‘Ֆրանսուա Միտերանի խորհրդականը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հայաստան կատարած այցի մասին ‘

3155

Լույս է տեսել ֆրանսիացի հայտնի քաղաքական գործիչ Լուի Ժուանեի (ծնվ. 1934թ.) հուշերի գիրքը (Editions la Decouverte, Paris, 2013, 351p.)։ Իր երկարամյա գործունեության ընթացքում Ժուանեն եղել է մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի անկախ փորձագետ, Ֆրանսիայի նախագահ Միտերանի եւ հինգ սոցիալիստ-վարչապետների քաղաքական խորհրդական, իսկ մամուլի կողմից արժանացել է «Արդարադատության ոգի» պատվավոր կոչմանը։ Հայ ընթերցողի համար Ժուանեի գիրքը հետաքրքրություն է առաջացնում այն հանգամանքի շնորհիվ, որ ընդգրկում է Հայաստանին ու նրա առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին նվիրված հետեւյալ ենթագլուխը (էջ 216–218), որը ներկայացնում ենք Անահիտ Մեսրոպյանի թարգմանությամբ։ Նշենք, որ Ժուանեի գրքում մի ենթագլուխ էլ նվիրված է ԱՍԱԼԱ-ի գործունեությանը, որին թերեւս անդրադառնանք մի այլ առիթով։

Երիտասարդ, անկախ Հայաստանի նախագահի կողքին

Չեմ մտնում «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեի, որի ստեղծմանը ժամանակին նպաստել եմ, ոչ էլ Ֆրանսիայի կողմից 1915 թ. Ցեղասպանության ճանաչման մանրամասների մեջ, որ ի մեծ գոհունակություն իմ՝ տեղի ունեցավ 2001 թ. (2013 թ. հարցը դեռեւս բուռն զարգացումներ է ունենում, որոնց այլեւս որոշակի վերապահումներով եմ մոտենում): Ասեմ պարզապես, որ 1980-ականների վերջին Արեւելյան Եւրոպայում, հատկապես՝ Կովկասում, իրադարձությունները սրընթաց զարգացում էին ապրում: Օգտվելով Խորհրդային Միության վերջնական փլուզմանը տանող ճգնաժամից՝ Հայաստանի անկախության կողմնակիցները ջանում էին արմատական փոփոխություններ իրականացնել երկրում: 1988 թ. դեկտեմբերին ՀՀՇ-ի (Հայոց համազգային շարժման) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ձերբակալվեց՝ հայտնվելով մոսկովյան բանտում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից վիճարկվող Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի դեմ բողոքելու համար: Շատ արագ Փարիզում մենք ստեղծեցինք այդ նշանավոր այլախոհի պաշտպանության հզոր կոմիտե: Տեր-Պետրոսյանն ազատ արձակվեց 1989 թ. մայիսի 31-ին, եւ այդ պահից ի վեր՝ նա հայտնվեց շահեկան դիրքում՝ Հայաստանում նախատեսվող նախագահական ընտրություններում (վերջապես՝ առաջին ազատ ընտրություններում) հաղթելու համար:

Սակայն առողջական մի խնդիր կարող էր խոչընդոտել նրա առաջադրմանն ընտրություններին: Ուստի նրա պաշտպանության փարիզյան կոմիտեն եւ Թերապեւտների (Բժիշկների) արհմիությունը, որին մասնակցում էր կինս, համատեղ նախաձեռնեցինք կազմակերպել նրա բուժական այցը Ֆրանսիա: Բուժումից եւ ապաքինումից հետո նա միանգամայն առողջ վերադարձավ Երեւան, որտեղ 1991 թ. հոկտեմբերին ընտրվեց, իսկ 1996-ին վերընտրվեց նախագահի պաշտոնում:

Իսկ 1994 թ. (ես այդ ժամանակ Ելիսեյան պալատում խորհրդական էի դարձել) մեզ անակնկալ էր սպասվում՝ օդանավի երկու տոմս՝ Հայաստան այցելելու համար: Լեւոն Տեր-Պետրոսյանն այն մարդը չէր, որ իշխանության հասնելուց հետո մոռանար նրանց, ովքեր իրեն սատարել էին իր դժվար պահերին: Ոչ էլ նրա կինը՝ Լյուդմիլան, որը համակրանքով էր վերաբերվում տիկնոջս: Մենք չէինք պատկերացնում, որ նա մեզ իր տանն է հյուրընկալելու, եւ որ այդ երկարատեւ այցելությունը Հայաստան փայլուն ընթացք է ունենալու, եթե նույնիսկ հաշվի առնենք նախագահական նստավայրի ավելի քան համեստ պայմանները եւ սպարտական (խստակյաց) հանդիսավորությունն այն ժամանակվա Հայոց պետության, որը փորձում էր ոտքի կանգնեցնել իր երիտասարդ անկախությունը (ինչը բարդանում էր ավերիչ երկրաշարժի պատճառով): Ուստի ավելի քան հաճելի եւ հուզիչ էր հանդիպել հայերի, որոնք ցանկանում էին ողջունել «30-րդ պարագրաֆի» առթիվ համառողին։ Ընդունելությունն առավել ջերմ էր Լեռնային Ղարաբաղում՝ ծաղկեփնջեր կնոջս, մեր պատվին ակորդեոնի նվագակցությամբ դիմավորում գյուղերում:

Քանի որ համարում էի, որ այստեղ եմ գտնվում մասնավոր այցի շրջանակներում եւ Հայաստանի նախագահի անձնական հյուրն եմ, մտքովս անգամ չէր անցել հրաժարվել յուրաքանչյուր հայի սրտին այդքան թանկ այդ խորհրդանշական տարածք այցելելուց: Սակայն որպես Ֆրանսուա Միտերանի խորհրդական՝ դա որոշակի դիվանագիտական խնդիր էր առաջացրել: Բանն այն է, որ Ադրբեջանի տարածքի փաստացի զբաղեցումը Հայաստանի կողմից ոչ ՄԱԿ-ը, ոչ էլ Ֆրանսիան ու Եւրոպան չեն ճանաչել: Ուստի Ելիսեյան պալատի դիվանագիտական խորհրդականը հարկ համարեց զանգահարել ինձ եւ ափսոսանք հայտնել այն «նախաձեռնության» կապակցությամբ, որ հանդես էի բերել՝ այցելելով մի վայր, որտեղ Ֆրանսիայի ոչ մի ներկայացուցիչ չի կարող պաշտոնապես ոտք դնել, քանի դեռ հայ-ադրբեջանական վեճը լուծում չի գտել:

Քանի որ Բաքվի իշխանությունները «բացատրությունների համար» իրենց մոտ էին հրավիրել Ֆրանսիայի դեսպանին, խորհրդականն ինձ զգուշացրեց, որ իմ վրիպումի հետեւանքով ծայր առած հաղորդագրությունների փոքրիկ «պատերազմի» պատճառով ինքը ստիպված է այդ մասին իրազեկել նախագահին: Սակայն Ֆրանսուա Միտերանը մեծ կարեւորություն չտվեց այդ թեթեւ դիվանագիտական սայթաքմանը, նույնիսկ Ֆրանսիայի համար համակեցության այդ բարդ ժամանակաշրջանում (թրգմ.՝ նկատի ունի սոցիալիստ Միտերանի եւ աջ վարչապետ Շիրակի համակեցությունը): Ինչպես հետո ինձ փոխանցեցին՝ Միտերանը ժպտալով ասել էր. «Ոչինչ, թող անի: Դա Ժուանեին շատ նման է»:

Իր կողմից՝ Ժակ Շիրակն էլ չէր փորձի օգտվել այդ միջադեպից՝ չթունավորելու համար համակեցության մթնոլորտը, հաշվի առնելով «հայկական քվեի» նկատմամբ նրա հատուկ վերաբերմունքը: Ի դեպ, ես դրանում համոզվեցի հաջորդ տարի, երբ նա Միտերանին փոխարինեց Ելիսեյան պալատում, Տեր-Պետրոսյանի՝ որպես Հայաստանի նախագահ այցի ընթացքում: Այցը պաշտոնական ամենաբարձր մակարդակով էր՝ դրան պատշաճող շքեղ ջահերի լույսով ողողված ճաշկերույթով: Եւ, անշուշտ, իր անձնական հյուրերի ցանկում Տեր-Պետրոսյանը ներառել էր նաեւ իմ անունը: Եւ ահա, որպես խորհրդական՝ Ելիսեյան պալատը թողնելուց քիչ ժամանակ անց ես կրկին հայտնվեցի այնտեղ: Ժակ Շիրակը նվազ զարմացած էր, քան նրա տիկինը՝ Բեռնադետը՝ տեսնելով, թե ինչպես է Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը գրկախառնվում տիկնոջս հետ, մինչ ես ողջագուրվում էի իր հյուրի հետ: Իրեն բնորոշ շիտակ ու բարձր տոնով, ժպիտը դեմքին, Շիրակն ասաց. «Բարի գալուստ, պարոն գլխավոր փաստաբան»: Իսկ Ելիսեյան պալատի արարողակարգի բաժնի պետը, որ մեզ ուղեկցում էր մեզ համար նախատեսված տեղերը, ականջիս ասաց. «Իսկապես որ, Ժուանե, երբ թվում է, թե դուք դռնով դուրս եք եկել, դուք արդեն իսկ պատուհանով ներս մտած եք լինում»:

«Չորրորդ Իշխանություն», 25.10.2013թ.

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ղարաբաղի շուրջ օղակը սեղմվում է’
Հաջորդ հոդվածը‘«ԱրմենՏելի» հերթական անբարեխիղճ մրցակցության դեպքը. Ընկերությունը տուգանվել է 20 մլն դրամ ‘