‘Արամ Խաչատրյանի 110-ամյակը կնշվի համերգներով եւ միջազգային գիտաժողովով’

822

 

NEWS.am-ը տեղեկացնում է: Աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակը կնշվի Երեւանում՝ մեծ դասականի տուն-թանգարանում միջազգային գիտաժողովով եւ համերգներով, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 6-7-ը։

 

Հայկական երաժշտարվեստում Խաչատրյանի դերի, նրա էության, հանրահայտ երաժիշտների վրա գործած ազդեցության, ինչպես նաեւ նրա հիշատակին կազմակերպված միջոցառումների մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատմեցին միջոցառումների մասնակիցները։

 

«Ես ծնվել եւ մեծացել եմ Հայաստանում, եւ ինձ համար Խաչատրյանի անունը նույնքան բնական է, որքան Մասիսը, Մատենադարանը եւ Սարյանի նկարները։ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններն ինձ շատ մոտ են, եւ ես շնորհակալ եմ այս գիտաժողովին մասնակցելու հնարավորության համար, որը ե՛ւ շատ կարեւոր է, ե՛ւ բնական»,- նշեց Լատվիայի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, Լատվիայի կոմպոզիտորների միության անդամ եւ վաստակավոր արտիստ Րաֆֆի Խարաջանյանը։

 

Պրոֆեսորը նաեւ նշեց, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 19։00-ին կայանալու է դաշնամուրային դուետի տեսքով մեծ համերգ միայն «խաչատրյանական» երգացանկով, Հայաստանի հայտնի դաշնակահար, կոմպոզիտորի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի եւ իր մասնակցությամբ։

 

Համերգի, այնպես էլ գիտաժողովի մուտքն ազատ է լինելու:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նշում է Գրագիտության համաշխարհային օրը’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Ռուսները մեզ չեն պարտադրում (տեսանյութ)’