‘Արի պաչեմ’

2231

Աղվան Հովսեփյանը խոստանում է, կարելի է ասել, սեքսուալ հեղափոխություն անել՝ Հայաստան բերել նոր մշակույթ ՝պաչելու մշակույթը: Մինչև նոր մշակույթի ներմուծումը՝ Վովա Գասպարյանը փորձում էր նմանակել Աղվան Հովսեփյանի ստեղծած հին մշակույթին և աղոթքի բացօթյա «շոու ծրագրեր» կազմակերպել, իսկ այժմ, նոր մշակույթի ստեղծման հետ մեկտեղ, Վովա Գասպարյանն ինքն իր համար պետք է որոշի՝ մնում է հին մշակույթի ջատագո՞վ, թե՞ ընդունում է նորը: Իհարկե, Աղվան Հովսեփյանը չի սահմանափակվել միայն այս երկու մշակութային հեղափոխություններով. է՛լ միասնական շուրջպար, է՛լ տառերը սարի վրա տեղադրում, է՛լ նկարչական ցուցահանդեսի բացում, է՛լ ընդդիմադիր քաղաքական գործիչների վրա քրեական գործերի բացում… Սակայն այս մեկը տարբերվում է բոլոր նախորդներից:

Աղվան Հովսեփյանը, դատախազությանը հրաժեշտ տալով ու համբուրելով դատախազության դուռը, իր երախտագիտությունն է հայտնում այն վայրին, որի շնորհիվ նա կարողացել է մասնագիտություն ձեռք բերել, շրջապատ ձեռք բերել, փող աշխատել, իր հարազատներին գործի տեր դարձնել և այլն:

Նոր մշակույթի զարգացման հետ մեկտեղ՝ վտանգ կա, որ եթե բոլորը սկսեն երախտապարտ լինել իրենց «մարդ» դառնալու հիմնական գործիքին, ապա Սաշիկ Սարգսյանը կսկսի համբուրել իր Պազիկը, Սերժիկ Սարգսյանը՝ Կևորկովի նկարը, Միշիկը՝ իր աներոջը, Հանրապետականները՝ Վազգեն Խաչիկյանին, Վովա Գասպարյանը՝ թատրոնի բեմը, դաշնակները՝ իշխանության սապոգը, էլ չեմ խոսում իշխանությանը ծառայող տարաբնույթ քաղաքական գինեկոլոգների ու սեքսոպաթոլոգների մասին:

Չգիտեմ՝ այս շոուն ինչի համար է նախատեսված, սակայն մի բան հաստատ է, որ եթե այդքան «ազնիվ քրիստոնյա» եք ու այդչափ սիրում եք ձեր աշխատանքը, ապա ինչու եք Հայաստանի պես երկրում, որտեղ ազգաբնակչության մեծ մասը սովահարության եզրին է, դուք ձեր ամբողջ կյանքում, լինելով պետական պաշտոնյաներ, միլիարդատերեր եք դարձել ու շարունակում եք ցինիկության անգերազանցելի շոուներ կազմակերպել:

Սանասար Հավասարյան 

Նախորդ հոդվածը‘Ուղևորափոխադրող ընկերությունները առաջարկում են բարձրացնել տրանսպորտի ուղեվարձը’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի ՆԳ նախարար . «Վրաստանը կատարել է իր ընտրությունը, և այդ ընտրությունը եվրոպական է»’