‘Արմեն Մովսիսյանը, օֆշորային ընկերությունը և հարկային արտոնությունները’

2207

Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունները վաղուց արդեն ապացուցել են, որ հեռու են պետական մտածողությունից այնքան, որքան նապաստակը քաջությունից կամ Հյուսիսային Կորեան՝ ժողովրդավարությունից:

Արդեն հայտնել ենք, որ կառավարությունը հարկային արտոնություններ և այլ կարգի սուպերարտոնություններ է տրամադրել մի վրացական ընկերության, որը Հայաստանում, չգիտես ինչու, գազային էլեկտրակայան է կառուցելու: Հիմա էլ պարզվում է, որ «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ն գրանցված է ոչ թե Վրաստանում կամ Մեծ Բրիտանիայում, ինչպես ենթադրում էին ոմանք, այլ… Այո, շատ ճիշտ էլ կռահեցիք. բնականաբար, ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում՝ Վիրջինյան կղզիներում:

Եվ սա դեռ քիչ է, շարունակում են համառ լուրեր պտտվել, որ այս կասկածելի ընկերության ետևից երևում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի ականջները: Իսկ այստեղ ամենակարևորն այն է, որ նա, ոչ ավելի, ոչ պակաս, Սերժ Սարգսյանի խորհրդականն է:

Եվ ահա այստեղ հասկանալի է դառնում, թե ինչու Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում` համարյա թաց աչքերով, հուզված դեմքով և դողդոջուն ձայնով հայտարարեց, թե նման կառույցի, այն է՝ գազային էլեկտրակայանի անհրաժեշտությունը մեր երկիրը շատ ունի, և որ դա ոչ միայն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, այլև ՀՀ կառավարության խնդիրն է:

Ահա այսպես: Ինչպես ասում են` ձեռքերի ճարպկություն և ոչ մի խարդախություն: Ջրային էլեկտրակայաններ, ջերմային էլեկտրակայաններ, ատոմակայան ունեցող երկրին, պարզվում է, անհրաժեշտ է անչափ վտանգավոր գազային էլեկտրակայան, որը նույնքան վտանգավոր է նաև էկոլոգիայի առումով: Բայց սա դեռ մի կողմ. պարզվում է, որ օֆշորում գրանցված ընկերությանը տրամադրվելու են աննախադեպ արտոնություններ:

Եվ այսքանից հետո ինչպես չհիշես պետական բյուջեի, այլ կերպ ասած, մեր՝ հարկատուներիս հաշվին կառուցվող մասնավոր դպրոցի մասին, որն իբր պետք է գործի Դիլիջանում, ինչպես չհիշես օֆշորային սկանդալի մասին, որի գլխավոր հերոսը հայտնվեց ԱՄՆ-ում:

Իսկ մերօրյա հերոսը՝ Արմեն Մովսիսյանը, պատրաստվում է իր շեֆի՝ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ հսկայական միջոցների տեր դառնալ: Ի դեպ, Արմեն Մովսիսյանն, ինչպես պնդում են ամենալավատեղյակ աղբյուրները, արդեն իսկ հսկայական միջոցներ ունի: Եւ եթե Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, որ տեղյակ չէ, թե ով է Վանաձորի քիմիական գործարանի սեփականատերը, որի աշխատակիցներն աշխատավարձ չեն ստանում, ապա Վանաձորում անգամ դպրոցականները գիտեն, որ սեփականատերը հենց Արմեն Մովսիսյանն է:

Ի դեպ, Արմեն Մովսիսյանն ամենազգուշավոր և մութ կյանք վարող պաշտոնյաներից է: Եթե շատ նախարարներ գոնե որոշ չափով խոստովանում են իրենց հարստության մասին, ապա Արմեն Մովսիսյանը մեր ժամանակների և մեր երկրի Կորեյկոն է: Նա իր հայտարարագրում որևէ անշարժ կամ շարժական գույք, արժեթուղթ կամ ներդրում, թանկարժեք գույք չի հայտարարագրել: Ավելին, նախկին նախարարը և Սերժ Սարգսյանի գործող խորհրդականը նույնիսկ գոնե մեկ մարդատար ավտոմեքենա չի հայտարարագրել: Հայտարարագրում նշված է, որ նախկին նախարարի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում և վերջում` կազմել են 15 հազար ԱՄՆ դոլար:

Եվս մի ուշագրավ և կարևոր փաստ. Արմեն Մովսիսյանի եղբայրը Թաթուլ Մարգարյանն է, որը 2005-ից ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն էր, իսկ այս տարվանից Հայաստանը ներկայացնելու է Բելգիայում և ԵՄ-ում: Ի դեպ, նա նույնպես այնպիսի հայտարարագիր է ներկայացրել, որ շատերը ակամա կցանկանան նրան օգնության ձեռք մեկնել:

Նախորդ հոդվածը‘Միսուրիում երկրորդ սեւամորթի սպանությունից հետո իրադրությունը շարունակում է լարված մնալ ‘
Հաջորդ հոդվածը‘Հեֆերնը Ղարաբաղի հարցով «լուրջ բանակցություններ» սկսելու կոչ է անում’