‘Արամ Մանուկյան. Վարկ վերցնելու տեմպերը լուրջ մտահոգություն են առաջացնում (Տեսանյութ)’

1152

2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված «Կրթության բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանի ելույթը՝ ստորեւ.

«Վատ վարկ եւ վարկի վատ մեկնաբանություն չկա, բոլոր վարկերն էլ լավն են, բոլոր վարկերի նպատակներն էլ գեղեցիկ են, չես կարող երբեք ասել՝ կրթության, բնապահպանության սոցիալական ոլորտի համար վերցրած վարկերը սխալ են: Գրավիչ են, երբ ներկայացնում ես խնդիրը, բայց վարկերը ունեն խոցելի մի հատկություն. վարկ վերցնողը հիմնականում չի փակում այն, եւ վճարողը եթե վերցրել է իքս գումար, այդ դեպքում վճարելու է իքս պլյուս իգրեկ գումար:  

Բնականաբար, բոլոր երկրները վարկեր վերցնում են՝ պատասխանատվության կամ անպատասխանատվության սեփական չափով: Կան նաեւ միջազգային նորմեր, երբ վարկերը անցնում են ռիսկայնության սահմանը, եւ մենք մոտեցել ենք այդ սահմանին, եւ սա է, որ անհանգստացնում է մեզ: Թե չէ՝ 30 մլն դոլարը, իհարկե, շատ սիրուն է:

Թեպետ՝ թվեր ներկայացնեմ, ըստ որոնց՝ կրթական համակարգի սուբյեկտներն են քչանում. 15 տարի առաջ Հայաստանում կար 600 հազար աշակերտ, հիմա՝ 350 հազար աշակերտ ՝ 250 հազարով պակասել է, եւ եթե խոսում ենք շենքային բալանսի մասին, ապա այսօր Հայաստանի  դպրոցների շենքային պայմանների ընդամենը 52 տոկոսն է օգտագործվում:

Վարկերի ընդհանուր վիճակը մեզ մոտ տխուր է. ՀՀ պետական պարտքը 2008 թվականին կազմել է 1.5 մլրդ դոլար, հինգ տարի անց՝ 4.5 մլրդ դոլար:  

Ընդհանուր պարտքի վիճակից՝ մի քանի թվեր:

Մայիս ամսին արդեն 100 մլն դոլար պետք է սպասարակենք եվրաբոնդերի պարտքը, տարեկան մինչեւ 300-400 մլն դոլար է կազմում մեր ընդհանուր վարկի սպասարկման գումարը, եւ 2020-ին միայն եվրաբոնդերի համար 700 միլիոն դոլար փակելու ենք: Միայն եվրաբոնդերի համար տարեկան 42 մլն դոլար տոկոս ենք տալիս: Պարտքերը մեր ՀՆԱ-ի մոտավորապես 46 տոկոսն են կազմում, եւ չափման որոշ մեթոդներով՝ մենք ռիսկայինի սահմանն արդեն անցել ենք, որոշ մեթոդներով՝ այդ չափը դեռ չենք անցել, բայց, ամեն դեպքում, վարկ վերցնելու արագացման տեմպերը լուրջ մտահոգություն են առաջացնում:

Բայց այնպես չէ, որ այս վարկերը չեն մսխում, կա վարկ՝ քիչ է մսխում, կա՝ արդյունավետ չէ:

Մի հետաքրքիր օրինակ՝ Դավիթ Հարությունյանից եմ ստացել: Ներկայացնեմ, թե ինչ են ծախսում՝ «Գիլյոտին» ծրագրի հետ կապված: Այդ ծրագրի համար մեր երկիրը 2 տարում ստացել է 1.3 մլն եվրո, այն դեպքում, երբ այդ ծրագիրը փուչ ծրագիր է, որի տակ բան չկա որովհետեւ այդ 1.3-ից 500 հազարը ընդամենը բարեփոխումների իրականացման կենտրոնական գրասենյակի աշխատակազմի գումարն է: Կան դեպքեր, երբ վարկի մի զգալի մասը հետ ենք տալիս եվրոպացի փորձագետներին: Կամ էդ 1.3-ի ծրագրի մեջ միայն շենքային պայմանների համար 130 հազար եվրո պիտի մուծվեր, մեկը հարցներ՝ ո՞վ է այս պարտքը մուծելու, ո՞վ է պատասխանատու: Ավելին, այս ծրագիրը ավարտվում է, եւ նրա արդյունավետությունը վերահսկելու համար երկրորդ տրանշը գալու է՝ մոտ 1 մլն եվրո:

Այսինքն, 1.4 մլն եվրոն ծախսել ես, էդ հիմնարկը փակվում է, հետո նոր հիմնարկ է բացվելու, որ գա ստուգի նախորդ հիմնարկի աշխատանքի արդյունավետությունը, եւ նա էլի 482 հազար եվրո է ստանալու այդ աշխատակազմը պահելու համար՝ շատ չէ՞ շքեղությունը:  

Եւ այսպես աննպատակ մսխելով՝ գումարներ են ծախսում: Սա է մեր վարկային քաղաքականությունը:  

Էն՝ «տատը չոռ ուտի»-ի անեկդոտն է դարձել, որ ասում է՝ «տատը չոռ ուտի, ամեն մեկդ ձեր ձվի  կեսը տվեք ինձ»: Ո՞վ է այդ պարտքը տալու, ինչքա՞ն կարելի է այդ պարտքը գցել սերունդների վրա, սա կոլեկտիվ պատասխանատվությա՞ն, թե՞ կոլեկտիվ անպատասխանատվության խնդիր է:  

Իհարկե, վարկը լավն է, եկեք կողմ քվեարկենք, բայց ո՞վ է այդ 4.5 մլրդի պատասխանատուն»:  

Նախորդ հոդվածը‘Ուորլիք. Հոկտեմբերին Փարիզում սպասվում է Սարգսյան-Ալիև հանդիպում’
Հաջորդ հոդվածը‘Նոր արագաչափեր միջպետական նշանակության ավտոճանապարհներին’