‘Արսեն Վենգեր. Իբրահիմովիչը կունգ-ֆուի վարպետ է’

785

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, որ շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը 16 տարեկանում կարող էր հայտնվել «Արսենալում»:

«Մենք իսկապես հետեւում էինք Իբրահիմովիչին, երբ նա 16 տարեկան էր: Նա եկավ մեր մարզաբազա, սակայն չցանկացավ, որ իրեն նախնական ստուգեինք: Նա վերադարձավ տուն, իսկ մենք շարունակեցինք հետեւել նրան:

Իհարկե, ես ցանկանում էի նրան մեր թիմում տեսնել,  սակայն նա ընտրեց «Այաքսը» եւ կարողացավ աճել, մեծ վարպետ դառնալ, փայլուն կարիերա ստեղծել:

Անգլիայի հավաքականին խփած Զլաթանի գոլը պարզապես ֆանտաստիկ էր: Ես սիրում եմ թիմային գործողությունների արդյունքում խփված գոլերը, սակայն նման դրվագները էքստազի մեջ են գցում:

Սովորական մարզիկը նման գոլ չի կարող խփել: Նման բան կարող է անել միայն յուրահատուկ ֆուտբոլիստը: Այդպես ցատկելու համար անհրաժեշտ է հատուկ ճկունություն եւ ֆիզիկական ամրություն: Պատահաբար չեն ասում, որ Զլաթանը կունգ-ֆուի վարպետ է»,- Վենգերի խոսքն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Գերմանիայում կստեղծվի հատուկ ծառայությունների իրազեկիչների միասնական ռեեստր’
Հաջորդ հոդվածը‘Նոյեմբերի 21-ին կհրավիրվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ ‘