‘Արծվիկ Մինասյանի տվայտանքները’

2591

Շատերն են փորձում հասկանալ, թե ի՞նչն է ստիպում մարդուն, կամ մի ամբողջ կառույցի ընթանալ ինքնավարկաբեկման ճանապարհով, բայց մինչ այժմ այդպես էլ այս հարցում ընդհանուր մոտեցում չի ձեւավորվել:

Եւ հասկանալ, թե ինչո՞ւ է ՀՅԴ-ն բռնել ինքնավարկաբեկման ճանապարհը՝ բավական դժվար է: Իհարկե, լսելով ՀՅԴ կարկառուն ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանին, կարելի է որոշ եզրահանգումներ անել, բայց դա դեռ բավական չէ խնդիրը հասկանալու համար: Հիմա պարզ է միայն այն, որ ՀՅԴ-ն ամեն կերպ փորձում է արդարացնել եւ քծնել Սերժ Սարգսյանին` ակնկալելով, որ ոչ թե կստանան երկու, այլ երեք նախարարական աթոռ:

Արծվիկ Մինասյանն այնքան է կտրվել իրականությունից, կամ այնքան է կուրացել սպասվող նախարարական պաշտոններից, որ փորձում է արդարացնել այն, ինչը հնարավոր չէ արդարացնել: Ով-ով, բայց նա լավ գիտի, որ երկրի համար բավական ծանր վիճակում իշխանությունները հանգրվանել էին Ստեփանակերտում: Նա նաեւ հրաշալի տեղյակ է, թե ինչ է կատարվել ԱԺ արտահերթ նիստում:

Երկիրը հայտնվել էր աննախադեպ վիճակում, իսկ իշխանության ներկայացուցիչները հանգիստ նստել էին Ստեփանակերտում. թվում է, թե այս քայլը որեւէ մեկը չէր փորձի արդարացնել, բայց պարզվում է, որ թվալը շատ քիչ է, քանի որ կա ՀՅԴ եւ Արծվիկ Մինասյան, որոնք անգամ պատրաստ են ոտնատակ տալ իրենց հեղինակությունը, միայն թե պաշտպանության տակ առնեն Սերժ Սարգսյանին:

Մինասյանը ասում է, թե իբր քաղաքական ուժերը ստիպեցին, որ նման բան տեղի ունենա` նկատի ունենալով արժույթի շուկայում ստեղծված քաոսի հաղթահարումը: Նա շատ լավ գիտի, որ հենց Կոնգրեսի, ԲՀԿ-ի, և  Ժառանգության նախաձեռնած արտահերթ նիստը փրկեց իրավիճակը, բայց հակառակն է պնդում՝ պաշտպանության տակ առնելով Սերժ Սարգսյանին:

Նա ասում է, թե որեւէ քաղաքական ուժ, հատկապես ոչիշխանական քաղաքական ուժ ի վիճակի չէր ստիպել, որպեսզի վարկային արժույթն արժեւորվի կամ դադարեցնի արժեզրկումը: Իհարկե, մենք հասկանում ենք Արծվիկ Մինասյանին: Հասկանում ենք, որ նա շատ լավ հասկանում է, որ հենց այդ նիստը կայունացրեց վիճակը, բայց նա փորձում է փրկել իշխանությունների դեմքը:

Զավեշտ է, որ այս հայտարարություններն անելուց հետո Արծվիկ Մինասյանը դեռ ՀՅԴ-ին համարում է ընդդիմություն, եւ անգամ ոչիշխանական ուժերին մեղադրում է մեծամտութան մեջ:  

Տխուր է, բայց փաստ, որոշ ՀՅԴ-ականներ այնպիսի ջերմեռանդությամբ են սկսել քծնել եւ պաշտպանության տակ առնել Սերժ Սարգսյանին, որ նրանց սկսել է նախանձել անգամ Արտաշես Գեղամյանը: Գործը հասավ անգամ այնտեղ, որ ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր բռնությունների հարցը, նրանք ՀՀԿ-ի հետ հետ հայտնվեցին նույն տաշտակում:

Հիմա էլ փորձում են արդարացնել իշխանությունների ձախողումը ֆինանսական դաշտում: Այս ամենը միայն հուշում է, որ ՀՅԴ-ն արդեն իսկ իրեն համարում է կառավարության մի մասը: Պատահական չէ, որ նրանք պաշտպանության տակ են առել Սերժ Սարգսյանին նաեւ, այսպես կոչված, սահմանադրական բարեփոխումների հարցում:

Ստացվում է, որ Սահմանադրության փոփոխության հարցում Սերժ Սարգսյանին աջակցում են մի քանի ՀՀԿ-ականներ եւ ՀՅԴ վերնախավը, որոնց թվում նաեւ Արծվիկ Մինասյանը, որը նաեւ զբաղված է ընդամենը օրեր առաջ տեղի ունեցած իրադարձությունները նենգափոխելու գործով:

Խորհրդանշական է, չէ՞. Արծվիկի եղբայր Էդիկ Մինասյանը կեղծում է նորագույն պատմությունը, իսկ ինքը՝ ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցած իրադարձությունները: Համաձայնվեք, որ սա պատիվ չի բերում երիտասարդ քաղաքական գործչին:

Ի վերջո, սահմանադրական հանրաքվեն չի լինելու, եւ Արծվիկ Մինասյանն ու նրա կուսակցական ընկերները պարզապես ամաչելու են այն ամենի համար, ինչ անում են վերջին շրջանում: Որքան էլ Արծվիկ Մինասյանը փորձի կեղծել իրականությունը, որքան էլ երազի հանրաքվեի մասին, միեւնույնն է, ոչ հանրաքվեն է լինելու, ոչ էլ հանրությունը նրան լսելով է եզրահանգումներ անելու վերջին օրերի իրադարձությունների եւ այս կամ այն պատգամավորի մասին:

Արթուր Բարսեղյան

 

Նախորդ հոդվածը‘Վլադիվոստոկում գողերը վերադարձրել են մանկատան սաների համար նախատեսված նվերները’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. ԿԺԴՀ-ն 10 հազարով ավելացրել է ՌՕՈւ-ի քանակակազմը’