‘Արտակ Դավթյանը՝ վարչապետի հայտարարության և գիտելիքներ չունեցող ԱԺ պատգամավորների մասին ‘

1235

«Այն, ինչ ասել է ՀՀ վարչապետը, ես նմանատիպ պատասխան և մոտեցում  լսել եմ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում զեկուցող Թոնի Լոյդի զեկույցում, որտեղ աղքատության պատճառներից մեկը նշվում է կրթության պակասը, որը ոչ միայն աղքատության պատճառներից է, այլ նաև տնտեսական ճգնաժամի պատճառներից: Պատճառներից մեկը միանշանակ այն է, ինչը նշել է վարչապետը»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը՝ մեկնաբանելով վարչապետի այն արտահայտությունը, թե  ՀՀ-ում մարդիկ աղքատ են,  նաև որովհետև գիտելիքների պակաս կա:

Ըստ նրա՝ իհարկե, գիտելիքի ու կրթության պակասը կամ ոչ բավարար մակարդակը նպաստում է աղքատության ավելացմանը. դա աքսիոմատիկ ճշմարտություն է, սակայն դա միակ պատճառը չէ:

Պատասխանելով այն հարցին, թե այդ դեպքում ինչով ՀՀԿ-ական պատգամավորը կբացատրի այն փաստը, որ ՀՀ ԱԺ-ում կան մարդիկ, ովքեր առհասարակ չունեն բարձրագույն կրթություն կամ էլ ստացել են այն բավական ուշ տարիքում՝ Արտակ Դավթյանն ասաց.

«ԱԺ-ն մեր հասարակության հայելին է, արտապատկերը, արտացոլումը, էն, ինչը որ մեր հասարակությունն է, արտապատկերված կամ արտացոլված է Ազգային ժողովում: Էն, որ, առաջինը, ասում ենք, որ կրթության, գիտելիքի պակասն է բերում որոշակի բացասական հետևանքների, այդ թվում՝ և աղքատությանը: Դրանից հետո ասում եք՝ ոնց կբացատրեք, որ ներկայացուցչական մարմնում նաև կան որոշակի մարդիկ, ովքեր չեն ստացել կամ հետագա տարիներին են ստացել կրթություն: Կասեմ, որ միանշանակ առաջինից բխում է երկրորդը»,- եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նախորդ հոդվածը‘«Մալագայի» ֆուտբոլիստները վերջապես աշխատավարձ են ստացել’
Հաջորդ հոդվածը‘Կանադայի ոստիկանությունը հանցագործներին բացիկներ է ուղարկել’