‘Ա. Մանուկյան. Մեկուկես տարի օրախնդիր հարցերը թողած՝ իշխանությունների «քյալլագյոզությունն» ենք քննարկում’

1434

Հայաստանը ֆիզիկապես սպառվում է, իսկ մենք արդեն տարիուկես շեղել ենք մեր ուշադրությունը երկրի օրախնդիր հարցերից ու կենտրոնացել ենք իշխանությունների «քյալլագյոզության»՝ սահմանադրական փոփոխությունների վրա, Մեդիա-կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նա տեղեկացրեց, որ նախօրեին վերադարձել է Վրաստանից, որտեղ հանդիպել է տեղի բոլոր հիմնական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ այն ուժի, որի իշխանության օրոք տեղի ունեցավ անցում կիսանախագահական համակարգից խորհրդարանականի:

«Իրենք փոշմանել են: Վրաստանն այսօր լուրջ խնդիրներ ունի ե՛ւ տարածաշրջանում, եւ տնտեսական, եւ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում, եւ նրանք խոստովանում են, որ խորհրդարանական համակարգը, ինքնին լինելով լավը, այս պահին պատեհ չէ, չեն կարողանում այս համակարգով աշխատել», — ասաց Մանուկյանը:

Նա կրկնեց Կոնգրեսի տեսակետը՝ այս պայմաններում ողջ քաղաքական դաշտը տակնուվրա անող ռադիկալ փոփոխությունների անցումը նպատակահարմար չէ:

«Մեր գլխավոր մտահոգությունը կիսապատերազմական վիճակն է: Մենք հանդիպումներ ենք ունեցել ավելի քան 40 համայնքում, շուրջ 1400 հոգու հետ, եւ որեւէ մեկը «այո»-ի կողմնակից չէ: Ես ընդամենը հարց եմ տալիս՝ ո՞ւմ էր պետք այս «քյալլագյոզությունը»: Մենք տարիուկես, մոռացած մեր բյուջեն, բլոր խնդիրները, արտագաղթի՝ անվտանգության քանակն անցնող տեմպերը, աղքատության ահագնացող մակարդակը, սահմանադրություն ենք փոխում: Այն դեպքում, երբ գործող Սահմանադրությունը կարգուկանոնը պահպանում է: Արդյո՞ք Սահմանադրությունն ասում է, որ ԱԺ 66 պատգամավորները պետք է բիզնեսներ ունենան: Եթե իշխանությունը քաղաքական կամք չունի՝ Սահմանադրությունն աշխատեցնելու, փոխելու իմաստը ո՞րն է: Փոխելու նպատակը ո՞րն է՝ կոռուպցիա՞ն է վերանալու, թե՞ այն կոռումպացված պաշտոնյաները, որոնք Սերժ Սարգսյանի կամ  Հովիկ Աբրահամյանի կամքով հանյտնվել են կառավարությունում», — ասաց պատգամավորը:

 

 

Նախորդ հոդվածը‘Աշոտյանի հաղորդումը «Այո»-ի մասին. Medialab’
Հաջորդ հոդվածը‘Մենք ասում ենք՝ տունը քանդվում է, դուք ասում եք՝ միջանցիկ քամի է. Արամ Մանուկանի բանավեճը Արծվիկ Մինասյանի հետ ‘