‘Արտակ Զեյնալյանը արժանացել է «Ազատության պաշտպան» մրցանակին’

1032

Երեկ Երևանում կայացել է «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն» ամենամյա միջոցառումը, որի ընթացքում 7 անվանակարգերում հայտարարվել են մրցանակակիրների անունները։ Մրցանակակիրների անունները ներկայացնում ենք ըստ epress.am կայքի:

«Մեդիա գերազանցության» մրցանակին արժանացել է «Հետք» թերթը՝ հետաքննական լրագրության և մարդու իրավունքների լուսաբանման մեջ ականավոր լրատվական պրոֆեսիոնալիզմի համար:

«Քաղաքացիական ակտիվություն» մրցանակը շնորհվել է «Չենք վճարելու 150 դրամ» քարոզարշավի կազմակերպիչներին՝ հանրային որոշումների կայացման մեջ թափանցիկության և հաշվետվողականության հետապնդման նշանավոր ջանքերի համար:

«Ազատության պաշտպան» մրցանակը տրվել է իրավապաշտպաններ Արա Ղազարյանին և Արտակ Զեյնալյանին՝ մարդու իրավունքների պաշտպանության մեջ նշանակալի ջանքերի համար:

«Խիզախ կին» մրցանակը շնորհվել է «Կանանց ռեսուրսային կենտրոնին»՝ կանանց իրավունքների ու գենդերային հավասարության խթանմանն ուղղված համարձակ պաշտպանության համար:

Բանակում մարդու իրավունքների առաջխաղացմանն ուղղված նշանակալի ջանքերի համար «Կառավարման բարեփոխիչ» մրցանակը հանձնվել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանին:

Քարահունջ համայնքի բնակչության առաջնորդման գործում իր նշանակալի ջանքերի և համայնքը առավել բարեկեցիկ դարձնելու համար «Տեղական կառավարման բարեփոխիչ» մրցանակին է արժանացել Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը:

«Համայնքային ծառայություն» մրցանակը տրվել է Երևանի մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն Լաուրա Մովսիսյանին՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին վերականգնողական ծառայությունների մատուցմանն ուղղված նշանակալի ջանքերի համար:

Ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Եվրոպայի խորհուրդի, «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ»-ի, ԵՄ պատվիրակության, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, Բրիտանիայի և ԱՄՆ-ը դեսպանատների համատեղ ջանքերով:

Նախորդ հոդվածը‘Հայտնի է Արցախում զոհված սերժանտի անունը’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է ՀՀ-ում սպանված ժամկետային զինծառայողի անունը’