‘Արամ Մանուկյան. Արտագաղթ՝ քաղաքական օրակարգում թիվ մեկ խնդիրը ‘

1009

«Առաջիկա քաղաքական զարգացումները կլինեն անկանխատեսելի, չեմ բացառում, որ առաջիկա զարգացումները կախված են լինելու ոչ թե կուսակցությունների կամ անհատների ցանկություններից, այլ խնդրի դրվածքից, թե արդյոք ինչ են ուզում մեր քաղաքական ուժերը, ինչ է ուզում Հայաստանի հասարակությունը»: ilur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Ըստ նրա՝ խնդրի ձևակերպումից  են կախված քաղաքական գործընթացները և կուսակցությունների դիրքորոշումները, հետևաբար  և՝ թեկնածուների առաջադրումները:  Արամ Մանուկյանը շեշտեց, որ այսօր Հայաստանը գտնվում է տագնապալի վիճակում:

«Չգիտեմ, թե որքանով եք տիրապետում արտագաղթի տվյալներին, բայց կարող եմ ներկայացնել որոշ փաստեր. երկիրը լքածների մոտավորապես 100 000 քանակը, որն արտացոլում է ինքնաթիռով գնացածների թիվը, մոտավորապես կազմում է Հայաստանի սահմանները հատած մարդկանց 43%-ը: 5 տարի առաջ Հայաստանը ավելի շատ լքում էին սոցիալական դրդապատճառներով, իսկ այժմ գնացողների 45%-ն է միայն գնում սոցիալական խնդիրներից ելնելով: Մնացյալը լքում են այլ պատճառներով՝ ապահով երկիր չունենալու, երեխաների ապագան այստեղ չտեսնելու, անպաշտպան լինելու պատճառով», — ասաց նա:

Ըստ նրա՝ Հայաստանում թիվ մեկ խնդիրը, որը պետք է լինի առաջիկա  նախագահական ընտրությունների և քաղաքական կուսակցությունների օրակարգում՝ որպես թիվ մեկ հարց՝ արտագաղթի դեմն առնելն է: ԸստԱրամ Մանուկյանի՝  դա իր, իր կուսակցության, ՀԱԿ խմբակցության մոտեցումն է:

«Որևէ իշխանություն, որևէ քաղաքական ուժ, եթե չառաջարկի ծրագիր արտագաղթի դեմն առնելու համար, ապա այդ քաղաքական կամպանիաները ֆիկցիա են լինելու և ոչինչ իրենցից չեն ներկայացնելու: Այն անհատները կամ կուսակցությունները, որոնք նախագահի թեկնածուի կամ նախընտրական ծրագրի հայտեր են ներկայացնելու, եթե թիվ մեկ մարտահրավերի դեմ առնելու ծրագիր չառաջարկեն, ապա այդ դեպքում անիմաստ են դառնալու բոլոր քաղաքական զարգացումները», — մեկնաբանեց ՀՀՇ-ի վարչության նախագահը՝ շեշտելով, որ այս խնդրի ծանրությունից ելնելով՝ քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն ամբիցիաները, սեփական ցանկությունները և փորձեն լեզու գտնել և աշխատել մի դաշտում՝ մեղմացնելու համար այս լուրջ մարտահրավերը:

Նախորդ հոդվածը‘Ինչպես և ում դիմել հաշմանդամության կարգ ստանալու համար’
Հաջորդ հոդվածը‘Բժշկական սարքավորումներ եւ դեղորայք՝ Ղարաբաղին ‘