‘Արամ Մանուկյան. «Ասացի՝ Տիգրա՛ն, եթե դու չես տալու պայմանագիրը, ես Ռուսաստանից կբերեմ» (տեսանյութ)’

1185

Այսօր դատախազության առաջ Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած ավանդական բողոքի ակցիայի ժամանակ Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադարձավ գազի գնի հետ կապված «անեկդոտին»:

«Մինչեւ այս պահը չկա այդ (գազի գինը սահմանող-խմբ.) փաստաթուղթը: Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ պայմանագիր չի եղել: Ասում են, որ հարցը նա չի հասկացել: Դրանից հետո նա ինձ հրավիրել է առանձնազրույցի, տասը րոպե զրուցել ենք եւ ինձ հիմնավորել է, թե ինչու պայմանագիր չկա: Ես մտածեցի՝ միգուցե էդ մարդը չի հասկացել: Հիմնավորում էր, որ գազի պայմանագիր չկա: Սա դառնում է մի նոր աբսուրդ, երբ գազի գինը բարձրացրել են՝ առանց պայմանագրի: Եթե կոշիկի տակացու որեւէ մեկը ՌԴ-ից բերի առանց թղթի՝ կկալանավորեն, չեն թողնի: Այլ երկրից ապրանք բերելու համար լինում է պայմանագիր, որի հիման վրա իրավունք ունեն գին փոխել»,- նշեց Արամ Մանուկյանը:

Ավելի վաղ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Արամ Մանուկյանը ներկայացրել էր Տիգրան Սարգսյանի հետ թեմայի շուրջ իր հեռախոսազրույցի մանրամասները:

«Կարծում եմ՝ սթափ էր։ Հարցնում էր՝ ես գրավոր հարցում տվե՞լ եմ։ Ասացի՝ Տիգրա՛ն, էս վեց ամիս է՝ պատռվում եմ, գազի գին եմ ուզում ձեզնից, ի՞նչ թուղթ։ Ասում է՝ պետական պայմանագի՞րն ես ուզում։ Ես խոսում եմ գազի գնի մասին, ոչ մի «պետական» բառ չկա իմ ասածում: Ասաց նաև, որ երկու սուբյեկտ ստորագրել են։ Իմ հաջորդ հարցն էր՝ չէ՞ որ էդ սուբյեկտներից մեկի սեփականատերերից է Հայաստանի կառավարությունը: Ասաց՝ լավ, մի հատ ճշտեմ, էլի կզանգեմ։ Ես որքան հասկացա, ինչ–որ բան ստորագրել են։ Ասացի՝ Տիգրա՛ն, եթե դու չես տալու պայմանագիրը, ես Ռուսաստանից կբերեմ։ Ասաց՝ չե՛ս կարող։ Կարծում եմ՝ եթե պայմանագիրն իրոք կա, ուրեմն էնքան վատ բաներ են խոստացել, որ հնարավոր չէ հրապարակել։ Սերժ Սարգսյանը երևի այնպիսի բաներ է խոստացել, այնպիսի բաների առաջ է խեղճացել, որ հնարավոր չէ հրապարակել: Հաջորդ տարբերակն այն է, որ չկա պայմանագիր, հայկական կողմն ապօրինի գին է որոշել, և ժողովրդից գումար են գանձում», — ըստ 7or.am-ի, ասել է Մանուկյանը։

Նախորդ հոդվածը‘ՕԵԿ-ի կարծիքը ոչ մեկին հետաքրքիր չէ’
Հաջորդ հոդվածը‘Հս.Կորեա եք գնո՞ւմ. Վերցրեք ծխախոտ, ոչ թանկ կոսմետիկա, մաշված շորեր եւ մոռացեք բջջայինի մասին. Ֆոտոշարք’