‘Արամ Մանուկյան. Կառավարությունը չի կատարում Մարտի 1-ի հարցով ՄԱԿ-ի հանձնարարականը (Տեսանյութ)’

1737

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին այսօր ԱԺ ՀԱյ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հիշեցրեց, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի Ֆաբիան Սալվիոլին 2014-ի ընթքացքում՝ ապրիլին եւ դեկտեմբերին երկու նամակ է հղել ՀՀ կառավարությանը: Նամակներով կառավարությանն առաջարկվում է պատասխանել, թե ինչ է արվել Մարտի 1-ի դեպքերի քննության հետ կապված:

Ըստ Արամ Մանուկյանի, նամակներում երկու հստակ հարց է դրված, նախ՝ ինչպիսի՞ պատժամիջոցներ են կիրառվել՝ 2008-ի մարտի 1-ին անհամաչափ ուժի կիրառման համար պատասխանատուների նկատմամբ, եւ երկրորդ՝ ինչպիսի՞ միջոցներ են կիրառվել՝ երաշխավորելու համար Մարտի 1-ի տուժողներին համարժեք փոխհատուցում տրամադրելու համար:

Կառավարությունն առաջին նամակին ոչ միայն չի պատասխանել, այլեւ ԱԳ նախարարի հանձնարարությամբ նրա տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանել է, որ, քանի որ 2013-ին տրամադրված տեղեկատվությունն այս պահի դրությամբ սպառիչ է, 2014-ին լրացուցիչ տեղեկատվություն Կոմիտեին չի տրամադրվել: Սրանից հետո Կոմիտեն ցավով արձանագրել է, որ Հայաստանի կառավարությունը առաջին նամակին չի պատասխանել, ապա՝ նոր նամակ է ուղարկել:

«Մի քանի օր հետո ՄԱԿ-ում քննարկվելու է Հայաստանի զեկույցը՝ մարդու իրավունքների պաշտպանության առումով: Այսինքն, եթե Շավարշ Քոչարյանը կատարում է նախարար Էդվարդ Նալբանդյանի հանձնարարությունը, եթե դուք դրանից տեղյակ եք, ինչու՞ չեք կատարում ՄԱԿ-ի հանձնարարականը, որը Հայաստանի համար միջազգային պարտավորություն է», — հարցրեց Արամ Մանուկյանը:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, ի պատասխան, խոստացավ զբաղվել հարցով եւ Արամ Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ ավելի մանրամասն պատասխանել:

Արձագանքելով Նալբանդյանի պատասխանին՝ Մանուկյանը հիշեցրեց, որ մարտի 1-ին նախատեսված հանրահավաքի հիմնական հարցերից մեկը այս հարցն է լինելու:

 «Ես փորձում էի կանխել, որ նման սխալ տեղի չունենա, որովհետեւ հարցը վերաբերում է ոչ միայն ինձ կամ տուժողներին, այլ Հայաստանի վարկին: Որովհետեւ, եթե Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է, ապա պետք է ՄԱԿ-ի հանձնարարությունները կատարի, առավելուս, որ դրանք վերաբերում են Հայաստանի քաղաքացիներին: Ո՞վ է Շավարշ Քոչարյանը, կամ նախարարությունը, որ երեք պաշտոնական նամակներին չի պատասխանում: Գնացեք ձեր հարցերը կարգավորեք», — ասաց պատգամավորը: 

Նախորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 300 հազար դոլար’
Հաջորդ հոդվածը‘Մահվան ելքով վրաերթ Երևանի Աբովյան փողոցում (տեսանյութ)’