‘Արամ Մանուկյանը ՀՀԿ-ին. если ты такой хороший, почему ты такой мертвый?. Տեսանյութ’

2248

Ձեզ ենք ներկայացնում պարտադիր կենսաթոշակային համակարգի մասին օրենքի նոր նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ելույթը:

«Եթե առանց ցավազրկման եղունգների կտրելը կամ խոզին ամորձատելը շատերին վնաս չի բերի (մեջբերում է անում գյուղնախարարության կողմից ներկայացված տարօրինակ օրենքից-հեղ.), կամ այդ օրենքը ուղղակի չի կիրառվի, այսինքն՝ այնտեղ գրված անհեթեթություններից ոչ մեկը չի տուժի, այստեղ գրված անհեթեթություններից տուժելու են տասնյակ հազարավոր քաղաքացիներ, եւ օրենքը էլի չի գործելու:  

Եւ մեր բոյկոտը շատ ճիշտ քաղաքական դրսեւորում էր, որի պարզ բացատրությունը հետեւյալն է. մի՛ բերեք անհեթեթ օրենքներ, հապշտապ մի՛ բերեք բաներ, որ չեք հասցրել կարդալ: Պարզ է, որ եթե դուք չեք կարդացել, մենք ընդհանրապես չէինք կարող կարդալ: Եւ մի՛ պարտադրեք ձեր հեզ ու խելոք խմբակցությանը քվեարկել, դա բարոյական չէ, բայց էն, որ ձեզ համար դա բարոյական չէ, էդ՝ ոչինչ, բայց որ դրա արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ են տուժում, դրա դեմն արդեն պետք է փորձենք առնել, եւ այդտեղ արդեն շատ լավ է, որ դուք չեք կարողանում մեր դեմն առնել: Մեր բոյկոտն աշխատել է, եւ դա քաղաքական հաջողություն է: Այսօր խորհրդարանում կան 53 պատգամավորներ, որոնք համագործակցում են եւ արդյունքներ են տալիս: Ի դեպ, եթե դուք խոսում եք ձեր թիմի միասնության էդ ծրագրի մասին, ապա ինչո՞ւ Բարգավաճը ձեզ հետ չէ, ինչո՞ւ Դաշնակցությունը ձեր դեմ է, անգամ Օրինացը ձեզ հետ չէ, էդ ո՞նց եղավ, որ ձեր թիմը միակուռ է, միակամ է, ուժեղ է: Հաշվի նստեք սրա հետ, ուրեմն՝ ձեզ մոտ ինչ-որ բան էն չի, ուրեմն՝ դուք էն ամենալավը չեք, ռուսերեն ասացվածք կա, ասում է՝ «если ты такой хороший, почему ты такой мертвый?»:

Ձեր վիճակը վիճակ չի:  Ձեր վիճակը եթե վիճակ լիներ, կեղծիքներով քվեարկություններ չէիք անի: Քանի՞ անգամ ասել ենք՝ ինչո՞ւ եք կեղծիքով Խորհրդարանում օրենք անցկացնում, մեկը մյուսի փոխարեն կեղծում: Եթե էստեղ նստած որոշ մարդկանց համար փողը աստված է, կամքը կատարելը՝ հպարտություն, կեղծելը՝ կենսակերպ, ինչի՞ մասին եք խոսում, ու դեռ շրջվել եք մե՞զ եք քննադատում: Արծվիկ Մինասյանն էն մարդն էր, ով (ես չեմ պաշտպանում), իսկապես փորձում էր կոնստրուկտիվ կառավարության եւ «ոչ կոնստրուկտիվ» ընդդիմության միջեւ լուծումներ գտնել, որ էն փողոցի ժողովուրդը՝ տասնյակ հազարավոր մարդիկ, լուծում ստանային: Հավատում էր ձեզ, մեզ էլ գալիս համոզում էր: Էդ հավատը կործանել եք, բերել եք մի բան, որ բացարձակապես լուծում չի պարունակում իր մեջ, եւ դեռ մի բան էլ մեղադրում եք մարդկա՞նց: Քառյակի մասին եք խոսում: Լա՛վ ենք անում, պահեի՛ք ձեր քառյակը, ավելին ասեմ՝ հանրապետականից շատ մարդիկ լինելու են եկող իշխանության մեջ, նրանք, ովքեր չեն մեղանչել, ովքեր փողը աստված չեն դարձել, նրանք, ովքեր չեն կեղծել, եւ սա շատ նորմալ է:

Ես մեղադրում եմ էն չպատճառաբանված պաթոսով, չհիմնավորված մուննաթով ելույթ ունենալը, մենք փաստեր ենք բերում, եղբայր, փաստե՛ր, փաստեր, որոնք չեք կարող հաշվի չառնել: Ինձ կարող եք արհամարհել, բայց իմ բերած փաստերի հետ չեք կարող հաշվի չնստել: Բրյուսելից Աստանա խայտառակություն է արտաքին աշխարհում: Արտաքին ներդրումների առումով՝ խայտառակություն է, բոլորս գիտենք՝ 60 տոկոս գնում է, երկիրը ներդրումներից հեռանում է, կործանվում է արտաքին ներդրումների առումով, ներքին շուկան, փոքր բիզնեսը ոչնչանում է, արտագաղթը սպանում է երկրը: Սերժ Սարգսյանի ելույթը նայեք, ինքն էլ երեւի չէր ջոկել, ասում է՝ այնքան ուժեղ պետք է ներգաղթ լինի, ինչքան ուժեղ արտագաղթ կա: Է, բոլորդ էլ գիտեք, բա ո՞վ է սրա մեղավորը, ընդդիմությո՞ւնը: Երեկ, մեղա քեզ, տեր Աստված, մեղադրում էին ընդդիմությանը՝ Հայաստանը կործանելու մեջ, թե «մենք չենք թույլ տա ընդդիմությունը կործանի Հայաստանը»: Ա՜յ քեզ բան: Ուշադիր եղեք, իշխանությունը թույլ չի տա ընդդիմությանը Հայաստանը կործանել:  

Հիմա՝ անհեթեթ օրենքի մասին:

Չեն հասցրել հին օրենքն ու նորը համադրեն, նրա անհամաձայնությունները սրա մեջ չտեղավորեն, «քոփի փեսթ» են արել որոշ հոդվածներ, անգամ գլուխներ, եւ հնի ոչ նորմալ կետերը եկել-մտել են էստեղ, եւ այդ կետերը կապելով՝ շարադասությունը չեն հասցրել կապել իրար: Ձեր նախագահի լեզվաշարադրականի մասով ասեմ (երկիրը մերն է, նախագահը՝ ձերը):

Անցման կետի 12-րդ հոդվածում գրված է. «Անձը սույն օրենքի 13 –րդ հոդվածի 3-րդ մասի դիմումը ներկայացվում է»: Հինն ու նորը կպցրել են՝ չեն հասցրել խմբագրել:

2-րդ հոդված. «…կատարելուց չեն կարող հրաժարվել 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված ՀՀ հանրային ծառայության մասին ՀՀ օրենքվ նախատեսված հանրային ծառայողների վրա»: Հասկացա՞ք: Ցիտում եմ բառացի:

Այս նույն հոդվածը երեք կատեգորիա է նշում, որոնք չեն կարող հրաժարվել, հասկանանք, 5-րդ հոդվածում գրած է. «…սույն հոդվածի 2-րդ մասի երրորդ կետում նշված անձի կողմից վճարվող սոցվճարի գումարը մինչեւ 2017 թվականի հուլիսի 1 նվազեցվում են վճարման ենթակա եկամտային հարկի գումարից»: Բացատեմ: Նախկին հոդվածն ասում էր, որ կա երեք կատեգորիա, որոնք չեն կարող հրաժարվել: Իսկ էս մի հոդվածում գրում է, որ նրա կողմից վճարման ենթակա եկամտային հարկը պետք է նվազեցվի, բայց գրում է միայն այդ երեք հոդվածից մեկին: Սա նշանակում է, որ կա քաղաքացիների 3 կատեգորիաներ, որոնք չեն կարող հրաժարվել, իսկ էս հաջորդ կետը վերաբերում է միայն այդ երեք կատեգորիաներից մեկին: Այսինքն, առաջին, երկրորդ կետի կատեգորինաները հակասում են երրորդ կետի կատեգորիային: Օրենքի մի հոդվածը հակասում է մյուսին, եւ սա ոչ թե մի կետ է, սրա մեջ տասնյակ հազարավոր մարդիկ են: Սա անհեթեթություն է:

Հաջորդը: Անցման դրույթ, 8-րդ հոդված: «…սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասերով սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը սահմանվում է 500 հազար դրամ»: Հիմա կարդում եմ անմիջապես սրան կպած հաջորդ կետը. «…սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը սահմանվում է 6 մլն դրամ»:

Մենք որ բողոքում ենք, ասում ենք՝ էս օրենքները կարեւոր են, էս օրենքները հարկավոր է դնել, լուրջ իրավաբանական վերլուծության ենթարկել, տեսքի բերել՝ նոր բերել ԱԺ, եթե ոչ՝ մենք ֆիզիկապես չենք հասցնի, եւ եթե սա քվեարկվում է, եւ խելոք քվեարկում եք, կստացվի մի անհեթեթություն: Եւ ստացվում է այս պարտադրված ախմախությունը, մենք ստիպված ենք լինելու գլուխներս կախ քվեարկե՞լ:

Չի՛ կարելի, ինչո՞ւ է հուլիսի մեկը դրվել այդպես հրատապ: Տասն օր հետո էս օրենքը պետք է գործի՞: Պարզ չէ՞, որ խնդիրը հապշտապնության մեջ է: Պարտադիրի մասին դրույթները, որ կրկնվում են, դա ընդամենը Սերժ Սարգսյանի հրահանգն է, որ պարտադիրը պետք է մնա, գնացեք, ոնց ուզում եք՝ լղոզեք, անունն ինչ ուզում եք՝ դրեք, բայց պարտադիրը պետք է պահպանվի: Սա քաղաքական էն մասն է, որ դրսից պահանջել են, մերոնք էլ ուզում են կատարել: Էսպես չի լինի, պարոնաք դեպուտատատներ, մի՛ քվեարկեք այնպես, որ ծիծաղատեղի դառնանք, ամո՛թ է:

Եւ էս պարտադրված ախմախության մասով հիմա պիտի որոշենք. կա՛մ կամավոր հրաժարվում ենք էս ձեւի քվեարկությունից, կա՛մ ասենք՝ վերցրու թուղթդ, գնա նորմալ մշակված օրենք բեր: Չի՛ կարելի էդպես կառչած մնալ իշխանությունից, մենք էլ ենք եղել իշխանություն, կառչված մնալը վտանգավոր է հետո իշխանությունը թողնելու համար: Մի քիչ կամային հատկություններ ցուցաբերեք»:  

Նախորդ հոդվածը‘«Դ!ԵՄ ԵՄ»-ը խստագույնս դատապարտում է Ս. Սարգսյանի գլխավորությամբ վարչակազմի մոտեցումն ու գործելաոճը’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Ծաղկաձորում կընթանա ՀՀԿ փակ նիստը. ՀՀԿ-ականները տեղյակ չեն, թե ինչ հարցեր են քննարկվելու’