‘Արսեն Գրիգորյան․ Հեղափոխությունը չի ավարտվի, եթե նույնիսկ ավարտվի Փաշինյանը’

4273

Հակահեղափոխականները «սորտ» են։ Գրեթե անթերի պատկերացնում են հեղափոխության անելիքը։ Ասենք, սրան-նրան բռնելու փոխարեն կոչ են անում «օգտվել իրավիճակ փոխելու հնարավորությունից»։

Այսինքն, իրավիճակ փոխել Գեղամ Պետրոսյանին հանգիստ թողնելու գնով։ Ասենք, կոռուպցիայի դեմ պայքարել Միհրան Պողոսյանից հեռու մնալով՝ մարդը բիզնես էր անում, ի՞նչ էիք ուզում նրանից։ Այսինքն, փաստորեն գիտեին, թե ինչպես պետք է արվի հեղափոխությունը։ Վարչապետն ասում է, որ պետությունն այնքան կոռումպացված էր, որ եթե կոռուպցիան հանես, տակը պետություն չի մնում, անկեղծորեն զարմանում են։ Զարմանում են, որովհետեւ հոգու խորքում իսկապես չեն կարողանում կոռուպցիան ու պետությունն առանձին պատկերացնել։

Նրանց զարմանքի մեջ չարախնդոց կա։ Իբր, դեռ մեր մեթոդները քեզ՝ վարչապետ, պետք են գալու։ Պետք են գալու, որովհետեւ Իջեւանի անտառները կոտորելուն այլընտրանք չունես, միայն խոսքերդ են։ Չարախնդում են, որովհետեւ Ռուսաստան գնացողն էլի գնում է, որովհետեւ գերիշխող դիրք ունեցողն էլի ունի, որովհետեւ Թեղուտն ու Ամուլսարն այլընտրանք չունեն, իսկ Ստամբուլյան կոնվենցիան այս չարախնդոցի զարդն է։ Իբր, ա՛յ էդ ժամանակ Փաշինյանը կհասկանա, թե ում հետ գործ ունի՝ հանձին իր ժողովրդի։ Սակայն էս մարդիկ մի քանի կարեւոր բան հաշվի չեն առնում։ Առաջինն այն է, որ հեղափոխության առաջին օրից քաղաքացին ինքն է որոշում, թե ինչ պետության մեջ է ապրելու. կոռուպցիա կուզի՝ կստանա կոռուպցիա, չի ուզի՝ չի ստանա։ Երկրորդը. կուզի էստեղ աշխատանք կհնարի, չի ուզի՝ կգնա Ռուսաստան։

Հիմա Ռուսաստան գնալու մեջ խուճապ չկա. ժամանակին քաղաքացուն ցույց էին տալիս Իջեւանի անտառներն ու Սեւանի ձուկը եւ ասում՝ կոտորեք ու թալանեք, ձեր ձեռքը բռնող չկա, բայց ձեզ արգելվում է ունենալ սեփական ձայն, սեփական քվե։ Հիմա նրան հստակ ասում են՝ պետությունը սպառելու համար չէ, հանգիստ թողեք անտառները, Սեւանի ձուկը եւ արեք՝ ինչ ուզում եք։ Ձեզ համար քաղաքացու թույլ տեղը սոցիալական վիճակն է, իբր ի՞նչ է առաջարկում Փաշինյանը։ Եթե անգամ Փաշինյանը շատ հեռու չի նայում, նա փորձում է առնվազն հետ չնայել, նա փորձում է իր քաղաքացուն ցույց տալ, թե ինչ դեֆորմացիայի է ենթարկվել նրա ներաշխարհը վերջին 20 տարում։ Գուցե դա հասկացնելը նրան դժվար է տրվում, բայց նրա գործողություններում քաղաքացիներից իր «հագով» կոստյում ստանալու նենգությունը չկա։

Դուք ուզում եք տեղավորվել նրա անզորության մեջ, որպեսզի հարկ եղած դեպքում նրան «սովորեցնեք» պետություն կառուցել, դուք ուզում եք Փաշինյանից ստանալ միջին վիճակագրական «Սերժ Սարգսյան»։ Ու ձեր «հաղթաթուղթը» քաղաքացին է։ Ես չգիտեմ, թե ինչու է քաղաքացին «ոգեւորում» անցյալը ռեանիմացնելու ձեր գոյությունը, բայց ինձ թվում է, որ սխալ դաշտ եք մտել։ Դուք սերունդներ եք խառնում, դուք մոռանում եք, որ բոլորովին այլ սերունդ է եկել, որի՝ ձախողման մասին պատկերացումները ձեզնից չի սկսվում, այլ՝ արդեն Փաշինյանից։

Այսինքն, նոր սերունդը ձեր ձախողումներով չի դատելու Փաշինյանի անհաջողությունների մասին, նա դատելու է իր սպասումներով, որոնք սնուցել է հենց Փաշինյանը։ Այսինքն, էլի այդ սերնդի հենակետը հեղափոխությունն է, որը չի ավարտվի, եթե նույնիսկ ավարտվի Փաշինյանը։ Ա՛յ, սա դուք չեք հաշվարկել։

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ. Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով’