‘«Արևմտամենթերի» նոր հայտնագործությունը’

2216

Ուկրաինայի դեպքերը առիթ հանդիսացան մեկ անգամ ևս վերլուծելու, թե ինչո՞ւ Արևմուտքը 2008 թվականին որևէ կերպ չանդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող  գործընթացներին, իսկ Ուկրաինայում այժմ ամեն կերպ աջակցում է փողոց դուրս եկած ժողովրդին՝ և՛ ֆինանսապես, և՛ լրատվական աջակցությամբ, և՛ ճնշում գործադրելով Ուկրաինայի իշխանությունների վրա: 

Այս ամենը տեղի է ունենում այն դեպքում , երբ ընտրություններ չեն կեղծվել, բանակը ժողովրդի դեմ դուրս չի բերվել, իշխանությունները սպանություններ չեն կազմակերպել: Ուստի, տրամաբանական հարց է առաջանում, եթե Հայաստանում այսպիսի սարսափելի բաներ են տեղի ունեցել, ու որևէ կերպ Արևմուտքը չի անդրադարձել, կամ էլ անդրադարձել է այնպես, որպեսզի չխանգարի գործող իշխանություններին, ապա ինչո՞ւ է այդքան խիստ վարվում Ուկրաինայի իշխանությունների դեպքում:

Եվ այս հարցի պատասխանը մեր «արևմտամենթերը», ովքեր որևէ ծպտուն չհանեցին Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանը ՄՄ-ին միանալու ժամանակ, գտան այն բանում, թե իբր 2008-ի Հայաստանի համաժողովրդական շարժումը պրոռուսական էր, դրա համար էլ Արևմուտքը որևէ բան չարեց, քանզի Արևմուտքը չէր ուզում մի ռուսական ուժին փոխարինել մեկ այլ ռուսական ուժով:

Երբ ժողովուրդը կեղծված ընտրությունների պատճառով դուրս է գալիս փողոց, ի՞նչ պրոռուսականության կամ պրոարևմտամետության մասին է խոսքը: Ուրիշ բան, եթե որևէ շարժում հայտարարում է հակառուսականության կամ հակաարևմտամետության մասին, նա անմիջապես հայտնվում է այս կամ այն բևեռի «պաշտպանության» տակ և օգտագործվում այդ բևեռի կողմից: 

Հայաստանի համաժողովրդական շարժման առավելությունն էլ հենց այն էր, որ այդ շարժումը որևէ բևեռի ազդեցության տակ չընկավ և չդարձավ այս կամ այն գերտերության խամաճիկը: Իհարկե, շարժումը հաղթանակի չհասավ, սակայն պահպանելով իր ինքնուրույնությունը՝ կարողացավ ցույց տալ, որ հայաստանակենտրոն ուժերի համագործակցության միջոցով, առանց դրսի միջամտության՝ հնարավոր է ժողովրդական ալիք բարձրացնել, ու եթե իշխանությունները պետականությունը վտանգելու միջոցով բանակը չներգրավեին քաղաքական գործընթացներին, ապա շարժումը կպսակվեր հաղթանակով:

Ինչ վերաբերում է պրոռուսականության մասին բարբաջողներին, մի փոքր հիշեցում անեմ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Ելցինի արած հայտարարությունից, որտեղ ՌԴ նախագահը նշում է, որ մի քանի անգամ առաջարկել է Տեր-Պետրոսյանին խառնվել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, սակայն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է: 

4 февраля 1998 года,  президент Ельцин, очень оперативно отреагировавший на отставку Левона Тер-Петросяна, заявил:”Я сожалею, что он ушел, он работал спокойно, и мы хорошо сотрудничали в рамках СНГ. В течение последних месяцев я имел несколько телефонных разговоров с ним. мы посылали посредников, хотели помочь ему, ибо он создал вокруг себя круг людей, которые были против него, но он отказался от нашей помощи” 

1998 թվականի փետրվարի 4-ին նախագահ Ելցինը, որը շատ օպերատիվորեն արձագանքեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին, հայտարեց. «Ես ցավում  եմ, որ նա հեռացավ: Նա աշխատում էր հանգիստ, եւ մենք շատ լավ համագործակցում էինք ԱՊՀ շրջանակներում: Վերջին ամիսների ընթացքում ես նրա հետ մի քանի հեռախոսազրույց եմ ունեցել, մենք միջնորդներ ենք ուղարկել, ցանկացել ենք օգնել նրան, քանզի նա իրեն շրջապատել էլ մարդկանցով, որոնք նրան դեմ էին, սակայն, նա հրաժարվեց մեր օգնությունից»:

 

Եթե Տեր-Պետրոսյանը թույլ տար, որ Ռուսաստանը կամ Արևմուտքը խառնվեն Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներին, ապա նա ոչ միայն 2008-ին իշխանության կգար, այլ նաև 1998-ին հրաժարական չէր տա՝ հանուն Հայաստանի ինքնիշխանության պահպանման:

Իսկ երբ «արևմտամենթերը» փորձում են ռուսականության մեջ մեղադրել մի ուժի, որն ամեն ինչ արել է, որպեսզի Հայաստանը պահպանի իր անկախությունը, համոզվում ես, որ նրանք ոչ թե արևմտյան արժեքների կրող են, այլ անբարոյականության մարմնավորումներ, ովքեր հանուն Սերժ Սարգսյանի տված մի քանի կոպեկի՝ պատրաստ են ուրանալ և՛ երկրի անկախությունը, և՛ երկրի ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունը:

Չնչին տրամաբանություն ունենալու դեպքում՝ Հայաստանի և Ուկրաինայի գործընթացների տարբերությունը տեսնելու համար հերիք էր միայն նայեին քարտեզին և կտեսնեին, որ ի տարբերություն Հայաստանի՝ Ուկրաինան գտնվում է Եվրոպայի սրտում և տասնապատիկ ավելի մեծ նշանակություն ունի  Արևմուտքի և Ռուսաստանի համար, և անկախ ամեն ինչից, այս երկրների ուշադրությունը ավելի մեծ պետք էր լինել Ուկրաինայի հանդեպ, քան Հայաստանի: Ու պետք չէ այս պարզ փաստը տեսնելու փոխարեն տարատեսակ հիմարություններ մոգոնել:

Միսակ Մարտինյան  

Նախորդ հոդվածը‘Տոնածառի տոնին էլ գլխաքանակ ապահովեց «վարչական ռեսուրսի» հաշվին’
Հաջորդ հոդվածը‘ՍԴ-ը սկսել է ուսումնասիրել ԱԺ չորս խմբակցությունների դիմումը’