: Գյուղացիները վստահ են, որ ՀԷԿ-ի կառուցումից հետո ոռոգման ջուրը կնվազի, եւ դեռեւս 1970-ականներին տնկված հանրահայտ «Դեմիրճյանի այգիները» կչորանան:   

Նախորդ հոդվածը‘Ֆեյք օգտատերերի գրառումները հրապարակելու համար պատասխանատվություն է սահմանվելու’
Հաջորդ հոդվածը‘Գիտնականները հայտարարել են ՄԻԱՎ-ից բուժված երկրորդ երեխայի մասին’