‘Արթուր Սարկիսով. Գոլերի մասին կխոսենք Մովսիսյանի հետ’

867

Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում «Ռոստովի» դարպասը 2 գնդակ խփելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Նախորդ տարի ես խաղում էի եզրային կիսապաշտպանի դիրքում, այդ իսկ պատճառով գոլեր չէի խփում, թեեւ գոլային պահեր էլ չէի ունենում: «Վոլգայի» նոր մարզիչ Կալատվինցեւն ինձ տեղ է հատկացնում առջեւի գծում, եւ ես սկսել եմ գոլեր խփել: Չեմ թաքցնի, որ խաղային դիրքի փոփոխությունն ուրախացրեց ինձ:

Հանգիստ եմ վերաբերվում երկրպագուների քննադատություններին: Ֆուտբոլիստի կյանքում միշտ քննադատություն կա, եւ եթե այն անաչառ է, ապա միայն լավ է: Ընդհանրապես չեմ հետեւում տարբեր ֆորումներում եւ ինտերնետում երկրպագուների քննադատություններին: Սակայն գիտեմ, թե ինչ են գրում երկրպագուները: Ամենասուր քննադատությունները հնչում են ակումբակիցներիս եւ ծանոթներիս կողմից: Դժվար է հիշել, թե երբ էի նախորդ անգամ դուբլի հեղինակ դարձել: Երեւի, մոտ 2 տարի առաջ, իսկ նախորդ տարի Առաջին լիգայում նման բան տեղի չէր ունեցել:

Ռոստովում տրիբունայից ինձ եւ «Ռոստովին» երկրպագում էին մի խումբ հայ տղաներ: Նման բան հաճախ տեղի չի ունենում, երբ տեղացի երկրպագուներն ուրախանում են մրցակցի խփած գոլերով: Գիտեի, որ Ռոստովում հայկական համայնք կա եւ որ հայ երկրպագուները ներկա կլինեն այդ խաղին: Հաճելի էր տրիբունայում տեսնել ազգային դրոշներ: Խաղից հետո հայ երկրպագուները մոտեցան մեր ավտոբուսին եւ մենք զրուցեցինք ու լուսանկարվեցինք: Ինձ համար ամենալավ նվերն այն է, որ մարզիչը 4-օրյա հանգիստ տվեց «Վոլգայի» ֆուտբոլիստներին «Ռոստովի» հետ խաղից հետո: Կինս եւ որդիս հիմա ապրում են Նիժնի Նովգորոդում եւ Հայաստանի հավաքականին միանալուց առաջ հնարավորություն ստեղծվեց մի քանի օր անցկացնել ընտանիքիս հետ:

Միշտ հետեւում եմ Յուրա Մովսիսյանի խաղին, սակայն ուրիշի գոլերն ինձ չեն մոտիվացնում գնդակներ խփել: Պետք չէ մտածել, որ «Ռոստովի» հետ խաղում ես փորձում էի կրկնել Յուրայի հաջողությունը եւ դառնալ հեթ-տրիկի հեղինակ: Գոլերի մասին կխոսենք Մովսիսյանի հետ: Ի դեպ, Հայաստանի հավաքականում ես դեռ միայն մեկ գոլ եմ խփել այս ընտրական մրցաշարում, իսկ «Վոլգայի» կազմում դարձել եմ 2 գոլի հեղինակ: Ինձ համար յուրաքանչյուր գոլը տոն է, այդ իսկ պատճառով ցանկացած գոլ կարեւոր է թե՛ հավաքականի կազմում, թե՛ «Վոլգայում»»,-  Sport.News.am-ի փոխանցմամբ, Սարկիսովի խոսքն է մեջբերում «Վոլգայի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում երկու անձի մոտ ախտորոշվել է սիբիրյան խոց’
Հաջորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանը պահանջում է բացահայտել իր դեմ մահափորձի իսկական կազմակերպիչներին’