‘Արգիշտի Կիվիրյան. Արեւմուտքը Հայաստանի ժողովրդավարական ուժերին աջակցելու շահ չունի’

1663

Այս օրերին շատերն են համեմատականներ անցկացնում 2008-ին Ազատության հրապարակում նստացույցի և Կիևի Եվրոմայդանի միջև, սակայն կան մարդիկ, որոնք մատնանշում են դրանց տարբերությունները: Այս առիթով որոշեցինք զրուցել վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ, որը իր ֆեյսբուքյան գրառման մեջ ուշադրություն էր հրավիրել Հայաստանում և Ուկրաինայում Արևմուտքի պահվածքի տարբերության վերաբերյալ:

Դուք ձեր ֆեյսբուքյան ստատուսում նշել էիք, որ  եթե Արևմուտքի կողմից ուկրաինացի միտինգավորներին հայտնվող աջակցության անգամ կեսը հնչեր Հայաստանի առումով, իշխանափոխությունը կդառնար մի քանի օրվա հարց: Ըստ ձեզ ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի նկատմամբ Արևմուտքի անտարբերությունը

-Հայաստանի նկատմամբ Արևմուտքի անտարբերությունը պայմանավորված է Հայաստանում շահերի բացակայությամբ, ինչպես նաև` հավանաբար պայմանավորված է Ռուսատանի և Արևմուտքի միջև Հայաստանի կապակցությամբ որոշակի պայմանավորվածությամբ: Գլոբալ քաղաքականության մեջ արևմտյան X երկրները կարող են աջակցել այս կամ այն երկրին, եթե ունեն այնտեղ իրենց շահերը, հո՞ չեն պաշտպանելու այս կամ այն երկրին, ապրիորի, այսպես ասած` իրենց գեղեցիկ աչքերի համար: Պաշտպանում են կոնկրետ շահ, փաստորեն, իրենք այստեղ չունեն նպատակ: Ակնհայտ է, որ այս պահի դրությամբ իրենք չունեն նպատակ օժանդակել Հայաստանի ժողովրդավարական ուժերին, կամ իրականացնել իշխանափոխություն: Եթե վաղը ունենան շահ, մենք կտեսնենք այդ աջակցությունը, բայց այս պահի դրությամբ ակնհայտորեն երևում է, որ այդ շահը իրենք չունեն, հենց դրանով է պայմանավորված իրենց պասիվությունը:

Դուք նաև նշել էիք, որ Արևմուտքը չի արձագանքում Հայաստանում ոստիկանական ապօրինություններին, փոխարենը Արևմտյան երկրների դեսպանատները զբաղված են Հայաստանի ոստիկանությանը կերակրելով, ըստ ձեզ դա չի՞ նպաստում Հայաստանում ոստիկանական ապօրինությունների ահագնացմանը:

-Այո, փոխանակ նրանք աջակցեն Հայաստանում ընդդիմադիր ուժերին, հասարակական սեկտորին, հասարակական ակտիվ քաղաքացիներին, մենք մշտապես տեսնում ենք, որ իրենք աջակցում են իշխանության այս կամ այն ուժին, մասնավորապես ոստիկանությանը, մենք տեսնում ենք բազմաթիվ հայտարարություններ, ոստիկանության հետ արևմտյան այս կամ այն կազմակերպության իրականացրած գրանտային ծրագրերի մասին, այսօր ոստիկանությունը դարձել է արևմտյան այս կամ այն կազմակերպությունից գրանտ ստացող ամենամեծ կառույցներից մեկը Հայաստանում:

Ժամանակ առ ժամանակ մենք լսում ենք, թե ինչ արդյունավետ են այդ կազմակերպությունները համագործակցում ոստիկանության հետ, այն դեպքում, երբ մենք բոլորս տեսնում ենք, որ ոստիկանությունը այսօր հանդիսանում է ամենառեպրեսիվ ապարատը, որը զբաղված է ակտիվ քաղաքացիներին, ընդդիմությանը ճնշելով, տարատեսակ բռնություններ իրականացնելով, կամ բռնություններ կոծկելով, և այս ամենը մեզ թույլ է տալիս ասել այն, ինչ ես ասեցի վերևում:

Արևմուտքը կոշտ քննադատության է ենթարկում Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու Վիկտոր Յանուկովիչի որոշումը, սակայն Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու և Մաքսային Միությանը անդամակցելու Ս. Սարգսյանի որոշումը նման արձագանքի չարժանացավ Արևմուտքի կողմից: Ձեզ դա չի՞ զարմացնում:

-Իրենք այստեղ չունեն շահեր, այդ իսկ պատճառով այստեղ իրենք հանգիստ տարան Ասոցացման պայմանագրի չստորագրելը և Մաքսային Միությանը անդամակցելու որոշումը: Հայաստանում եղան Մաքսային Միությանը անդամակցելու դեմ բազմաթիվ երթեր, որոնց ընթացքում գրանցվեցին վարչական ձերբակալություններ և ոչ մի հայտարարություն չհնչեց Արևմուտքից:

Շատերը համեմատություններ են անցկացնում Հայաստանում Մարտի 1-ին նախորդած բազմահազարանոց նստացույցի և ուկրաինական Եվրոմայդանի միջև, սակայն Հայաստանում Մարտի 1-ի գնդակահարություններին և զանգվածային ձերբակալություններին Արևմուտքը պատշաճ ձեւով չարձագանքեց, իսկ Եվրոմայդանում անգամ ոստիկանության հրմշտոցը կամ անհամեմատ քիչ բռնությունները մեծ արձագանք են ստանում Արևմուտքում: Երկակի ստանդարնտների՞ հետ գործ ունենք:

-Մարտի 1-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան աննախադեպ բռնություններ, քաղաքացիների սպանություններ, հալածանքներ, զանգվածային ձերբակալություններ, և դրանից հետո առկա արձագանքը, այո, նվազագույն արձագանք էր: Եթե արևմտյան այս կամ այն պետությունը ունենար հստակ շահ, ապա ես պատկերացնում եմ թե ինչպիսի արձագանքներ տեղ կգտնեին: Սկսած մեր պաշտոնյաներին պերսոնա նոն-գրատա հայտարարելուց և դրսում Հայաստանի բազմաթիվ օլիգարխների, պաշտոնյաների հաշիվների սառեցնելուց: Կլինեին բազմաթիվ դատապարտող կոշտ հայտարարություններ և ըստ դրա տեղի կունենային բազմաթիվ սանկցիաներ, դա տեղի չունեցավ: Դա վկայում է այն մասին, որ այն ժամանակ Արևմուտքը Հայաստանում չի ունեցել օժանդակելու ժողովրդավարական ուժերին և իշխանափոխություն իրականացնել հստակ ցանկություն: Ներայումս էլ Արևմուտքը չունի նման ցանկություն, և նրա պահվածքը, այն ժամանակ և հիմա, վկայում է այն մասին, որ Արևմուտքը այս պահի դրությամբ իշխանափոխություն իրականացնել ցանկացող ուժերին օժանդակելու  ցանկություն չունի:

Զրուցեց Կարեն Թովմասյանը

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Մուտքը Փհենյան փակ է, փողոցներում ստուգուներ են անցկացվում’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի պապն իր ծննդյան օրը նախաճաշել է տնանկների հետ’