‘Արտակ Նազարյանի գործ. Եթե սպանությունները շարունակվում են, դա դատարանների մեղքն է’

1266

Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը` Գ. Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, մերժեց լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռի դեմ բերված բողոքները: 

Բացի տուժողներից` վերաքննիչ բողոք էին ներկայացրել նաև գործով երկու ամբաստանյալները` Հակոբ Մանուկյանը և ՎահագնՀայրապետյանը: Վերաքննիչ բողոքի հեղինակները պահանջում էին բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը` այն ուղարկել նոր քննության կամ արդարացնել գործով մեղադրվող ամբաստանյալներին:   

Բողոքաբերները միջնորդել էին, որպեսզի Վերաքննիչ դատարանում գործը քննվի վերաքննության կարգով, այսինքն հնարավոր լինի քննարկել նաև նոր փաստական հանագամանքներ, քանի որ թե տուժող և թե պաշտպանական  կողմերն, իրենց պնդմամբ, զրկված են եղել առաջին ատյանում օբյեկտիվ դատավարություն իրականացնելու հնարավորությունից և մի շարք կարևորագույն հանգամանքներ քննության չեն առնվել կամ չեն պարզաբանվել: 

Սակայն Վերաքննիչ դատարանը գործն ընդունել էր վճռաբեկության կարգով և մինչև այսօրվա նիստը հետաձգում էր վերաքննության կարգին անցնելու քննարկումը: 

Նիստի սկզբում մեղադրող դատախազին տրվեց հնարավորություն արտահայտել դիրքորոշում վերաքննության կարգին անցնելու անհրաժեշտությունը հիմնավորող միջնորդությունների վերաբերյալ, որոնք ներկայացրել էին պաշտպանական և տուժող կողմի ներկայացուցիչները: 

Դատախազ Հարությունյանն իր այս խոսքում ևս «անդավաճան» մնաց իր ոճին`չանդրադառնալով միջնորդություններում   բերված շատ կետերի և դրսևորելով անհարգալից վերաբերմունք մյուսկողմերի նկատմամբ: 

Մեղադրողը պնդեց, որ կողմերի ներկայացրած միջնորդություններն անհիմն են, քանի որ դրանց վերաբերյալ առաջին ատյանում քննարկում է եղել, ինչպես նաև դրանք   նոր հանգամանքներ գործի համար բացահայտել չեն կարող: 

Գործի համար կարևորագույն նշանակություն ունեցող դատահոգեբանական փորձաքննության վերաբերյալ դատախազն ասաց, որ կրկնակի փորձաքննության անհրաժեշտություն չի կարող լինել, քանզի փորձագետը եզրակացություն է կազմել քննիչի հավաքած փաստական տվյալների վրա հիմնվելով: 

«Պաշտպանները միջնորդություններում առկա շատ տվյալներ սուբյեկտիվ են գնահատել, իսկ շատ փաստարկներ էլ նրանց երևակայության արդյունքն են», պնդեց Հարությունյանը: 

Վերջինս իր խոսքի մեջ դրսևորեց նաև դատաձգաբանին հատուկ ունակություններ`պնդելով, որ Նազարյանի բաճկոնի դատաձգաբանական փորձաքննություն իրականացնելու կարիք չկա, քանի որ հագուստի վրա առկա անցքը չէր կարող լինել կրակոցի արդյունք: 

«Դու փորձագե՞տ ես, այ տղա՛», դատախազի խոսքերին բարկացած արձագանքեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը՝ պնդելով, որ դատախազը հանցագործ է և պետք է պատասխանատվության ենթարկվի. 

«Երկու տարի է ասում եմ, որ դատախազությունը կոռումպացված է, եթե այդպես չէ, թող ինձ պատասխանատվության ենթարկեն»: 

Դատախազը պնդեց, որ վերաքննության կարգին անցնելու հիմքեր չկան, չեն ներկայացվել մինչև այժմ չքննարկված միջնորդություններ: 

Ի վերջո` Վերաքննիչ դատարանը  որոշում կայացրեց, գրեթե կրկնելով դատախազի կարծիքը: Դատավոր Մելիք-Սարգսյանը հայտարարեց, որ վերաքննության կարգով գործը քննելու միջնորդությունը մերժվում է, քանի որ հիմքեր չկան,  բոլոր միջնորդություններում բերված  պահանջները շարադրված են նաև բողոքներում և դատական ակտ կայացնելիս դրանք քննվելու են: 

«Վերաքննիչ դատարանն իրեն պահեց ոչ միայն ոչ պրոֆեսիոնալ, այլև ակնհայտ քաղաքական պատվերի շրջանակներում`ամեն անգամ մեզ ընդհատելով, սահմանափակելով մեր`կարծիք արտահայտելու իրավունքը», ասաց Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը, նշելով, որ  դատավորները, կարծես,  շատ շտապում էին գնալ ճաշելու: 

«Ես  չէի պատկերացնում, որ դատավորները կարող են դատարանի նկատմամբ այդպիսի անհարգալից վերաբերմունք դրսևորել, նրանք ապացուցեին, որ իրենք թքած ունեն արդարադատության վրա, մենք բերել էինք բազմաթիվ փաստեր, թե ինչպես են նախաքննական մարմինն ու առաջին ատյանի դատարանը ամեն ինչ արել, որ կոծկվի Արտակ Նազարյանի սպանությունը:  Վերաքննիչ դատարանն ապացուցեց, որ իրենք շատ ավելի էժան ու անորակ կերպով են կատարում պատվեր, քան Տավուշի մարզի առաջին ատյանի ողորմելի դատարանը», ասաց Նազարյանը: 

Այդուհանդերձ, Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանն, ասաց, որ  թեև իրենք հույսեր չեն կապում Վճռաբեկ դատարանի հետ, այդուհանդերձ, դիմելու են նաև այդ ատյանին, որպեսզի տեղական դատական ատյանները սպառելուց հետո դիմեն Եվրոպական դատարան: 

«Մենք մինչև վերջ ենք գնալու,եթե մինչև այսօր զինվորների սպանությունները շարունակվում են, ուրեմն դա նման դատարանների մեղքն է, եթե Արտակի գործով պատժվեին իրական մեղավորները, ապա նրանից հետո նմանատիպ այլ դեպքեր չէինք ունենա», ասաց Արտակ Նազարյանի մայրը: 

 Արտակ Համբարձումյան

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների լրատվական կայք

www.jfhr.am

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավոր. Արտագաղթը, իսկապես, մեր հիմնական խնդիրներից մեկն է ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետի այցը Գազա հետաձգվել է’