‘Արման Մուսինյան. Չի կարելի ամբողջ գիտակցական կյանքն ապրել մեկ այլ գործչի քննադատելով ու այլընտրանք չառաջարկելով ‘

4859

ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նախագահ Տեր-Պետրոսյանի հարցազրույցի քննադատներին անհրաժեշտ է պատասխանել մի քանի (իրականում շատ պարզ) հարցերի

1. Կա՞ արդյոք այսօր Հայաստանի և Արցախի անվտանգությանը սպառնացող անմիջական ԱՐՏԱՔԻՆ մարտահրավեր: Այո կամ ոչ: Եթե չկա, թող այդ քննադատները հիմնավորեն, որ չկա:
2. Եթե կա ԱՐՏԱՔԻՆ մարտահրավեր, անհրաժե՞շտ է արդյոք ներազգային համախմբում, որն իր մեջ ներառում է իշխանությանը (առանց իշխանության համախմբումն իրականում քաոս է, եթե խոսում ենք արտաքին սպառնալիքի մասին, ավելին` մեծագույն նվեր Ադրբեջանին), ընդդիմությանը (որի անելիքը բացառապես և կոնկրետ ժամանակով, այսինքն` մինչ մարտահրավերի չեզոքացումը, տարաձայնությունները սառեցնելն է) և հասարակությունը: Այո կամ ոչ: Եթե կան մարդիկ, ովքեր այս հարցին բացասական պատասխան ունեն, թող հիմնավորեն: Իսկ եթե պատասխանը դրական է, բայց քննադատությունը շարունակվում է, ապա պետք է տվյալ քննադատներին վերցնել չակերտների մեջ, նրանց գործողություններում ենթադրելով այլ` Հայաստանի և Արցախի կենսական շահերի հետ որևէ կապ չունեցող մոտիվներ:
3. Բանակցելու իրավասությունն ու պարտականությունը գործող իշխանությանն է (կարծում եմ, գոնե սա չարժե հարցի ձևով ձևակերպել` հայ քաղաքական ու հասարակական մտքից վերջնականորեն չհիասթափվելու համար): Նա է գնալու բանակցությունների: Հիմա նրան խանգարե՞լ, թե ՉԽԱՆԳԱՐԵԼ (կամ այլ կերպ ասած` թուլացնե՞լ, թե չթուլացնել): Այո կամ ոչ:
4. Եվ վերջապես: Չի կարելի ամբողջ գիտակցական կյանքն ապրել մեկ այլ գործչի քննադատելով ու ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԱՌԱՋԱՐԿԵԼՈՎ: Խնդրեմ, ներկայացրեք, ձեր ծրագիրը, դիրքորոշումը, ճգնաժամից դուրս գալու պլանը: Քայլ առաջին, քայլ երկրորդ, քայլ երրորդ և այլն: Իսկ ծրագիր դուք ՉՈՒՆԵՔ, հետևաբար, էն ինչ ասում եք, կարելի է կոչել գյալաջի, մուննաթ, լաց, հավայի զրույց, ինչ կուզեք, բայց ոչ՝ ծրագիր: Հետևաբար ձեր ասածներում կա ամեն ինչ, բացի ՀԱՅԱՍՏԱՆԻ ու ՂԱՐԱԲԱՂԻ, մեր ժողովրդի նկատմամբ ունեցած ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ: Մի մոռացեք. խոսքը ինչ-որ մի օրինագծի, կամ մեր կենցաղին վերաբերող հարցի մասին չէ: Խոսքը Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության, մեր ժողովրդի, սահմանին կանգնած մեր հերոս տղեքի ապագայի մասին է:

Հ.Գ. 1 Այն ինչ գրել եմ, չի վերաբերում հասարակ քաղաքացիներին, ովքեր կարող են էմոցիոնալ նայել հարցերին և ունենալ ցանկացած կարծիք: Նրանք ազատ են մտածել, ինչպես կուզեն: Խոսքը վերաբերում է այն գործիչներին, ովքեր հայտ են ներկայացնում կամ արդեն ներկայացրել են` մեր ժողովրդին «տանելու» դեպի պայծառ ապագա:

Հ.Գ. 2 Մեկ էլ ում-ում, բայց Կոնգրեսին մի «լուսավորեք», թե ինչպիսի իշխանություն ունենք: Ախպոր պես»:

 

Նախորդ հոդվածը‘Դատախազը գործարար Հայրապետյանի համար 7 տարվա կալանք է պահանջում’
Հաջորդ հոդվածը‘Զոհված մեր հերոս զինվորականների ամբողջական ցանկը’