‘Արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի հետ քննարկել է արցախյան հիմնախնդիրը ‘

935

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինին: Այս մասին iLur.am-ին հայտնում են Արտգործնախարարությունից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի և Միացյալ Նահանգները բարեկամական գործընկերությունը ներառում է արդյունավետ համագործակցություն ամենատարբեր ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էրիկ Ռուբինն ընդգծեց, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում գործընկերությունը Հայաստանի հետ և շարունակելու է համակողմանի փոխգործակցության զարգացումը: Նա հավելեց, որ համագործակցության ոլորտներն արագ տեմպերով ընդլայնվում են և այդ համատեքստում կարևորեց երկխոսությունը քաղաքական, տնտեսական, պաշտպանական ոլորտներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան քաղաքական և տնտեսական բնագավառներում փոխգործակցության զարգացման հարցերին, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հոկտեմբերի 18-ին կայանալիք նիստին։

Նախարար Նալբանդյանը և Էրիկ Ռուբինը քննարկեցին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ընդգծեց, որ ԱՄՆ-ը բարձր է գնահատում հայկական կողմի կառուցողական դիրքորոշումն այս հարցում, Հայաստանի հանձնառությունը հակամարտության կարգավորմանը հասնելու բացառապես բանակցային ճանապարհով:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ:

Նախորդ հոդվածը‘Բրյուսելում նախաստորագրվեցին Հայաստանի և ԵՄ միջև մուտքի վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերը ‘
Հաջորդ հոդվածը‘Դենիս Թումասյանը կոտրել է ոտքը’