‘Ա. Մանուկյանը կոչ արեց դեմ քվեարկել. Ջհանդամ, թե փեսեն չի բերել (տեսանյութ)’

2256

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախագիծը հանրության շահին դեմ է, Ազգային ժողովում հայտարարեց Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ գովազդի դաշտի կարգավորումը շուկայական տնտեսության պարտադիր բաղադրիչներից մեկն է: Իսկ գովազդի բնագավառում աղաղակող թերացումները, ըստ պատգամավորի, այդ դաշտում մոնոպոլ դրսեւորների հետեւանքն է: Արամ Մանուկյանի խոսքով, դաշտում չկա մրցակցություն, ինչն առաջաղցրել է մի շարք թերություններ:

«Քանի անգամ պնդել ենք, որ գովազդի ձայնը բարձրացնելը հակացուցված է առողջապահության տեսանկյունից: Դա սթրես է առաջացնում` քնած  մարդուն կարող է արթնացնել, հիվանդ մարդուն սթրեսի մեջ գցել եւ այլն: Մեր գովազդներից մեծ մասը հակացուցված է երեխաներին ցուցադրելու համար: 3 րոպեի ընթացքում 5 անգամ մեկ գովազդը ցույց տալը հակացուցված է ընդհանրապես», — նշեց պատգամավորը` որպես անընդունելի եւ անճաշակ գովազդի օրինակ մեջբերելով «տղամարդու կաշվից» կանացի կոշիկի գովազդը:

Արամ Մանուկյանի խոսքով, հեռուստատեսությամբ ինտենսիվորեն գովազդվում են հարմարավետ ավտոբուսներով դեռպի Ռուսաստան երթուղիները, փաստացի` գովազդվում է արտագաղթը, մարդու արտահանումը, տեղահանումը: «Ամենեւին պատահական չէ, որ անցած տարի ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով 42 հազար մարդ դուրս է եկել Հայաստանից», — նշեց պատգամավորը:

Նա կոչ արեց մեծամասնության ներկայացուցիչներին` քվեարկեք խղճի թելադրանքով, ոչ թե Գալուստ Սահակյանի:  «Մեկ անգամ ձեր դիրքորոշման համաձայն քվեարկեք, ջհանդամը, թե փեսեն չի բերել էս նախագիծը: Սա օրենք չի, սա հակահասարակական, հակաառողջապահական օրենք է», — եզրափակեց Արամ Մանուկյանը:

Նախորդ հոդվածը‘Նոր նշանակումներ դատական դեպարտամենտում’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ գլխավոր դատախազն այսուհետ հաղորդում կներկայացնի ԱԺ-ին’