‘Արման Մուսինյան. Ցանկացած պահի Կոնգրեսը պատրաստ է կրկին դուրս գալ փողոց’

2918

2015 թվականին կարելի է առանձնացնել երկու կարեւոր քաղաքական իրադարձություն: Այն, որ Սերժ Սարգսյանը ապօրինի ուժի սպառնալիքի միջոցով քաղաքական դաշտից հեռացրեց Գագիկ Ծառուկյանին, եւ սահմանադրական հանրաքվեն, որը անցավ բազմաթիվ խախտումներով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: «Քարոզչության ընթացքը եւ արձանագրված խախտումների ծավալը ցույց տվեցին, որ քաղաքացին շատ լավ հասկանում է, թե այս ամենով Սերժ Սարգսյանը եւ իր թիմը ինչ շահեր են հետապնդում: Անկախ արձանագրված արդյունքներից՝ սա կարելի է լուրջ հաղթանակ համարել: Ես ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայ ազգային կոնգրեսը մաս կազմեց այդ պայքարին եւ ունեցավ իր ներդրումը»,- ընդգծեց Արման Մուսինյանը :

Անդրադառնալով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե մասսայական կեղծիքներ տեղի չեն ունեցել, Արման Մուսինյանը նշեց. «Արդար քաղաքական ուժը պետք է բոլոր ձեռքերով կողմ լիներ կեղծիքները բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում, սակայն դա տեղի չունեցավ: Այժմ 47 քրեական գործ է հարուցված, ինչը նշանակում է, որ 47 տեղամասերում տեղի են ունեցել խախտումներ, սակայն Հանրապետական կուսակցությունը այդպես էլ չի արձագանքել դրան, ինչը նշանակում է, որ հենց իրենք են իրականացրել այդ կեղծիքները»: Մուսինյանը հայտնեց նաեւ, որ առաջիկա օրերին Կոնգրեսը ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդագրություններ կներկայացնի:  

«Ցավոք, ընտրություններն անվավեր ճանաչելու իրավական մեխանիզմները այժմ սպառված են: Այն խմբակցությունները, որոնք հայտարարել էին, թե ընդդիմադիր են, չստորագրեցին դիմումի տակ, չմիացան իրենց հասարակությանը: Այսինքն՝ նրանք չեն համարձակվում այս ճակատում պայքարել Սերժ Սարգսյանի դեմ կամ ուղղակի օգնում են Սերժ Սարգսյանին՝ խուսափել հայցի քննությունից»,- ընդգծեց Արման Մուսինյանը՝ պատասխանելով iLur.am-ի հարցին: Վերջինս խորհուրդ տվեց ընթերցել Սահմանադրության մասին նույն անձանց ելույթները մեկ տարի առաջ եւ հիմա:

Կոնգրեսի խոսնակի խոսքով՝ հանրաքվեի օրը հասարակությունն ասաց իր վճռորոշ խոսքը: Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու Կոնգրեսը չի միանում «Նոր Հայաստանի» բողոքի ակցիաներին՝ Արման Մուսինյանը հայտարարեց, որ մինչեւ հանրաքվեն երկու ուժերը համագործակցել են միմյանց հետ, սակայն այժմ մարտավարության հետ կապված կան տարբեր կարծիքներ: Նա հավելեց, որ Հայ ազգային կոնգրեսը միշտ կողմ է եղել փողոցային պայքարին եւ ցանկացած պահի պատրաստ է կրկին դուրս գալ փողոց:

Նախորդ հոդվածը‘ՔԿ. Բացահայտվել է բուքմեյքերական գրասենյակում տեղի ունեցած սպանությունը’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Էսքան ուրախ կյանքը մեզ արդյոք ո՞վ է նվիրել»’